««Արդշինբանկը» մարդկանց տարիներով գցել է դատարանների ու հարկադիրների դռները ու իրենց բանկի պարտքը մարելու ոչ մի տարբերակ չի տալիս, բացի գումարն ամբողջովն վճարելուց»,- այս մասին գրում է ՕրագիրՆյուզ-ը՝ հղում անելով ահազանգած քաղաքացուն։
«Քաղաքացու խոսքով՝ դեռևս 2012 թվականին «Արդշինբանկ»-ից «Նուռ» վճարային քարտ է վերցրել 1 տարի ժամկետով, որի գումարը եղել է 60․000 դրամ։ 1 տարի բոլոր վճարումները ժամանակին կատարել է, որից հետո մի քանի տարի երկրից բացակայել է։ Վերադառնալուց հետո մեկ այլ բանկից օգտվելիս իրեն տեղեկացրել են, որ գտնվում է սև ցուցակում, քանի որ «Նուռ» քարտի պարտքի պատճառով բավականին մեծ պարտք է կուտակվել իր հաշվին, ինչն էլ բանկն ուղարկել է դատարան, այնուհետև՝ ԴԱՀԿ։
Պարզվել է, որ «Արդշինբանկ»-ն առանց իր իմացության «Նուռ» քարտին նորից 60․000 դրամ է փոխանցել, որը տարիներով չի մարվել, ինչի հետևանքով էլ իր հաշվին բավականին մեծ տոկոսներ են կուտակվել։
«Այս տարիների ընթացքում մի քանի անգամ դիմել եմ «Արդշինինբանկ»-ին, խնդրել, որ գոնե այդ կուտակված գումարը, որն արդեն անցնում է 1 մլն դրամը, որպես վարկ ձևակերպեն, ժամանակացույց տրամադրեն, որ կարողանամ քիչ-քիչ վճարել, սակայն բանկից ինձ ասացին, որ պետք է մոտ 300-400 հազար դրամ վարկի գումարից կանխիկ վճարեմ, իսկ մնացած գումարից որոշ տոկոսներ բանկը կհանի ու կտա ժամանակացույցով մարելու հնարավորություն։
Նշեմ, որ արդեն 1 տարուց ավելի է՝ վճարում եմ պատքիս օր օրի ավելացող տոկոսների մի մասի գումարը, որը բանկն ինձնից բռնագանձում է հարկադիրի միջոցով, իսկ մայր գումարը շարունակում է գնալ բանկում և տոկոսներ ավելացնել, որը նույնպես հետագայում բանկը կուղարկի ԴԱՀԿ, և այն կբռնագանձեն․․․ Ու այդպես տարիներ շարունակ, մինչև ունենամ հնարավորություն ու իրենց առձեռն վճարեմ ողջ գումար։ Այսինքն՝ «Արդշինբանկ»-ից ազատվելու ոչ մի տարբերակ չկա, քան մայր գումարն ամբողջությամբ մարելը»,- ասաց քաղաքացին։
Անդրադառնալով այս տարիների ընթացքում «Արդշինբանկ»-ին, Քաղաքացիական դատարանին ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, քաղաքացին ասաց, որ երբևէ ոչ մի նամակ ու ծանուցում չի ստացել, որ դատական որևէ պրոցես է ընթանում, չնայած որ դեռևս 2012 թվականին բանկն անգամ իր մեյլն է գրանցել հետագա ծանուցումների մասին տեղեկացնելու համար։
«Ինձ ո՛չ բանկից, ո՛չ հարկադիրից ու դատարանից նամակ չի եկել։ Առանց ինձ ինչ-որ նիստեր են անցկացրել, աշխատավարձիս վրա կալանք դրել։ Պատրաստվում եմ գտնել ինձ նման «Արդշինբանկ»-ից տուժած քաղաքացիների, որոնց թիվը, համոզված եմ, բավականին շատ է, ու անպայման բողոքել բանկի անօրինականությունների դեմ, շարքային քաղաքացու միջոցով ցանկանում են հարստանալ»,- եզրափակեց քաղաքացին։
Հարցի շուրջ փորձեցինք զրուցել նաև «Արդշինբանկ»-ի պատասխանատուների հետ, սակայն բանկի օպերատորը ասաց, որ որևէ աշխատակցի հետ չի կարող միացնել։
«Ձեզ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել և չեմ կարող միացնել ինչ-որ իրավասու անձի հետ, ով կկարողանա ձեզ հետ խորհրդակցել»,- ասաց օպերատորը։
Հարցին՝ բանկը խոսնակ, տնօրեն կամ իրավասում մեկ այլ աշխատակից չունի՞, ով քաղաքացուց ստացած բողոքի մասին բանավոր կպատասխանի, բանկի աշխատակիցը անհասկանալի ինչ-որ պատասխան հնչեցրեց․ «Դուք 3-րդ անձ եք հանդիսանում, և զանգել եք՝ պարզաբանեք քաղաքացու բողոքը, որը, ներեցեք, բայց տվյալ քաղաքացու մասով լիազորագիր չունեք»,- հավելեց բանկի օպերատորը «Արդշինբանկ»-ից»,-գրում է սկզբնաղբյուրը։