Որևէ առիթ չեմ ունեցել առնչվելու ոստիկանության, հատկապես՝ ռազմականի հետ:
Հոգեկան խորը ճգնաժամի մեջ գտնվելուս երեք օրերի ընթացքում, երբ Լուսակերտի զինվորական զորամասից անհետացել էր որդիս՝ Տարոն Հայրունին, և ինձ թվում էր, թե կյանքս ավարտված է, և ես միայն վշտի և անորոշության թույնն եմ ըմպելու այսուհետ, իմ և իմ ընտանիքի կողքին կանգնեցին ՀՀ ՌՈ աշխատակիցները:
Նրանք արձագանքեցին առաջին իսկ ահազանգին անմիջապես, ժամերով մեր կողքին էին, լսում, քննարկում, պարզաբանում էին ամեն մի մանրուք, ոչ միայն ի պաշտոնե, այլև հոգեբանորեն զորակցում էին մեզ, ճիշտ ճանապարհով տանում որոնողական աշխատանքները:
Ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ Արմեն Մնացականյանը, իմ հոգու ամենաճգնաժամային պահին ինձ հետևյալն ասաց շատ վստահաբար.
- Մենք կգտնենք ձեր որդուն և զորամաս կվերադարձնենք,- և ի զարմանս ինձ՝ խորհուրդ տվեց.
- Դուք միայն աղոթեք Աստծուն:
Հավատացեք, ուրախության, երջանկության ջերմ ու առատ արցունքներով եմ գրում այս ամենը և իմ շնորհակալությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ՝ գտնելու որդուս. մեր ընտանիքի հարազատներին, ծանոթ-բարեկամներին, հարևաններին և առանձնապես ՀՀ ՌՈ Կոտայքի և Վարդենիսի տարածաշրջանների, Հանրապետության ոստիկանության գլխավոր վարչության՝ մեզ աջակցած ողջ անձնակազմին՝ իրենց բարձր մասնագիտական, հոգեբանական ճիշտ, իրոք մարդասեր աշխատանքի համար: