I
Խավար է դեռ սենյակում, բայց լսվում են շշուկներ.
Տխուր ձայնով խոսում են երկու քնքուշ մանուկներ,
Աչքերը նոր բաց արած, քնաթաթախ, գլխահակ,
Թրթռացող ու երկար առագաստի տակ ճերմակ։
- Կծկվում են շարունակ խեղճ թռչունները դրսում.
Գորշ երկնքի տակ նրանց թևերը շատ են մրսում։
Եվ նոր տարին իր ամբողջ շքախմբով միգամած,
Ձյունաճերմակ զգեստի երկար փեշերը փռած,
Արտասվելով ժպտում է և երգում է դողահար…
II
Իսկ մանուկները՝ ծփուն առագաստի տակ, ահա,
Խոսում են ցածր ձայնով, ինչպես խավար գիշերին,
Լարված ականջ են դնում ասես հեռու ձայներին…
Նրանք ցնցվում են հաճախ, երբ հնչում է վաղորդյան
Զանգի ձայնը ոսկեհունչ, որ զարկում է բարձրաձայն
Իր լեզվակը մետաղյա գմբեթի տակ ապակե…
- Ցուրտ է մռայլ սենյակում… երևում են հատակին
Մահիճների շուրջ թափված սգո շորեր սևավոր,
Եվ տան շեմին ոռնացող ձմռան քամին ահավոր
Փչում է այդ տան վրա իր հևքը սառն ու դաժան։
Զգացվում է, որ այնտեղ պակասում է ինչ-որ բան…
- Մի՞թե մայրն է այդ քնքուշ մանուկների բացակա.
Մայրը պայծառ ժպիտով և հայացքով հաղթական։
Մոռացե՞լ է իսկապես նա իրիկունը արդյոք
Վառարանը տաքացնել, միայնակ ու ծնկաչոք,
Ծածկել բրդյա վերմակով մանուկներին իր քնած,
Ներողություն ասելով, նախքան լքելը նրանց։
Չի՞ մտածել, որ տանը ցուրտ կլինի այդ ժամին.
Որ դռների արանքից կփչի սառը քամին…
- 0~, տենչանքը մայրական, դա մի վերմակ է տաքուկ,
Մանուկների ապաստան բույն է հարմար ու փափուկ,
Որտեղ որպես թռչուններ՝ ճյուղի վրա ճոճվելով,
Ննջում են մեղմ ու հանգիստ երազի մեջ անխռով…
-Բայց այս բնում էլ չկա ո’չ ջերմություն, ո՛չ փետուր,
Եվ մրսում են ձագերը, վախեցած են ու տխուր.
Սառել է բույնը արդեն ձմռան քամուց բքաբեր…
III
Նրանք զրկված են մորից,— ճիշտ գուշակեց սիրտը ձեր։
Չկա մայրը, իսկ հայրը հեռու տեղ է գնացել…
— Նրանց կողքին լոկ պառավ աղախինն է մնացել։
Հիմա մենակ են նրանք սենյակում մութ ու սառած,
Չորս տարեկան որբուկնե՛ր, ահա մտքի մեջ նրանց
Կամաց-կամաց մի ուրախ հիշողություն է հառնում…
Ինչպես աղոթք անելիս տերողորմյան են համրում.
-Ա~խ, գեղեցիկ առավոտ `ճոխ նվերներ խոստացող.
Ամեն մեկը, գիշերը, երազի մեջ լուսաշող
Տեսել էր իր ցանկացած խաղալիքները շքեղ,
Կոնֆետները ոսկեզօծ և զարդերը գունագեղ,
Որոնք զվարթ պտույտով պարում էին, շրխկում՝
Չքանալով ու նորից հայտնվելով սենյակում։
Առավոտյան ժպտադեմ արթնանում են խնդագին՝
Տրորելով աչքերը՝ քաղցր համը շրթունքին…
Եվ ինչպես մեծ տոներին, աչուկներով լուսավառ,
Խոպոպներով գզգզված վազ են տալիս խենթաբար,
Մերկ տոտիկները հազիվ դիպցնելով հատակին՝
Մեղմիկ դուռը թակելու ծնողների սենյակի…
Ներս են խուժում… Գգվում են… և համբուրում են դարձյալ.
Նրանց այդ օրը մի քիչ կարելի է շփանալ։
IV
Ա’խ, բառերն այդ կրկնվող թովիչ էին չափազանց.
-Հիմա այդ տունը զվարթ որքա~ն, որքա~ն է փոխված։
Վառարանում աղմուկով վառվում էր թեժ մի կրակ՝
Պայծառ լույսով լցնելով հին սենյակը բովանդակ,
Եվ ցոլքերը ալ կարմիր ցայտում էին ու փայլում,
Պար բռնելով խանդավառ կահույքի ջինջ հայելում։
— Չուներ ոչ մի բանալի պահարանը բազմաձև…
Միշտ գրավում էր նրանց փայտե դուռը գորշ ու սև…
Չկա~ ոչ մի բանալի… տարօրինա~կ է ինչքան…
Ի՞նչ գաղտնիքներ է պահում, տեսնես փորի մեջ ինչ կա…
Եվ լսում են ասես թե փականքից մութ ու անձուկ
Ինչ-որ հեռո՛ւ, անորոշ և ցնծալի մի աղմուկ։
— Ծնողների սենյակը լուռ ու դատարկ է այսօր.
Դռան վրա այլևս չկան ցոլքերը բոսոր,
Ծնողները, կրակը, բանալիները չկան,
Չկան նաև համբույրներ և նվերներ մոգական…
0 ‘հ, ի’նչ տխուր կլինի Նոր տարվա օրն առաջին:
— Եվ տրտում ու մտահոգ աչուկներից կապտաջինջ
Դանդաղորեն դառնաղի արտասուքներ են կաթում,
Եվ մրմնջում են նրանք. «Մայրիկը ե՞րբ կգա տուն»։
V
Հիմա նորից քուն մտան մանուկները տրտմագին.
Քնած տեղն էլ թվում է, թե արտասվում են կրկին.
Աչքերն ուռած են այնպես, և ծանր է հևքը նրանց.
Երեխաները բոլոր զգայուն են չափազանց։
— Բայց հրեշտակը բարի նրանց արցունքը սրբեց
Եվ այդ ծանր քնի մեջ ուրախ երազ ուղարկեց,
Այնքան ուրախ, որ նրանց շրթունքները կիսաբաց
Ժպտացին և ասես թե մրմնջացին կախարդված…
— Տեսան իբր, թե թմբլիկ թաթիկներին հենվելով՝
Արթնանում են մեղմորեն անուշ քնից անխռով
Ու մտորուն աչքերով ապշած նայում են, խնդում…
Հայտնվել են ասես թե մի վարդագույն դրախտում…
Վառարանի մեջ ուրախ երգում է բորբ մի կրակ,
Պատուհանից ժպտում է երկինքը ջինջ, կապուտակ,
Բնությունը արթնանում և արբում է շողերից…
Եվ երկիրը կիսամերկ վերածնվում է նորից՝
Սարսռալով արևի համբույրներից սիրավառ…
Եվ հին տանը ամենուր նորից տաք է ու հարմար,
Էլ թափված չեն հատակին սգո շորեր սևավոր,
Էլ չի ոռնում տան շեմին ձմռան քամին ահավոր…
Ինչ-որ բարի փերի է ասես եկել, կախարդել…
— Մեկտեղ ուրախ ճչացին երեխաները… Այնտեղ,
Մահիճի մոտ իրենց մոր, շողերի տակ հուրհրան,
Այնտեղ, գորգի վրա մեծ փայլփլում է ինչ-որ բան…
Մեդալյոններ են երկու արծաթավուն, սև-սպիտակ,
Սադափի ու սև սաթի ցոլանքներով շողարձակ,
Սև պսակներ՝ ապակե շրջանակի մեջ փոքրիկ,
Վրան ոսկե տառերով երեք բառ՝
«ՔԵ՛Զ, ՄԵՐ ՄԱՅՐԻԿ»: