«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից հերթականը վերաբերում է Քոչարյանի իշխանության ավարտին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Ուշագրավ է, որ 2006թ. փաստագրված երկու զեկուցագրերը, որոնք հեղինակվել են ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթոընի Գոդֆրեյի կողմից, քննարկում են ԲՀԿ ստեղծման ու գործունեության խնդիրները:
Փաստաթուղթն առավելապես կարեւորվում է այն պատճառով, որ թույլ է տալիս պատկերացում կազմել կոնկրետ գործիչների պահվածքի, քաղաքական առաջնահերթությունների ու իրական նպատակների շուրջ:
Այսպես՝ Էվանսը նկատում է, որ 2004թ. ամռանը հիմնելով ԲՀԿ-ն՝ դրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքական լուրջ հավակնություններ է սկսել ցուցադրել միայն երկու տարի անց: Դիվանագետը արձանագրում է, որ մարզերում կուսակցության գրանցած հաջողությունները գլխավորապես պայմանավորված են Հովիկ Աբրահամյանի՝ այդ շրջանում ՀՀ տարածքային կառավարման նախարար աշխատելու հանգամանքով: Դեսպանը հիշատակում է այդժամ ԲՀԿ ստեղծման գաղափարով ոգեւորված Վիկտոր Դալլաքյանին, ով պատրաստվում էր ակտիվ դերակատարություն ստանձնել ԲՀԿ ներսում:
Ուշագրավ է, որ ամերիկացիների առաջ Ծառուկյանի ու նրա կուսակցության քայլերից իր դժգոհությունն է արտահայտել ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, ով ներկայումս հանդիսանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր: Վերջինս անձնական զրույցի ընթացքում նշել է, որ ԲՀԿ-ն մարզերում օգտագործում է վարչական հսկայական ռեսուրսներ, ինչը նույնիսկ լավ ֆինանսավորված կուսակցություններին մրցակցությունից դուրս է թողնում: Եվ այն, որ այսօր Արսենյանն, ըստ էության, համալրել է ԲՀԿ-ի շարքերը (թեեւ ունի սեփական կուսակցությունը՝ ՄԱԿ-ը), կարող է նշանակել, որ կա՛մ ԲՀԿ-ն այլեւս չի օգտագործում անհավասար մեթոդներ ու չի խոչընդոտում ազնիվ մրցակցությանը, կա՛մ էլ Արսենյանն ինքն է համակերպվել գործող խաղի կանոններին՝ շարունակելով մնալ վերոհիշյալ կարծիքին:
Ինչեւէ, Էվանսը 2006թ. արձանագրում է, որ Ծառուկյանը սերտորեն կապված է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Մի շարք ընդդիմադիրների ու Ծառուկյանի միավորումը Էվանսը համարում է անորոշ՝ մեծ փողն ու մեծ գաղափարներն «ամուսնացնելու» պոտենցիալով հանդերձ: Ի դեպ, նախկին դեսպանը հիշատակում է նաեւ ՕԵԿ-ին՝ արձանագրելով, որ այս կուսակցությունը Սերժ Սարգսյանի աջակցության բացակայության պարագայում լուրջ դժվարություններ կունենա անհրաժեշտ թվով ընտրողների իր կողմը գրավելու ու մեծ խաղացող դառնալու հարցում: Հատկանշական է, որ դիվանագիտական շրջանակներում դեռ 2006թ. սկզբներից էր հստակ ՕԵԿ-ի ու Սերժ Սարգսյանի «հաճախորդային» առնընչությունների հանգամանքը:
Այսուհանդերձ, շարունակելով ԲՀԿ-ի թեման՝ Գոդֆրեյն արդեն 2006թ. սեպտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել նախկին ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանի հետ ու քննարկել քաղաքական իրավիճակը: Վերջինս պնդել է, որ Հայաստանում իշխանություն-ընդդիմություն պայքար այլեւս չկա, այն վերաճել է «կրիմինալ-հակակրիմինալ» մենամարտի՝ հանձին ՀՀԿ-ԲՀԿ դիմակայության: Նա հավելել է, որ վերոնշյալ պայքարի արդյունքում էլ պարզ կլինի՝ արդյո՞ք Հայաստանում կրիմինալին կհաջողվի մնալ իշխանության գլուխ:
Դիվանագետը, սակայն, տարօրինակ է համարում, որ Դալլաքյանը համառորեն առանձնացնում է Քոչարյանին, ինչը հակասության մեջ է այլ գործիչների պնդումների հետ, թե Սարգսյան-Քոչարյան զույգը միաձույլ է ու անբաժան: Նշենք, որ ժամանակին Սերժ Սարգսյանի «ղումար խաղալու» մասին հայտարարություններ անող Դալլաքյանը ներկայումս հանդիսանում է նրա պաշտպանն ու ԲՀԿ-ի ընդդիմախոսներից մեկը:
Հատկանշական է նաեւ Գոդֆրեյի մեկնաբանությունը, ըստ որի՝ ԱԺ-ի մեծամասնական տեղերը հիմնականում զբաղեցնում են ոչինչ չանող օլիգարխները, որոնք գնում են ընտրողների ձայները՝ որպես փոխհատուցում ստանալով խորհրդարանականի կարգավիճակ ու անձեռնմխելիություն:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում