▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ ենք ազատագրվելու այս ինքնավստահ տգետներից ու սեփական կարծիքին սիրահարված անուսներից...

Հեռուստաընկերություններից մեկի եթերով հաղորդում էր հեռարձակվում՝ ,,Մշակութային վանդալիզմ,, խորագրով: Ուշադրությունս գրավեց: Իհարկե, վանդալիզմի ոչ մի օրինակ չբերվեց: Հաղորդմանը մասնակցում էին արժանավոր ու գիտակ մարդիկ՝ ճարտարապետների միության նախագահ, ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետ, հնագետ...
Իսկ հաղորդումը, կամ՝ բանավեճը, վարում էր մի տիկին, որի դեմքն ինձ շատ ծանոթ թվաց: Հիշեցի, որ ավարտել է թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը: Եթե չեմ սխալվում՝ բժշկական մասնագիտություն էլ ունի: Բայց այս տիկինը դատախազի կեցվածքով գնահատում ու դաս էր տալիս բոլորին, մասնավորաբար քննադատում մշակույթի նախարարությանը՝ չհասկանալով, որ ոչ միշտ է քննադատությունը տեղին: Որ ոչ բոլորս ենք պարտավոր լսել իր գերդիլետանտական մտքերը...
Ուշադրությունս գրավեց մի միտք, որն այս տիկինն անընդհատ տարփողում էր. ցանկացած տաճարի վերականգնման դեպքում պետք է ունենալ համայնքի համաձայնությունն ու կարծիքը, մշակութային խնդիրներին վերաբերող բոլոր քննարկումներին պետք է մասնակից դարձնել ժողովրդին, բոլոր մշակութային ծրագրերը կյանքի կոչելուց առաջ պետք է հարցնել ժողովրդի կարծիքը...
Այսինքն, եթե նկարիչը ցուցահանդես է բացում՝ պիտի հանրաքվե կազմակերպի ու հարցնի ժողովրդի կարծիքը...
Եթե թատրոնը պիես է ընտրում բեմադրության՝ պետք է հանրաքվե կազմակերպի...
Մշակույթի նախարարությունը բոլոր ծրագրերը կյանքի կոչելուց առաջ պետք է հանրաքվե կազմակերպի...
Տեր Աստված, ե՞րբ ենք ազատագրվելու այս ինքնավստահ տգետներից, կիսատ-պռատ իմաստուններից, ամեն ինչի մասին խոսող թերուսներից, սեփական կարծիքին սիրահարված անուսներից...

 

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее