Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորանի» այգում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»:
Փառատոնին մասնակցելու համար եկել էին Հայաստանի տարբեր շրջանների մեր հայրենակիցները, զբոսաշրջիկներ, դեսպաններ:
«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ, փառատոնի կազմակերպիչ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն երրորդ անգամ անցկացվող այս փառատոնը կայացած է:
Նրա խոսքով` սա որոշակի տնտեսական նշանակություն ունի տարածաշրջանի համար, ներկայացվում է տեղական արտադրանքը և նպատակը տարածաշրջանում մի շարք մշակաբույսերի, մեղրի արտադրությունը խթանելն է ու ընդլայնելը:
«Այսօր մենք ավելի համեղ և ներկայանալի մեղր ունենք, քան երեք տարի առաջ»,-նկատեց Հայկ Չոբանյանը` հավելելով.
«Համոզված եմ, որ ամեն տարի կնշվի Շամշադինի ամենաքաղցր, միևնույն ժամանակ ոգեղեն միջոցառումը»:
Միջոցառման ընթացքում հնարավորություն ունեցանք համտեսել նաև շամշադինյան անարատ մեղրը: Տեղի բնակիչներից մեկը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեղու պահելը բարդ է, դա մասնագիտություն է.
«Եթե սիրես` կարող ես, եթե չսիրես` չես կարող: Եվ, եթե օգուտ ես ստանում, ուրեմն հեշտ է, իսկ, եթե աշխատում ես, ու բերքը չի վաճառվում` դժվար է: Բայց, դե կառավարությունը պետք է օգնի: Մեր տարածաշրջանն ի վիճակի է մեկ միլիոն ընտանիքի մեղրով ապահովել»,-ասաց մեր զրուցակիցը:
Ներկա էին նաև հրավիրյալ կազմակերպություններ, օրինակ Սևանից: Ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց կողմից արտադրված մեղրն արդեն արտահանվում է Եվրոպա:
Ավելին, այս բարդ աշխատանքը դյուրացնելու համար ձեռք են բերել մեղր քամող սարք, իսկ մնացածն արվում է մարդկային ռեսուրսներով:
Բացի մեղրից ներկայացված էր նաև պտուղ-բանջարեղեն և, ինչպես բնորոշում էին բնակչները` առանց քիմիկան հավելումների:
Անի Կարապետյան
Կարդացեք` նաև Կնոջս 10 կգ հայկական մեղր եմ խոստացել. ԱՄՆ դեսպան