Կարծիք կա, որ յուրաքանչյուր քաղաքին գույն և շունչ են պարգևում առաջին հերթին տվյալ քաղաքի կոլորիտային բնակիչները: Թերևս դրա վառ ապացույցն էլ ականջակալներով և չմուշկներով Լևոնն է, ում ճանաչում են մայրաքաղաքի գրեթե բոլոր բնակիչները և ոչ միայն: Սակայն 62-ամյա տղամարդն իր «ոլորտում» միակը չէ:
Երևանաբնակների ուշադրությունն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ գրավել է 25-ամյա Նշան Մուրադյանը: Իրավամբ, նրան չնկատելը պարզապես անհնարին է. գույնզգույն լույսերով զարդարված ինքնատիպ հեծանիվ և բարձր հնչող երաժշտություն: Որպես կանոն, Նշանը պատահական անցորդներին հրամցնում է իր սիրելի ռաբիս ոճի հայկական երգերը, սակայն ամենաշատը նախընտրում է Արամ Ասատրյանի կատարումները: Իսկ ամեն ինչ ըստ Նշանի` սկսվել է մոտ 4-5 տարի առաջ.
«Ես սովորական մարդ եմ, ով պարզապես շատ է սիրում հեծանիվ վարել: Մեկ անգամ փորձեցի և դուրս շատ եկավ. ինձ համար այն ամենագերադասելի փոխադրամիջոցն է դարձել»,-Asekose.am-ի թղթակցին ասաց Նշանը: Ըստ Նշանի` վերջին տարիներին իր մշտական և ամենօրյա երթուղին Նորք Մարաշից դեպի Կենտրոնն է.
«Ես բնակվում եմ Նորք Մարաշում, սակայն երեկոյան ժամերին գնում եմ Կենտրոն, որտեղ էլ մոտ 7-8 ժամ հեծանիվ եմ վարում: Այս ընթացքում շատ ծանոթներ եմ ձեռք բերել, չնայած կան մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, իսկ ես նրանց` ոչ»:
Նշանի խոսքով` հեծանիվը ոչ միայն իր սիրելի, այլև գրեթե միակ փոխադրամիջոցն է, սակայն ժամանակ առ ժամանակ հեծանիվի անսարքության պատճառով ստիպված օգտվում է երթուղայիններից.
«Հիմա էլ հեծանիվս անսարք է (Նշանը Asekose.am-ի խմբագրություն էր եկել առանց հեծանիվի): Նոր հեծանիվի կարիք ունեմ, իհարկե, դրանց մեջ կան շատ թանկարժեքները` մոտ 4500 դոլար, սակայն ինձ պետք է 150-200.000 դրամ արժողությամբ հեծանիվ, որը կունենա ուժեղ շարժիչ, ինչն էլ ինձ հնարավորություն կտա Կենտրոնից նաև տուն` Նորք Մարաշ գնալ»:
Նշանը մեզ նաև խոստովանեց, որ մեծ հույսեր ունի, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն իրեն այդ հարցում, քանի որ նրա պնդմամբ` իր նախորդ հեծանիվները հենց անծանոթ մարդկանց նվերներ են.
«Վերջին հեծանիվս ինձ նվիրել է փողոցում ինձ հետ ծանոթացած մարդկանցից մեկը: Առհասարակ, պատահական անցորդներից շատերը, տեսնելով տարբերվող հեծանիվս, մոտենում և զրուցում են ինձ հետ: Իսկապես իմ հեծանիվը մեր քաղաքում բացառիկ երևույթ է` իր գույներով, լույսերով և երաժշտությամբ: Հիմնականում անծանոթները հետաքրքրվում են, թե ո՞վ է իմ հեծանիվի «հեղինակը», ինչին էլ պատասխանում եմ, որ ես եմ: Նշեմ նաև, որ միանգամից հասկանում եմ, թե ինձ հետ զրուցողներից ով է լավ մարդ կամ` հակառակը: Եղել է, որ սկսել են հետաքրքրվել, թե որտեղի՞ց ինձ գումար` հեծանիվս նման ձևով նորոգելու համար, բայց դա հարց տալո՞ւ բան է»:
Նշանը, թեև իր ապրուստի և ընտանիքի մասին խոսել չի սիրում, սակայն մեզ հետ զրույցում անկեղծացավ` ասելով, որ ինքնուս սովորել է ժամագործություն և հեռախոսներ վերանորոգել, սակայն աշխատանք ներկայումս չունի, որովհետև ինչպես ժողովուրդն է ասում` «տեղի գումար» շատ են պահանջում.
«Հրապարակում ինձ շատերն են ճանաչում և խնդրում վերանորոգել իրենց հեռախոսները: Ամեն ինչ էլ կարողանում եմ անել, թեև դպրոց մինչև 3-րդ դասարան եմ հաճախել, հետո ասացի, որ էլ չեմ ուզում. ծնողներս չէին համաձայնում, ստիպում էին գնալ, սակայն փախչում էի դասերից, բայց գրել և կարդալ գիտեմ: Հիմա էլ ուզում եմ գնալ երկրից, սակայն եթե Հայաստանում փոքրիկ անկյուն ունենամ, որտեղ կկարողանամ արհեստագործությամբ զբաղվել, չեմ գնա»:
Զրույցի վերջում էլ հեծանիվ վարել այդքան սիրող Նշանն ասաց, որ տիրապետում է աճպարարությանը և թղթախաղի օգնությամբ մի քանի հնարք ցուցադրեց:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան