ԱՐԹԻԿ-ԵՐԵՎԱՆ. ՄԻ ԵՐԿԱՐ-ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ/հատված գրքից/
Տարբեր առիթներով Ազատ Գասպարյանը շեշտել է, որ ինքը երևանցի է՝ ապրած Արթիկում: Դերասանի արմատները Մշո դաշտավայրից են, էրգրի գեղատեսիլ անկյուններից մեկում ծվարած Խասգյուղում: Խասգյուղի մասին հիշատակություններ կան Խաչիկ Դաշտենցի ,,Ռանչպարների կանչը,, վեպում: Այդ գյուղն էլ կապակցվում է Գևորգ Չաուշի, Մախլուտոյի անուններին, այդ գյուղն էլ մեր մեծ ազատամարտի մի հանգրվանն է: Ազատ Գասպարյանը հաճախ է հրապարակավ կամ մտերմիկ շրջանակներում Մշո երգեր երգում: Զարմանալի է, չապրելով երբեք այդ դրախտավայրում, լինելով մշեցիների շարունակվող շառավիղներից մեկը, նա իր հոգում է ծրարել երգն ու ոգեղենը և ամեն անգամ վերադառնում է երգին՝ նրա միջոցով վերակերտելով անհետացող աշխարհի յուրահատուկ դյուցազնավեպը… Երկու հարյուր երեսուն եկեղեցի է եղել Մշո դաշտավայրում, պատկառելի թիվ: Բայց այստեղ թիվը չէ կարևորը, այլ՝ Ոգին, Հավատը: Դրանց արտացոլումները կան Ազատ Գասպարյանի էության մեջ, մարդկային նկարագրում: Ազատ Գասպարյանի համար կորուսյալ հայրենիքի կերպարը, պապերից փոխանցված արյան կանչի տաք գրգիռները մշտական ուղեկիցներ են: Այն հազվագյուտ հայերից է, որն ապրած չլինելով Մշո դաշտում, տիպիկ մշեցի է՝ իր առինքնող ու անճառ հայրենասիրությամբ: Հետևաբար Մշո երգերը սիրո խոստովանություն են, որոնք պոկվում են նրա հոգուց, որոնք խոստովանություն են դառնում… Ազատ Գասպարյանի խոսքի հնչերանգային համակարգում անգամ պահպանվել են որոշ դրսևորումներ, որոնք ,,մատնում,, են նրա ծագումնաբանությունը, որոնք վկայությունն են այն բանի, որ հեռվում մնացած հայրենիքը նրա համար սրտի զարկ է, ժառանգական հիշողություն: Ժառանգական հիշողություն… Հազվագյուտ մի բան, որը բոլորին չի տրված:
Ուրեմն, Երևանում ծնված Ազատ Գասպարյանը, հանգամանքների բերումով, հայտնվել է Արթիկում վաղ հասակում և այստեղ էլ ավարտել դպրոցը: Ազատի հայրը մասնագիտությամբ ներքին գործերի ծառայող էր, նրան գործուղել էին Հայաստանի ամենաբարդ ու նաև վտանգավոր տարածքներից մեկը: Բարդ, որովհետև Արթիկը դեռևս քաղաք չէր իր կենցաղով, նկարագրով, գյուղն ու քաղաքն այստեղ խառնվել էին իրար: Վտանգավոր, որովհետև խորհրդային իշխանությունները Արթիկում էին բնակեցնում նախկինում դատապարտված մարդկանց՝ քարհանքերում աշխատելու համար… Ազատ Գասպարյանն արդեն դպրոցում իր մեջ հայտնաբերեց ապագա դերասանին, սիրեց թատրոնը: Նրա արթիկյան մանկության տարիներին այլևս չկար Արթիկի պետական թատրոնը, սակայն տեղի սիրողական խմբերի ներկայացումներին զուգորդվում էին հյուրեկ թատերախմբերի ներկայացումները: Եվ ապագա դերասանը ստանում էր հնարավորություն՝ ծանոթանալու թատերարվեստին, գուցե այդ ներկայացումների շնորհիվ իր մեջ ձևավորելու յուրատեսալ խմորումներ: Փոքրիկ քաղաքում մշակութային կյանք ասվածը պարփակվում էր գեղարվեստական ինքնագործունեությամբ, ուստի ամեն մի արհեստավարժ թատրոնի հայտնություն Արթիկում՝ դառնում էր իրադարձություն: Ազատ Գասպարյանն ապրում էր այդ միջավայրում, այդ փոքրիկ ուրախությունների միջոցով ձևավորում իր մեծ սերը արվեստի հանդեպ:
Դպրոցն Արթիկում ավարտեց: Եվ դպրոցն ավարտելուց հետո էլ ընդունվեց Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկում: Ժամանակին մեծ համարում և ճանաչում ունեցող ուսումնական հաստատություն էր սա, ուր դիմում էին երիտասարդները՝ այս տեխնիկումից հետո բարձրագուն թատերական կրթություն ստանալու մտադրությամբ: Կարծես օրինաչափ էր դարձել, որ մինչև ինստիտուտ ընդունվելը, անցնեին այս տեխնիկումի միջով, այստեղ ստանային իրենց նախնական պատկերացումները թատրոնի և արվեստի մասին: Տեխնիկումում դասավանդում էին թատերական արվեստի հնուտ վարպետներ, գլխավորապես շրջանային կոչված թատրոններում երկար տարիներ գործունեություն ծավալած բեմադրիչներ, որոնց առաջնային խնդիրն էր հիմնականում պատրաստել բեմադրիչներ գյուղական ինքնագործունեության համար: Սա բնավ էլ չէր նշանակում, թե ամեն ինչ պարփակվում էր ինքնագործունեության շրջանակներում: Ազատ Գասպարյանին շատ բան տվեց այս ուսումնական հաստատությունը, այն դարձավ առաջին աստիճանը, որը նրան մերձեցրեց թատրոնին, արվեստին, որի միջոցով բեմական արվեստի գաղտնիքները դարձան հասանելի: 1963 թվականին ավարտեց տեխնիկումն ու… վերադարձ Երևան: Ազատ Գասպարյանի համար առ Երևան ունեցած սերը անչափելի է, մեծ: Նա իսկապես սիրահարված է իր քաղաքին, իր առաջին հանգրվանին: Ծնված լինելով պատերազմական դժվարին ժամանակներում, երբ Երևանը ծրարված էր հոգսերի ու տագնապների մեջ, նա միշտ իր հիշողության մեջ պահել էր իր մանկության քաղաքը, ուստի վերադարձը նման էր ցնծության: Չունենալով բարձրագույն կրթություն, Ազատ Գասպարյանը չդիմեց ,,մեծ,, թատրոններ, այլ աշխատանքի անցավ տիկնիկային թատրոնում: Այս տարիներին տիկնիկային թատրոնը գործում էր ոչ հարմարավետ պայմաններում, սակայն սրանք թատրոնի կենսագրության լավագույն տարիներից էին: Թատրոնը ղեկավարում էր Մանյա Ասլանյանը՝ Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնի առաջին շրջանավարտներից մեկը, որի շնորհիվ տիկնիկային թատրոնը նոր կյանք ստացավ, ձևավորեց կայուն խաղացանկ, դերասանախումբը դարձավ առավել կայուն: Իսկ դերասանախումբն իսկապես զորեղ կարող էր կոչվել, որովհետև այստեղ էին Վիրաբ Հարությունյանը, Պավլոս Բորոյանը, Նազիկ Նալբանդյանը, Քնարիկ Վարձիգուլյանը, Հասմիկ Նաղաշյանը, Հայկուշ Երեմյանը, իրենց գործի այլ նվիրյալներ, որոնց մի մասն աշխատել էր դրամատիկական թատրոններում, կուտակել մեծ փորձ և հմտություն: Երիտասարդ դերասանի հայտնությունն այս թատերախմբում քննության էր համազոր: Թատրոնը չուներ մեծ հնարավորություններ ավելի ատ նոր բեմադրություններ պատրաստելու համար, սակայն տարեկան երեք-չորս առաջնախաղն էլ բավական էր, որպեսզի ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության մյուս բնակավայրերի մանուկ հանդիսատեսները սերտակցված լինեին այս թատրոնին: Մոտ երկու տարի մնաց այս թատրոնում Ազատ Գասպարյանը, երկու տարվա ընթացքում խաղաց՝ Փակիր և Առյուծ՝ Տ. Յակոբի ,,Փոքրիկ Ռոյը,, , Մուկուչ՝ Գ. Բալայանի ,,Խաղասեր տղաները,, և Մացիկ՝ Վ. Վարդանյանի ,,Գարուշի արկածները,, պիեսների բեմադրություններում: Այս կարճ ժամանակաշրջանը դերասանի համար ինքնաստուգման շրջան էր, բայց ոչ երբեք մեծ վարպետության ձեռքբերման: Հազիվ թե այս դերերը բացահայտեին նրա դերասանական շնորհները, սակայն դրանք միջոց էին՝ մոտենալու կերպարաստեղծման ձևերին ու կերպերին, մասնավորաբար մղվելու դեպի բնութագրականությունը:
Տիկնիկային թատրոնը ,,կանգառ,, դարձավ Ազատ Գասպարյանի կյանում, որից նա հեռացավ՝ ընդունվելով գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: Գուցե շատ սովորական մի փաստարկում լիներ սա դերասանի կյանքում, եթե արվեստանոցի ղեկավարը չլիներ Վարդան Աճեմյանը՝ բոլոր ժամանակների հայ մեծագույն բեմադրիչը, ինքնատիպ մանկավարժը, ում դասավանդման մեթոդաբանությունը հեռու էր ակադեմիական-դասական կարծրատիպերից: Ազատ Գասպարյանի համար մեծ երջանկություն էր Վարդան Աճեմյանի արվեստանոցում սովորելը, նրա հետ շփվելը: Բավական մեծ կուրս էր ձևավորվել, ուր սովորում էր տասնհինգ ուսանող: Գրեթե բոլորը հետագայում նվիրվեցին թատրոնին՝ Հայաստանում և արտասահմանում՝ իրենց հետ տանելով Աճեմյանի դասերը: Գոհար Գալստյանը, Լուսինե Կիրակոսյանը, Գոհարինե Տրդատյանը, Ֆելիքս Խոստիկյանը, Սլավիկ-Վաչե Սարուխանյանը թատրոնին նվիրվեցին Հայստանում, Ժիրայր Ավետիսյանը, Կարո Քեշիշյանը, Հարություն Սալլան վերադարձան Սփյուռք և նպաստեցին սփյուքյան թատրոնի զարգացմանը, Գենադի Մելքոնյանն իրեն կինոյին նվիրեց ու դարձավ մեր կինոյի ամենանշանավոր վարպետներից մեկը: Նրա ,,Թթենի,, , ,,Օդապարիկի օրը,, , ,,Կիրակի,, և այլ ֆիլմեր անկյունաքարային արժեքներ դարձան: Վարդան Աճեմյանի մանկավարժական մեթոդների և սկզբունքների մասին շատ է գրվել: Աճեմյանը դասախոսություններ գրեթե չէր կարդում, տեսական աշխատանքը թողնում էր ընթերականերին՝ հիմնականում իր մանկավարժական աշխատանքը կառուցելով էտյուդների, հատվածների, տեսարանների վրա: Նրա համար կարևորը ապագա դերասանի մեջ ստեղծագործողի հայտնաբերումն էր, արվեստագետի ծնունդը: Լինելով հրաշալի դերասան, Աճեմյանը, սակայն չէր պարտադրում իր ուսանողներին կրկնել իրեն, իր ույց տվածը: Նա վարպետության դասեր էր տալիս՝ պարտադրելով ամեն մեկին յուրովի, ստեղծագործաբար մոտենալու ցուցադրվածին:
Չորս տարի Ազատ Գասպարյանն առիթ ունեցավ վայելելու աճեմյանական խրախճանքը, չորս տարի շարունակեց նա լսեց ու տեսավ Աճեմյանին՝ հետագայում արդեն ամբողջապես մնալով աճեմյանական, մեծ վարպետի գեղագիտության կրողներից մեկը: Դիպլոմային աշխատանքների համար ընտրվել էին Ա. Չեխովի ,,Երեք քույրը,, և Կ. Գոլդոնիի ,,Հյուրանոցի տիրուհին,,: Վարդան Աճեմյանը դիպլոմային աշխատանքներ իրականացնելիս, հաճախ էր դիմում ռուս դասականներին, բեմադրում այնպիսի ստեղծագործություններ, որոնք նա մեծ բեմում չէր բեմադրում: Սա նույնպես աճեմյանական փորձարարության մի դրսևորումն էր, այսպես նա ստուգում-պարզում էր այս կամ այն հեղինակի ստեղծագործության ընկալումը հայ հանդիսատեսի կողմից: Սունդուկյանի անվան թատրոնում Վարդան Աճեմյանն արդեն անդրադարձել էր Չեխովին՝ բեմադրելով ,,Բալի այգին,,: Այժմ արդեն՝ ուսանողական բեմում, ,,Երեք քույր,, , մի պիես, որն Աճեմյանի շնորհիվ էր ազգային թատրոնում ստանում իր նոր կենսագրությունը: Որքան էլ բեմադրությունն ուսանողական էր, որում առաջնայինը ոչ թե ռեժիսորական մեկնաբանության խնդիրն էր, որքան՝ ապագա դերասանների ստեղծագործական ունակությունների բացահայտումները, այնուհանդերձ Վարդան Աճեմյանը իր համար ևս բացահայտել էր մի նոր Չեխովի՝ քնարական, զուսպ, ներքին տառապանքներով ապրող, բացառիկ դեպքերում պոռթկացող Չեխովի: Ի հակադրություն նուրբ, ներքնակուտակ տրամադրությունների և զգացողությունների վրա հենվող չեխովյան հերոսների, Աճեմյանը նաև դիմել էր Գոլդոնիի ամենատարածված ստեղծագործություններից մեկին՝ այսպես ուսանողներին տանելով դեպի կոնտրաստը: ,,Անչափ հետաքրքիր էր մեզ՝ ուսանողներիս, համար աշխատել երկու միանգամայն տարբեր ու հրաշալի դրամատուրգների գործերի վրա, ինչպիսին էին Գոլդոնին ու Չեխովը: Այս երևույթը հենց տիպիկ աճեմյանական է՝ ուժեղ կոնտրաստներ, որ նա շատ է սիրում. վառ, գունեղ դինամիկայով հագեցած բարձր թատերայնությամբ ,,Հյուրանոցի տիրուհին,, և խորը, հոգեբանական, արտաքնապես հանգիստ, բայց ներքին դրամատիզմով լեցուն չեխովյան ,,Երեք քույրը,,: Վարդան Աճեմյանն այս իրարից տարբերվող, դրամատուրգիական տարբեր ելակետերի վրա հենվող ստեղծագործություններում Ազատ Գասպարյանին հանձնարարել էր Չեբուտիկինի և Մարկիզ Հորլիպոպոլոյի դերերը: Բժիշկ Չեբուտիկինը պիեսի առանցքային կերպարներից մեկն է, միշտ դժգոհ ու փնթփնթան, հոգով դատարկված, վարժված քաղքենականությանն ու սպառողականությանը: Նա չունի մտքի ու հոգու թռիչքներ, ապրում է իր դատարկված հոգով: Այս կերպարը յուրօրինակ ծաղրանմանակությամբ իր մեջ է կենտրոնացնում գլխավոր գործող անձերի թուլություններն ու արատները: Իրականությունից ամբողջապես մեկուսացած՝ նա դառնում է ծիծաղելի մի էակ, որը քայլում ու շարժվում է՝ առաջ բերելով բոլորի փռթկոցը: Ինքն իրեն Չեբուտիկինը ներկայացնում է որպես չափազանց թափանցիկ ու մատչելի, գրեթե անիրական մեկը, որը չի ձուլվում միջավայրին, ապրում է կարծես բոլորովին այլ իրականության մեջ: Ազատ Գասպարյանը կերպարի հենց այս հատկանիշն էր որսացել, Վարդան Աճեմյանի հուշումներով ստեղծել իրականությունը ժխտող, այդ իրականության ծաղրապատկերը հանդիսացող մարդու կերպար, որի համար առանցքային էր դարձել հերոսի կողմից անընդհատ կրկնվող նախադասությունը. ,,Մենք չկանք, այս արևի տակ ոչինչ չկա, մենք չենք ապրում, այլ ընդամենը մեզ թվում է, թե կանք ու ապրում ենք,,: Փոքր-ինչ տարօրինակ ծերուկի համար այս նախադասությունը կարող էր չափազանց բնորոշ լինել, քանզի ապրված էր կյանքի մեծ մասը, սակայն Ազատ Գասպարյանը կարևորում էր մեկ այլ՝ գլխավոր հանգամանք. սա կյանքից բացարձակորեն հիասթափված մարդու փիլիսոփայությունն էր, որն ուղեկցում էր նրան, դարձնում իր գերին: Գոհարինե Տրդատյանը, հիշելով դիպլոմային բեմադրությունը, Ազատ Գասպարյանի Չեբուտիկինին բնորոշել է ,,խղճուկ նվվոցով,, շարժվող մարդ: Գրեթե միշտ հարբած Գասպարյան-Չեբուտիկինը իսկապես նվվում էր, տրտնջում: Հարբում էր, որովհետև ուզում էր այդպես անէանալ իրականությունից, բոլորից: Սակայն զարմանալի գորովանք կար Գասպարյանի հերոսի մոտ Պրոզորովա քույրերի հանդեպ: Չեբուտիկին-Գասպարյանն առանձնակի էր վերաբերում Իրինային, խանդաղատանքով և անընդհատ հիշեցնում, որ սիրել է նրա մայրիկին: Կարծես Իրինայի մեջ տեսնում էր նրա մորը, առավել մոտ դառնում նրան: Սակայն միևնույն ժամանակ Գասպարյանի հերոսը ջարդում էր Իրինայի ժամացույցն ու չափազանց անտարբեր կեցվածք ընդունում… Սա պարադոքսների և տարօրինակությունների մարդն էր, անտարբեր մարդը, որը փշրում էր Իրինայի երջանկությունը՝ համաձայնելով ստանձնել բժշկի դերը Տուզենբախի և Սոլյոնու ճակատագրական մենամարտում: Դյուրին չէր ուսանող-դերասանի համար պատկերել այս դժվարագույն կերպարը, որը միայն արտաքուստ էր թվում հոգնած ու պարզունակ, ինչպես ընդունված է նրա մասին ասել՝ վոդևիլային մի ծերուկ, որը ապրում էր ինքնաբերաբար: Իրականում, Ազատ Գասպարյանն ու Վարդան Աճեմյանը չէին թաքցրել նաև այն հանգամանքը, որ այս մարդն, ըստ էության, ,,շառլատան,, էր, մի բժիշկ, որը չափազանց թեթևամտորեն էր վերաբերում իր հիվանդներին, անգամ նրանցից մեկի մահվան պատճառ դառնում: Ուրեմն, Գասպարյանի հերոսը նաև վտանգավոր էր բոլորի համար: ,,Իսկ ես, իրականում, երբեք էլ ոչինչ չեմ արել: Հենց դուրս եկա համալսարանից, մատս մատիս չեմ տվել, անգամ մի գիրք էլ չեմ կարդացել, ես միայն թերթեր էի կարդում… Ըհը… Միայն թերթերից գիտեմ, որ ասենք, եղել է Դոբրոլյուբովը, բայց թե նա ինչ է գրել՝ չգիտեմ,,- այսպես էր արտահայտվում ինքն իր մասին Գասպարյանի հերոսը: Չեխովյան այս բժիշկն էականորեն տարբերվում էր Դորնից և Աստրովից, այս մարդը հերքում էր բժշկի մասին ձևավորված բոլոր պատկերացումները՝ միևնույն ժամանակ հաստատելով այն միտքը, որ հենց իր նմանները պիտի մնային գավառում, խավարամտության ու տաղտուկի մեջ: Ահա ինչու նա չէր հասկանում, ծաղրում էր Պրոզորովա քույրերի՝ դեպի Մոսկվա, դեպի կենտրոն ձգտելու անափ ցանկությունը…
Լևոն Մութաֆյանի գրառումը
Ֆեյսբուք