▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր տոնն է հայի ինքնության

Մի քանի ժամից մենք՝ աշխարհից առանձին, մեր առանձնակի ժամադրությունն ունենք մեր Տիրոջ հետ ընդունելու և հռչակելու Նրա Սուրբ Ծնունդը, ասելով՝ ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱ՜Ւ...
Մշտապես հռչակել ենք, որ այսօր մեր ինքնության Տոնն է, մաքրամաքուր ու բյուրեղ: Մենք՝ հայերս, այսօր մեր ուրույն և միայն մեզ բաժին հասած ժամն ունենք տոնելու, նշելու և նշանավորելու մեր Տիրոջ Ծնունդը: Սա է մեր յուրահատուկ էությունն ու նկարագիրը, ապրել, աշխարհում, աշխարհի հետ, բայց այդուհանդերձ աշխարհից վեր ու չթաթախված աշխարհի մեջ:
Ես չեմ վախենում և տատամսում կրկնելու՝ ԱՅՍՕՐ ՏՈՆՆ Է ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ, Աստծո հետ մեր դաշնությունն ու հաշտությունը, սերն ու հավատարմությունը վերակնքելու, Ճշմարտությունը ճանաչելու և Նրա հետ ու Նրանով ապրելու: Ժամն է Վերադարձ ապրելու, ժամն է վերադառնալու մեր զուլալ ու սեփական հաղթող ու հաղթանակած նկարագրին, սրբելու և դեն նետելու այն բոլոր աղտն ու փոշին, որ եկել պատել են մեր ճշմարիտ էությունը՝ բարձրագույն որակին, որ կոչվում է Քրիստոսի անունով բյուրեղացած Հայություն...
Այս օրերին մեր Սուրբ Տունը՝ Մայր Եկեղեցին, Սուրբ Էջմիածինը իր ամբողջությամբ՝ եկեղեցական և աշխարհական, հակառակ բազում դժվարությունների՝ ներքին և արտաքին խոյահարումների, կիսատության՝ կես տեղեկության, կես ճշմարտության, կես փաստարկների, կես գիտության “ամենակուլ” մթնոլորտի, երբ գիտակցաբար կամ անգիտակցաբար “կուրությունը” դառնում է չափանիշ և որակ, առանց վարանումի շարունակում և շարունակելու է տարածել Փրկչի շուրթերով հնչած սիրո, հաշտության և խաղաղության պատգամը...Սիրեցե՜ք միմյանց...

Սիրելիներ,
Այսօր երեկոյան ժամը 18:00-ին Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում, եկեք միասին հռչակենք այդ պատգամը և միասին Ավետենք աշխարհին մեր Տիրոջ Ծննդյան Ճշմարտությունը և վկայենք Հայության հարատևության մասին, ամբողջ հոգով գոչելով.


ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ...ԱՒԵՏԻ՜Ս,
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ...ԱՒԵՏԻ՜Ս

 


Մայր Աթոռի եկեղեցական Հայեցակարգային Գրասենեակի Տնօրէն Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее