Եզակի կադրերը նկատել են «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆի տեսուչները՝ բեզուարները բեզոարյան այծերը «գրավել» են Նորավանք վանական համալիրի տանիքը:
Բեզոարյան այծը սնամեջ եղջյուրավորների ընտանիքի կճղակավոր կենդանի է: Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։
Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստան ընկած տարածաշրջանը: ՀՀ-ում ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրիի լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբեր պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտանի կիրճում, Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:
Տեսակն ընդգրկված է Կարմիր գրքում «Խոցելի» կարգավիճակով:
Նորավանքը (Ամաղու Նորավանք) Հայ առաքելական վանքային համալիր է, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։