Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանին , Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանին
Մեծարգո պարոն նախագահ
Խնդրանքով Ձեզ են դիմում Վաղարշապատի առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանի կողմից չորս տարվա ազատազրկման դատապարտված Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ Դավիթ Մնացականյանի 4 երեխաները:
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի ամայի մի տարածքում, մաշված ու լքված մի տնակում չորս երեխաներով ապրում ենք ՝ հնարավոր բոլոր ռիսկերի դեմ մեն-մենակ, անհույս ու անօգնական: Մայրական սեր ու գուրգուրանքից զուրկ ենք մեծացել, բայց այդ բացը փորձել է լրացնել մեր հայրը՝ Դավիթ Մնացականյանը, ով այս պահին գտնվում է անազատության մեջ և շուտով կլրանա երկրորդ ամիսը, որ զրկված ենք մեր միակ կերակրողից:
2015թ. ապրիլին գյուղում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մեր հայրը իր պատիվը շոշափող խոսակցության ժամանակ դանակահարել էր համագյուղացուն և դատապարտվել չորս տարվա ազատազրկման:
Մեծարգո պարոն նախագահ
Ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ առաջին ատյանի դատարանն անմարդկային որոշում է կայացրել՝ պարտադրելով երկրորդ անգամ զգալու որբության համը:
Հաշվի չեն առնվել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ, ինչպիսիք են՝ դանակահարված համագյուղացու չբողոքելը, Դավիթ Մնացականյանի բարոյական կերպարը, չորս երեխաներիցս մեկի անչափահաս լինելու փաստը, երկվորյակ որդիների զորակոչային տարիքն ու, վերջապես, անտեր ու անօգնական վիճակում հայտնված մեր միայնակ մնալու տխուր հեռանկարը: Ցանկանում ենք, որ Վերաքննիչ դատարանը խղճով մոտենա Դավիթ Մնացականյանին եւ հաշվի առնվեն առկա մեղմացուցիչ հանգամանքները, եւ մեղմ վճիռ կայացվի։