Ամեն ինչ մեր կյանքում ժամանակ է, անգամ՝ փողը. այսպես է մտածում 17-ամյա Հայկ Մուրադյանը: Հենց այդ պատճառով էլ չնայած պատանի հասակին՝ Հայկն արդեն հրատարակել է բանաստեղծությունների իր առաջին գիրքը՝ «Հեռուն և մոտը», որի շնորհանդեսը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին: Asekose.am-ը զրուցել է Հայկի հետ գրքի ստեղծման պատմության, ստեղծագործական գաղտնիքների, բիզնեսմեն թե բանաստեղծ լինելու հավանական ընտրության մասին և ոչ միայն:
Այդ միջադեպը ստիպեց ինձ հասկանալ, որ ուզում եմ գրել
Այս տարի ընդունվել եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի ֆակուլտետ: Սիրում եմ գրել, դա իմ ամենասիրելի զբաղմունքն է: 12 տարեկանից ստեղծագործում եմ: Դպրոցում ինձ հանձնարարել էին բանաստղեծություն գրել, ինչն ինձ համար շատ բարդ էր, և պարզապես բարեկամներիցս մեկի կողմից գրված բանաստեղծությունը ներկայացրի ու շատ բարձր գնահատական ստացա: Թերևս այդ միջադեպը ստիպեց ինձ հասկանալ, որ ուզում եմ գրել, այնպես անել, որ մարդիկ սկսեն ինձ ճանաչել իմ ձեռագրով:
Երազանքս դարձավ նպատակ, որին ես այսօր հասել եմ
Գիրքը կոչվում է «Հեռուն և մոտը»: Ճիշտ է, ընթերցողներից յուրաքանչյուրը կարող է յուրովի ընկալել վերնագիրը, սակայն ես նկատի եմ ունեցել այն փաստը, որ բանաստեղծությունները գրված են հեռվի և մոտիկի մասին, երիտասարդների ու մեծահասակների մասին: Գիրքն ունի նաև խորագիր՝ «Եկեք խոսենք առանց խոսքերի», որն իմ բանաստեղծություններից մեկի տողերից մեկն է: Այս խորագրով ես փորձում եմ մարդկանց հասկացնել, որ ես գրում եմ այնպիսի բաներ, որոնց մեջ մարդիկ կտեսնեն իրենք իրենց՝ առանց հեղինակի հետ խոսելու: Գրքի ստեղծամ պատմությունը մի փոքր տարօրինակ է. երբ ես արդեն ունեի իմ բլոգը, անընդհատ մտածում էի գիրք հրատարակելու մասին: Մեկ ամիս առաջ մի օր արթնացա, հեռախոսիս մեջ գրեցի «գիրք» բառը, որն անընդհատ կարդում էի օրվա ընթացքում: Երազանքս դարձավ նպատակ, որին ես այսօր հասել եմ: Գրքի առաջին 30 օրինակը ես տպել եմ առանց ծնողներիս տեղյակ պահելու, սեփական միջոցներով: Բոլոր ծախսերն ինքս եմ հոգացել, իսկ դրանք փոքր գումարներ չեն, քանի որ բոլորս էլ գիտենք, որ այսօր գիքր հրատարակելն էժան հաճույք չէ: Դրանից հետո թե՛ գրքի մյուս օրինակների, թե՛ շնորհանդեսի ծախսերն իր վրա է վերցրել հայրս: Հույս ունեմ, որ հետագայում հովանավորներ կհայտնվեն:
Դա այն թեման է, որին պարզապես չեմ կարող չանդրադառնալ
Գրում եմ միայն բանաստեղծություններ, որոնք ծավալով այնքան էլ մեծ չեն: Փորձում եմ տարբեր թեմաներով ստեղծագործել, որ թեմաների բազմազաբնություն լինի իմ ստեղծագործության մեջ, այնպես անել, որ բանաստեղծություններս հասանելի լինեն ոչ միայն իմ տարիքի երիտասարդների մոտ, այլ նաև տարիքով ավելի մեծ մարդկանց հետաքրքրեն, որ բոլոր ընթերցողները կարողանան իմ գրածների մեջ իրենց տեսնել: Նախընտրելի թեման, թերևս սերն է, քանի որ այն թեման է, որին պարզապես չեմ կարող չանդրադառնալ: Բանաստեղծություններիս հիմնական թեմաներն են՝ սերը, ժամանակը, կյանքը, կյանքի իմաստի որոնումները: Հետագայում ցանկություն ունեմ նաև արձակի մեջ փորձել ինձ:
Ինձ շատ էր հետաքրքրում, թե մարդիկ ինչ կարծիք ունեն 15 տարեկան տղայի գրածների մասին
Ժամանակի ընթացքում ինձ հետ հասունացան նաև իմ բանաստեղծությունների թեմաները: 14 -15 տարեկանում ես ունեցա նաև իմ անձնական բլոգը: Ինձ շատ էր հետաքրքրում, թե մարդիկ ինչ կարծիք ունեն 15 տարեկան տղայի գրածների մասին: Դա ինձ օգնում էր առաջին հերթին ինքս կարծիք ձևավորել իմ գրածների մասին, և եթե լինում էին թերացումներ, փորձում էին շտկել: Թող մեծամտություն չհնչի, սակայն քննադատական խոսքեր շատ քիչ են եղել : Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ հասկանում են, որ 15 տարեկան պատանուն քննադատելով ՝ կարող են նրա ոգին կոտրել:
Եթե ընտրության առջև կանգնեմ, բնականաբար, կըտրեմ բիզնեսը
Կարող եմ ասել, որ սա ընդամենը հոբբի է, որը, սակայն, ինձ համար դարձել է ապրելակերպ: Անկեղծ ասած, դժվարանում եմ հետագայում ինձ պատկերացնել միայն որպես բանաստեղծ, սակայն եթե կարողանամ համատեղել ապագա բիզնեսմենի մասնագիտությունը բանաստեղծ լինելու հետ, ապա, բնականաբար, երկուսով էլ կզբաղվեմ: Իսկ եթե ընտրության առջև կանգնեմ, բնականաբար, կըտրեմ բիզնեսը, բայց բանաստեղծությունը երբեք իմ կյանքից չեմ հեռացնի: Ճիշտ է, դեռ բիզնես ոլորտում հստակ գիտելիքներ չունեմ, սակայն ուսումնասիրելով այդ ոլորտը, կարող եմ ասել, որ այդ կրեատիվ մտածելակերպը, որը կա գրելու մեջ, անպայման պետք է գալիս նաև բիզնեսում: Բանաստղեծության միջոցով դու փորձում ես փոքր սահմաննների մեջ նեկայացնել մեծ իմաստ, իսկ բիզնեսում դու կարող ես փոքր հնարավորություններով մեծ հաջողության հասնել: Կարծում եմ, որ նշածս կապն ինձ հետագայում շատ կօգնի:
Ամեն ինչ մեր կյանքում ժամանակ է, անգամ՝ փողը
Ամեն ինչ մեր կյանքում ժամանակ է, անգամ՝ փողը, քանի որ այն վաստակելու համար մենք ժամանակ ենք ծախսում: Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ես իմ բանաստեղծոթյունները չհավանելու դեպքում երբեք չեմ ոչնչացնում. դա կնշանակի, որ ես իմ ժամանակը ջուրն եմ գցում:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան