Մի խումբ ակտիվիստներ, որոնք զբաղվում են բնապահպանական հիմնախնդիրներով, շաբաթ առավոտյան եղել են Air France ընկերության հայաստանյան գրասենյակում` հանձնելու մի նամակ-ուղերձ, որով իրենց մտահոգությունն են արտահայտում այս ընկերության վարած բացասական գործելակերպի վերաբերյալ: Բանը նրանում է, որ այս կազմակերպությունը զբաղվում է վայրի կենդանիների տեղափոխմամբ աշխարհի տարբեր վայրեր, որտեղ նրանց ենթարկում են լաբորատոր թեսթավորման: Այս գործելակերպը հանդիսանում է լաբորատոր փորձարկումների մեծ խթան: Մարդկության պատմության մեջ այս էջը վաղուց պետք է փակել, որովհետև գենետիկական ինժեներիան տալիս է այլընտրանքային հնարավորություն, սակայն կենդանիների թեսթավորումը նաև մեծ բիզնես է, որից հրաժարվելը իհարկե շահութաբեր չէ:
Ստորև ներկայացնում ենք նամակ-ուղերձն` ամբողջությամբ.
Air France Armenia-ի հարգելի աշխատակիցներ, այս ակցիան, որն ուղղված է Ֆրանսիայում գործող Air France-ի գլխավոր գրասենյակի ղեկավարների դեմ, ակնկալում է նպաստել այն բնապահպանական ակցիային, հանուն որի պայքարում են ողջ աշխարհում, և որին այժմ միանում ենք նաև Հայաստանից: Վստահ ենք, որ Դուք կարող եք տեղյակ չլինել այն մասին, որ Air France-ն աշխարհի մի շարք երկրներում իրականացնում է կապիկների՝ լաբորատոր փորձարկումների նպատակով տեղափոխություններ: Բարեբախտաբար մեր երկրում այս ռեսուրսը բացակայում է: Սակայն ողջ աշխարհում ամեն օր բազմաթիվ կենդանիներ ենթարկվում են ստորացուցիչ վերաբերմունքի մարդու կողմից, ոչ միայն զրկվում բնական միջավայրից, այլև դառնում մարդու կողմից չարագործությունների և ծանրագույն խոշտանգումների զոհը: Մեր նպատակն է աջակցել բնության մյուս ներկայացուցիչների իրավունքների և արժանապատվության պահպանմանն ու նպաստել այն գործին, որը վերջ կտա նրանց նկատմամբ բռնություններին:
Շնորհակալություն՝ մեր գործունեությանն ըմբռնումով մոտենալու համար, և ակնկալում ենք Air France Armenia-ի ղեկավարների կողմից բարոյական աջակցություն: