Օրերս մի անեկդոտային պատմություն լսեցի.
Հ1-ի լրագրողը զանգահարում է թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանին, ով ինսուննականների սկզբին ղեկավարել է այն ժամանակվա պետական հեռուստատեսությունն ու հարցազրույց է խնդրում՝ տեղեկացնելով. «Այսօր Ձեր հուշաքարն ենք բացում»: Հենրիկ Հովհաննիսյանն էլ իրեն բնորոշ հումորով պատասխանում է՝ «Բայց ես դեռ չեմ մահացել»:
Լրագրողը, նկատի ուներ, Հանրային Ռադիոյի դիմաց արդեն բացված աստղային ճեմուղին, որտեղ ամրագրված են Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կայացմանն ու բազմաժանր բազմաբովանդակալից հաղորդումներին առավելապես ներգրավված ու դրանց բարգավաճմանը նպաստած ակնառու վաստակաշատ մասնակիցների անուններ:
Օհան Դուրյան, Օֆելյա Համբարձումյան, Վերա Հակոբյան, Տիգրան Նաղդալյան, Ռոբերտ Մավիսակալյան, Ջոն Կիրակոսյան, Վաչե Հովսեփյան, Հովհաննես Բադալյան, Գրիգոր Չալիկյան, Ժիրայր Ավետիսյան, Արմեն Ամիրյան, Կլարա Թերզյան և այլք:
Իրոք, այս մարդիկ, ժամանակին ոչ միայն կայացրել են հայկական ռադիոն ու հեռուստատեսությունն, այլև հասարակության շրջանում հավատ ու հարգանք են սերմանել իրենց գործի ու ներկայացրած կառույցի հանդեպ:
Նրանք ստեղծագործել են, արարել ու վստահ՝ չեն էլ մտածել, որ իրենց փոխարինելու են գալու փուչ «կրեածիվշիկները» ու երևի չեն էլ պատկերացրել, որ իրենց մեծարելու են «կրեածիվ» տարբերակով:
Իսկ «կրեածիվ»-ը հիմնականում աշխատում է այնտեղ, որտեղ հնարավորին շատ փող կարելի է շահել ու փող կորզելու համար շահարկել:
Դրա համար նաև «Հանրային հեռուստատեսություն-60, Հանրային Ռադիո-90»-ը «կանալիզացիա»-ի ու մալուխների «լյուկերի» վրա նույնիսկ կարելի է դաջել...
Եվ գիտեք, մեր ժամանակների համար ճիշտ էլ տեղը գտել են անկեղծ «կրեատիվշիկները», որովհետև Օհան Դուրյանի ու Արմեն Ամիրյանի ռադիոն, Ռոբերտ Մավիսակալյանի ու Տիգրան Նաղդալյան հեռուստատեսությունը նրանք հասցրել են փոսի մակարդակի, մի չուգունե «լյուկ» են դրել վրան, և ներսում ինչ ասես ու ինչ ուզես անում են ...
Ու մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս, որի հարկերով պահվում է Հանրայինը ,սակայն չի նայվում մեր իսկ կողմից/ ի տարբերություն Հ1-ի, պետք է անկեղծորեն ասել, որ լրատվական թողարկումների շնորհիվ, Հանրային Ռադիոն ընդունելի է հասարակության շրջանում/ շուտով դուրս գրված բյուջեների միջոցով, կհրամցնեն տեսապատմություններ «հների» մասն , որոնցից , ցավոք, Ռադիոյի ու Հեռուստատեսության երախտավորների համար ճեմուղի բացողներն ոչինչ չեն սովորել:
Ու վստահ եղեք, որ «կրեատիվշիկները» շատ քիչ բան գիտեն երախտավորների մասին, որոնց վաղը կրկին մոռանալու են ու նույնիսկ ճեմուղին չի օգնելու նրանց հիշողությանը:
Նրանց համար կարևորը 60/90 տոնակատարության շրջանում լավ բյուջեով հեռուստաֆիլմեր և ճեմուղու հուշաքարեր պատրաստելն է...
Իսկ թե ուրիշ ինչպես է հնարավոր գումար աշխատել «կրեածիվ»-ով՝ սա արդեն ուրիշ և աշնանային պատմություն է...
Հեղինակ՝
Ատոմ Գրիգորյան