Asekose.am-ի զրուցակիցն է միշտ ինտրիգներով լի ու հակասական, միայն իրեն բնորոշ կարճ ու գրագետ հումորով, վտանգավորի մասին համարձակ խոսելու ոչ բոլորին հատուկ կարողությամբ Էդգար Կոստանդյանը: Նրա գրականության սիրահարները կարող են հանգիստ շունչ քաշել. Կոստանդանը վերջապես ավարտեց իր նոր վեպը:
Էդգար, Բերձորում կատարված դեպքերի մասին շատ արվեստագեներ հանդես եկան հայտարարություններով ու կոչերով: Դուք կարծես թե լուռ մնացիք:
- Իսկ ինչու՞ պիտի լուռ չմնայի: Հիմա ով չի ալարում, իր տափակ, բութ կարծիքը փաթաթում ա ժողովրդի վզին:Ես իմ սեփական տեսակետն ունեմ էս հարցի շուրջ, որը չեմ ուզում հանրայնացնել:
Ամեն դեպքում, եթե խոսք գնաց, կարելի է նաև արտահայտվել:
- Խոսք չգնաց, խոսք բացեցիք(ծիծաղումէ-Ա.Մ.): Ինձ էս թեման դուր չիգալիս: Տգեղ, ամոթալի բան ստացվեց: Ինձ համար երկու կողմերն էլ մեղավոր էին: Որ Սեֆիլյանի ակցիան ծայրից ծայր դատարկություն էր, դա բոլորս էլ հասկացանք, բայց արցախցի ոստիկանների արածը նույնպես անթույլատրելի էր: Չէր կարելի ձեռք բարձրացնել մի մարդու վրա, որն էդ նույն Արցախի համար ավելի շատ բան ա արել, քան հայաստանցի ու արցախցի թրաշով գեներալները միասին վերցրած:
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս ազդեց այս միջադեպը Սեֆիլյանի վարկանիշի վրա:
- Անկեղծ ասած, ես Սեֆիլյանի վարկանիշով երբեք չեմ հետաքրքրվել, բայց որ էս դեպքն իրեն բավականաչափ հեղինակազրկեց, դա միանշանակ է: Երբ ուսանող էինք, Սեֆիլյանը դեռ փակի տակ էր ` ԿԳԲ-ի պադվալում: Հիշում եմ, շատ ու շատ երիտասարդների համար Սեֆիլյանը բացարձակ հեղինակություն էր: Նման մարդը պիտի մի քանի անգամ ավելի շատ կշռադատի, ծանր ու թեթև անի իր անելիքները, քան մյուսները: Չեմ հասկանում, ինձ կանչել եք, որ Սեֆիլյանից ու ղարաբաղցի միլիցեքից խոսե՞ք:
«Ձմռան վերջին օրը».այսպես է կոչվում Ձեր նոր վեպը, որն արդեն պատրաստ է հրատարակության: Գրքի հիմքում մարտի մեկի դեպքերն են: Կարծես թե սա այս թեմայով առաջին գեղավեսական գործն է: Կմանրամասնե՞ք:
- Չեմ կարող ասել` առաջինն է, թե չէ, նման տեղեկություն չունեմ: Մարտի մեկը վեպում առկա գծերից, ուղղություններից մեկն է ընդամենը:
«Որբանոց» վեպը բում առաջացրեց ընթերցասեր հասարակության ու նաև գրականության ոլորտի մասնագեների շրջանում, գրքի մասին մինչ այսօր չի դադարել աղմուկը: Ի՞նչ եք կարծում, նոր վեպը կգերազանցի՞ նախորդի հաջողությունը:
- Չգիտեմ: Հավատացեք, էդ մասին չեմ մտածել, չեմ էլ ուզում մտածել: «Որբանոցն» արդեն իր առանձին կյանքով ապրում է, հույս ունեմ դեռ երկար կապրի:
- Ամեն դեպքում, նուրբ ու վտանգավոր թեմա եք ընտրել: Մտավախություն չունե՞ք վերևներում խնդիրներ ունենալու հետ կապված:
- Ես ներքևների դարդն եմ(ժպտումէ-Ա.Մ.):
- Հարցազրույցը երեք անգամ ընդհատեցիք հեռախոսի պատճառով: Անընդհատ սիգարետ եք ծխում ու խոսում հեռախոսով:
- Բա ի՞նչ անեմ, սիգարետով խոսեմ, հեռախոսս ծխե՞մ:
- Ուրախ եմ, որ ճանաչեցի Ձեզ:
- Ես էլ եմ ուրախ, որ ճանաչեցիք ինձ(ծիծաղումէ-Ա.Մ.):
Հեղինակ` Արփի Մուրադյան