Հրապարակը գրում է․ Հարցազրույց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։
- Սրբազան հայր, հարցազրույց էիք տվել 24-նյուզին, հիմա ընդդիմադիր շրջանակները քննադատում են Ձեզ, թե ո՞նց կարող էիք ասել՝ «եթե այս իշխանությունը վերանայի իր քաղաքականությունը, ներողություն խնդրի իր սխալների համար, ապաշխարհի, ճիշտ ուղու վրա կանգնի, թող մնա»։ Ժամանակին կոշտ հայտարարություններ եք արել իշխանության հասցեին, պահանջել եք, որ հեռանան, ի՞նչ տեղի ունեցավ Ձեզ հետ։
- Մարդիկ պիտի հայերեն իմանան, հայոց լեզվին տիրապետեն։ Իմ ասածն այն է, որ մեր գերխնդիրը այս իշխանությանը կամ այն իշխանությանը հեռացնելը, կամ բերելը չի, մեր նպատակը երկրի փրկությունն է։ Սրան -նրան հանել, մեկ ուրիշին դնելը չի մեր նպատակը։ Ապաշխարությունն այս իմաստով է, որ եթե այս իշխանությունը երկիրը կարող է փրկել, կարող է հատուցել այն վնասը, ինչ հասցրել է, հայրենիքը վերադարձնի, կարող է մնալ։ Զարմանալին այն է, որ էն կողմը վիրավորվել է, որ ես իրենց ապաշխարության եմ կոչում, այս կողմն էլ վիրավորվել է, որ ասել եմ՝ ապաշխարելու դեպքում, կարող են մնալ։ Սա խոսում է մեր քաղաքական դաշտի ողջ սնանկության, պարապության եւ ծայրահեղ սենտիմենտալիզմի մասին։ Մեկը հուզվել է՝ ոնց թե ապաշխարենք, թող ինքը ապաշխարի, էս կողմը հուզվել է՝ ոնց պիտի մնան, թող հեռանան։ Է հեռացնող եք` հեռացրեք, ինչի՞ չեք հեռացրել մինչեւ հիմա։ Իրենք արդեն հեռացրել էին իշխանությանը, հասցրել էին իրավիճակն այն աստիճանի, որ իշխանությունը պիտի հեռանար եւ Միքայել Սրբազանն իր հայտարարությամբ ի դերեւ հանեց էդ բոլոր փորձերը։ Ինչքա՞ն կարելի է մանկամիտ լինել, ես զարմանում եմ։
- Մայր տաճարի վերաօծմանը, Գերագույն հոգեւոր ժողովի որոշմամբ, հրավիրվել են նաեւ իշխանականները՝ Փաշինյանն այդ թվում։ Հիշեցնեմ՝ եկեղեցին պահանջում էր իշխանության հեռացումը։ Այս համատեքստում որքանո՞վ է ընկալելի իշխանականներին հրավիրելը։
- Շատ ընկալելի է, որովհետեւ իրենք են իշխանությունը, ժողովրդի ընտրած իշխանությունն իրենք են, մենք էլ օրվա իշխանությանը հրավիրում ենք՝ կգան, թող գան, չեն գա՝ ավելի լավ, այ քեզ բան։
- Այս քայլով եկեղեցին իշխանություններին հաշտվելու ձեռք է մեկնո՞ւմ։
- Բացարձակապես, սա եկեղեցական մեծ արարողություն է, պատշաճ է, որ օրվա իշխանությունը ներկա լինի։ Հարյուր տարի անց պատմության առաջ պատասխան ենք տալու։
- Ասում եք՝ եթե իշխանությունը կարող է վերադարձնել հայրենիքը, թո՛ղ մնա։ ՔՊ-ի քաղաքականության մեջ տեսնու՞մ եք Արցախը վերադարձնելու ցանկություն։
- Իհարկե, չեմ տեսնում, դրա համար էլ այդ խոսքը ասել եմ։ Հնարավոր չի իրենց ապաշխարությունը, չեք տեսնո՞ւմ , որ անգամ այդ բառի վրա են գժվել, հարձակվել։ Էս կողմից հարձակվել են, էն կողմից հարձակվել են, կարծես թե ես էլ վախեցա իրենց կամ մյուսների հարձակումներից։ Շունը հաչում է, քարավանը գնում է։ Ես ինչ ասում եմ, ասում եմ՝ ամենայն լրջությամբ, վստահությամբ, բայց նաեւ տողատակերով։ Ովքեր ի վիճակի չեն այդ տողատակերը հասկանալ՝ իրենց խնդիրն է։ Ես իրենց ուսուցիչը չեմ, որ բացատրեմ։ Իմ ասածի մեջ ո՛չ պարտվողական, ո՛չ նահանջողական, ո՛չ փոփոխական որեւէ բան չկա։
- Նախկինում ասում էիք՝ այս իշխանությունը պետք է հեռանա, հիմա՞ էլ եք այդպես ասում։
- Իհարկե, պետք է հեռանա, որովհետեւ ո՛չ ապաշխարելու է ընդունակ, ո՛չ էլ կապաշխարի։ Բայց ի՞նչ կա չհասկանալու՝ մեր գերագույն նպատակը նրանց հեռանալը չէ, եթե պիտի գնան, խայտառակ մեկ ուրիշ իշխանություն գա՝ Սյունիքն ու Գեղարքունիքն էլ հանձնի, անշուշտ, պիտի մնան իրենք։ Վաղը եթե գա մի մեծ փորձանք, որ ավելի շատ կորցնենք՝ ի՞նչ եք ասելու, չեք ասելո՞ւ՝ ավելի լավ է այն իշխանությունը մնար։
- Իսկ եթե այս իշխանությունը մնա ու Գեղարքունիքն ու Սյունիքն էլ հանձնի՞։
- Մենք տեսնում ենք, բա դրա համար էլ ասում ենք՝ հեռացեք, բայց հեռանալը ինքնանպատակ չի։ Իրենց հեռանալու դեպքում պիտի գա լավ իշխանություն, եթե չկա` հեռանան ի՞նչ անեն։
- Բագրատ Սրբազանը լավ իշխանության առաջարկ է անում։
- Բա չեք բերում իշխանության, սատարեք` բերեք իշխանության, չեք սատարում։ Դու տեսնու՞մ ես հանրային կոնսոլիդացիան, չկա այն։ Ես ասել եմ՝ լավատես չեմ, վատատես էլ մնում եմ։
- Դուք շարունակու՞մ եք աջակցել, թեւ ու թիկունք լինել Բագրատ Սրբազանին։
- Իհարկե, աջակցում եմ, իհարկե, թեւ ու թիկունք եմ` այնքանով, որքանով կարող եմ։