Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ հրապարակային ու կուլիսային ելույթներում վստահեցնում են, թե ցեղասպանության 100-րդ տարելիցին պատրաստվել են ըստ արժանվույն: Նույնիսկ անցած տարվա օգոստոսին Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ռեսուրս չենք խնայելու, որպեսզի ավելի ճոխ ներկայացնենք իրականությունն ամբողջ աշխարհին»: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ օրերս կայացած իր ասուլիսում հայտարարեց, թե ինքը ճառ ասող չի, այլ զանգ կախող է: Սակայն երեկ հերթական անգամ բախվեցինք իրականությանը եւ տեսանք, թե ինչքան անկազմակերպ ենք գործում մեր երկրի արտաքին ճակատում: Ստրասբուրգում ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի դատական լսումը, եւ այդ առիթով Եվրադատարանի դիմաց երեկ հավաքվել էին շուրջ 2.000 թուրքեր եւ ադրբեջանցիներ՝ Եվրոպայի մի շարք երկրներից: Նրանց գործողությունները նախապես կազմակերպված էին, ցուցարարների մեջ էին նաեւ դեսպաններ: Այսինքն՝ պետական մակարդակով թուրքերը պատրաստվել էին այդ վճռական դատին նաեւ շենքից դուրս: Իսկ Հայաստանից Եվրադատարանի առաջ մոտ 30 մարդ էր հավաքվել, պաշտոնատար անձինք էլ չկային: Բա հետո էլ ասում եք, թե «ճոխ զանգ կախողներ» եք:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ նաև ստորև.
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿԱԽԱԾ ԶԱՆԳԸ ԵՎ 30 ՀՈԳԱՆՈՑ ԱԿՑԻԱՆ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մոտեցող այս պատմական ժամանակաշրջանում բավականին կարեւոր էր երեկ Ստրասբուրգի՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում շարունակված թուրք գործչի քննությունը:
Հիշեցնենք, որ երեկ Ստրասբուրգում ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի դատական լսումը: 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Թուրքիայի Աշխատանքային կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության այն բանի համար, որ նա Հայոց ցեղասպանությունը ժխտել էր: Վուդի Կանտոնի վերաքննիչ դատարանը եւ Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
Իսկ ահա 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցը եւ նրան անմեղ համարել՝ մատնանշելով խոսքի ազատության կարեւորությունը: Սակայն Շվեյցարիայի Կառավարությունը մարտի 17-ին հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ:
Երեկ Փերինչեքը ելույթ է ունեցել ՄԻԵԴ-ում եւ ասել, որ հավաքվել են Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության համար: Նա կրկին հայտարարել է, թե 1915-ի հարցը վիճելի է, եւ մեջբերել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եւ հայ մտավորական Սեւան Նիշանյանի խոսքերը, որոնք նշել են, թե «հայ եւ թուրք շրջանակները միմյանց հանդեպ դաժանություններ են իրականացրել»:
«1915-ի դեպքերը «ցեղասպանության» հասկացության մեջ չեն տեղավորվում, դա են ապացուցում գիտական փաստարկներն ու դատարանին ներկայացված 90 կգ կշռող փաստաթղթերը»,- կրկին հայտարարել է թուրք գործիչը՝ կրկնելով այն մտքերը, ինչի համար Շվեյցարիայի դատարանի կողմից պատժվել էր:
Թե այսքանից հետո ինչ վճիռ կկայացնի եվրոպական դատարանը, դժվար է ասել՝ հաշվի առնելով եվրոպական արժեքները հաճախ ոտնահարելու մինչ այս եղած փաստերը: Բայց մյուս կողմից չի բացառվում, որ Թուրքիային «ծնկի բերելու» համար եվրոպացիները որոշեն հօգուտ Հայաստանի վճիռ կայացնել՝ ճիշտ համարելով Շվեյցարիայի դատարանի կայացրած վճիռը: Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում:
Աներկբա է, որ այս գործը մեծ կարեւորություն ունի ե՛ւ մեր, ե՛ւ Թուրքիայի համար: Armlur.am-ի թղթակիցը Ստրասբուրգից հայտնեց, որ Եվրադատարանի դիմաց երեկ հավաքվել էին շուրջ 2.000 թուրքեր եւ ադրբեջանցիներ՝ Եվրոպայի մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից: Նրանց գործողությունները նախապես կազմակերպված էին: Ուշագրավ է, որ թուրքերի հետ են եղել նաեւ դեսպաններ: Այսինքն՝ պետական մակարդակով թուրքերը պատրաստվել էին այս դատին ոչ միայն շենքի ներսում՝ իրավական հարթությունում կռիվ տալու համար, այլեւ դրսում՝ պաստառներով:
Իսկ Հայաստանից Եվրադատարանի առաջ մոտ 30 մարդ էր հավաքվել, պաշտոնատար անձինք չկային: Ակցիան բավականին անկազմակերպ էր: Միայն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էր՝ որպես ՀՀ Կառավարության ներկայացուցիչ, ներսում կռիվ տալիս:
Ասել է թե՝ հայկական լոբբինգը, գոնե առայժմ, ակցիաների մակարդակով լուրջ պարտություն կրեց: Հակառակ հզոր եւ գործուն սփյուռքի մասին հավաստիացումներին՝ տեղի հայկական կառույցների օգնությամբ պաշտոնական Երեւանը այդպես էլ չկարողացավ Եվրադատարանի վրա փոքր-ինչ ազդեցություն գործել, եւ արդյունքում ընդամենը «հաջողվեց» ժամանակ երկարաձգել:
Իսկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր վերջին ասուլիսում հավատացնում էր, որ ինքն ու իր ղեկավարած կառույցը ոչ թե ճառեր ասող են, այլ զանգ կախող: Փաստորեն նաեւ «զանգ կախել»-ը չի ստացվում:
Հեղինակ` ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ