▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահը ճակատագրական է

Մամուլից տեղեկացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժման անունից վաղը առաջարկ է ներկայացվելու Սերժ Սարգսյանին: Հուսամ, որ ողջախոհոությունն ու իրատեսությունը վերջապես այցի կգան մեր գործիչներին:

Հինգ տարի առաջ, մարտի 1-ից երկու շաբաթ առաջ, մի քանի ընկերներով, հնարավոր զարգացումներից մտահոգ, հանդես եկանք մի հայտարարությամբ: Այն այն ժամանակ չընդունվեց կողմերի կողմից:Փոքր ինչ խմբագրելով, հայտարարությունը կրկին տարածում եմ
---------- 

Անմխիթար իրականություն 

Հերթական անգամ գնացինք ընտրությունների` ստեղծած չլինելով ընտրությունների արդարությունը երաշխավորող ինստիտուտներ: Այդ ինստիտուտների բացակայության պարագայում միշտ եւ ամենուր գործել ու գործելու է մի մեխանիզմ, որը գրեթե անհավանական է դարձնում իշխանության կամովին զիջումը կամ փոխանցումը. այն միայն կարող է խլվել ավելի ուժեղի /մեզ հայտնի իմաստով/ կողմից: Այս սկզբունքն առ այսօր անշեղորեն գործում է Երրորդ հանրապետությունում: 
Ծավալային սահմանափակման բերումով` չխորանալով երեւույթի մանրամասներում, փաստենք միայն, որ մեր նման հասարակություններում ընտրություններով գլխավորապես որոշվում է իշխանությունների ֆիզիկական լինել-չլինելու հարցը: Եվ առավել քան սպասելի է իշխողների` իշխանությունը ամեն գնով պահելու, չզիջելու համառությունը: Մի կողմ թողնենք «արդար-մեղավոր» հարցադրումը, հատկապես, որ 1990 թվականից հետո երկրում տեղի ունեցածը քաղաքական մտքի կողմից ոչ միայն անաչառ վերլուծության չի ենթարկվել ու չեն պարզվել կատարված անցանկալի երեւույթների եւ դեպքերի իրական պատճառները, այլեւ շարունակվում է հետեւանքը որպես պատճառ ընկալելու պարզունակ մտայնությունը: 

Հնարավոր զարգացումներ 

Ենթադրենք ներկայիս իշխանությունները հաջողացնում են իրենց թեկնածուի վերջնական հաղթանակը եւ կարողանում դարձնել նրան նախագահ: Առավել քան հավանական է, որ դա կարվի ընդդիմության հերթական, լավագույն դեպքում` բարոյական, ջարդի ճանապարհով: Իսկ դա նշանակում է, որ երկիրը կդեգերի իռացիոնալության /պատասխանատվության եւ վերահսկելիության բացակայություն, ավտորիտարիզմի վտանգ եւ այլն/ տիրույթներում, քանի որ իրականության մեջ չի լինի իշխանություններին հակակշիռ: 
Երրորդ նախագահը, ըստ ամենայնի, դժվար թե կարողանա ազատագրվել լեգիտիմության բարդույթ կոչվող երեւույթից: Ընտրաբովով անցած իշխանական համակարգը, թերեւս, կլինի ավելի ագրեսիվ, քան ընտրարշավից առաջ էր, իսկ ուժային կառույցները` կդրսեւորեն անբռնազբոս պահվածք սեփական երկրի քաղաքացիների հանդեպ: Այս ամենի վերջնարդյունքում հավանական է ունենանք բեւեռացված, բարոյալքված, հուսախաբված ժողովուրդ, ինչը կխթանի կապիտալի արտահոսքը, շարունակվող արտագաղթը` սպառնալով երկրի առանց այդ էլ նվազ ու նվազած մարդկային ռեսուրսին: 
Իշխանությունների հետ անհամաձայնություն ունեցող քաղաքականապես ակտիվ հատվածը վերջնականապես կհամոզվի, որ անհնար է փոփոխությունների հասնել քաղաքական պայքարով, իսկ սա նշանակում է, որ նրա հնարավոր գործողությունները, մեղմ ասած, կհատեն կանխատեսելիության սահմանները... 
Հիմա ենթադրենք, թե ինչ-որ կերպ իշխանության է գալիս այսօրվա ընդդիմությունը: Առավել քան հավանական է, որ դա լինելու է անհաշտ ու դաժան պայքարի արդյունքում, որի ընթացքում ընդդիմությունը, մեղմ ասած, «ճանկռոտվելու» է, ինչը, չի բացառվում, որ կհանգեցնի դժվար կառավարելի վրեժխնդրության ալիքի: Դժվար չէ պատկերացնել, որ ժամանակավորապես կկազմալուծվեն պետական կառույցները, ինչը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում լրջորեն կսպառնա երկրի անվտանգությունը: 
Այնպես որ, պահը ճակատագրական է, ու ազգի եւ երկրի շահը պահանջում է խոհեմ գտնվել, կանխել ներքին բախումները եւ թույլ չտալ մեր կողմից ջուր լցվի թշնամու` մեզ աղալ տենչող, ջրաղացին: 

Նախ լիցքաթափում 

Քաղաքական միտքը դեռեւս չունի «Ի՞նչ է իրականում կատարվում Երրորդ հանրապետությունում եւ ինչու՞, ի՞նչ կերպ կարելի է հաղթահարել վերջին դարերի ընթացքում ձեռք բերված, մեր ներկան որոշող բացասական հատկանիշները» հարցերի խորքային պատասխանները: 
Պատմությունը շատ օրինակներ ունի, երբ ներքին հակամարտության, անգամ ծայրահեղ թշնամի, կողմերը հետագա բախումները կանխելու մտահոգությամբ նստել են բանակցությունների սեղանի շուրջ: Թե կուզեք` անգամ միմյանց ոչնչացնել ձգտած ու տարիներով արյուն թափած ոչքաղաքակական խմբավորումներն են նման ձեւով կանխել իրավիճակի հետագա բարդացումն ու հասել կարգավորման: 
Որքան էլ որ ասվածը ֆանտաստիկայի /ոմանք էլ կասեն` հեքիաթային/ ժանր հիշեցնի, որպես առկա իրավիճակի հանգուցալուծում կարելի է դիտարկել այսօր առկա բոլոր բեւեռներին բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելը: 
Եթե խնդրին լրջորեն նայենք, ապա բեւեռները արմատներով նույն «աղբյուրից» են, նույն Շարժումից, եւ իրականում չկա մաքուր գաղափարական անհանդուրժողականություն. սա կարմիրների եւ սպիտակների` մեկը մյուսի գոյությունը աներկբա բացառող, գաղափարական պայքար չէ, հետեւաբար տեսականորեն հաղթահարելի է հակադրությունը` հանուն հայրենիքի եւ ազգի շահերի: 
Որպես կանոն, հակամարտող բեւեռների միջեւ բանակցություն սկսելու համար հարկավոր է ունենալ Աքսակալ` բեւեռների կողմից ընդունված, պատկառանք ներշնչող վառ ու անկողմնակալ անհատականություն /կամ հասարակական կառույց/, ում ասածի հետ հաշվի կնստեն կողմերը եւ ով նաեւ հնարավոր պայմանագրի չխախտման երաշխավորը կլինի: 
Տխուր է, բայց անվերապահ Աքսակալ մենք այսօր չունենք: Այնուամենայնիվ, որպես թեկնածու կարելի է դիտարկել ազգի ճակատագրով մտահոգ ազատ մտավորականությանը, քաղաքական որոշ գործիչների: Նման դեր ստանձնելու հնարավորությունը դեռեւս չեն կորցրել նախագահական այս ընտրարաշավին չմասնակցած քաղաքական որոշակի ուժեր եւս: 

Փոխզիջում 

Իրավիճակը, վտանգավորությամբ հանդերձ, պարունակում է խաղի քիչ թե շատ արդյունավետ կանոններ ունեցող երկիր ստեղծելու պատմական հնարավորություն: Դա գրեթե բոլոր նորմալ երկրների անցած ճանապարհի կրկնություն է, երբ պահի թելադրանքով հաստատել են երկ կամ եռիշխանություն /կախված բեւեռների թվից/: Նման դեպքերում հաստատվում են իրավիճակի կայունությունը ապահովող որոշակի կանոններ` իրենց երաշխիքային մեխանիզմներով: Սա արդեն հիմք է հանդիսանում երկրի հետագա ժողովրդավարացման: 
Մեր դեպքում որպես իրավիճակից ելք կարելի է դիտարկել իշխանական ռեսուրսի հնարավոր մասնաբաժանման տարբերակը: Դա արվում է այնպիսի պայմանով եւ բաղադրությամբ, որ կողմերից յուրաքանչյուրը նոր իրողության մեջ իրեն զգա անվտանգ, այսինքն ձեռքի տակ ունենա անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու համար բավարար իշխանական ռեսուրս: Իշխանական կողմին հարկավոր է անբեկանելի երաշխիք, որ ինքն ապահովագրված կլինի, նվազագույնը, տնտեսական հաշվեհարդարից: Արմատական ընդդիմությունն այս երաշխիքը պարտավոր է տալ` մոռանալով ոչ հեռավոր անցյալի բոլոր անցանկալի իրադարձությունների մասին: Հատկապես, որ դրա դիմաց իշխանությունները զիջում են իշխանության մի մասը: 
Նույն ապահովագրվածությունը պիտի ունենա ընդդիմությունը: Սա նշանակում է, որ իշխանության ճյուղերը բաժանվելու են այնպես, որ դրանցից յուրաքանչյուրը ունենա իր հակակշիռը կամ էլ ճյուղերից յուրաքանչյուրն ինքն իր հերթին բեւեռների մեջ բաժանված լինի այնպիսի համամասնությամբ, որ որեւէ կարեւոր որոշում հնարավոր լինի կայացնել միայն կոնսենսուսով /հին Հռոմն, օրինակ, երկուական կոնսուլ, դատավոր, ոստիկանապետ ուներ եւ ընդունված էին համարվում երկու պաշտոնակիցների հավանությանը արժանացած որոշումները/: Հարկ չկա ավելի կոնկրետանալ իշխանության մասնաբաժանման հնարավոր սխեմաների վրա, համարելով, որ եթե իրականության մեջ գործը հասնի բանակցություններին, ապա անհրաժեշտ տարբերակը կգտնվի: 
Անկասկած կլինեն առարկություններ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ նման համաձայնություններն ավարտվել են կողմերից մեկի գերիշխանությամբ, սակայն պատմությունը հենց նրա համար է, որ նման փաստերը քննելով` կարողանանք ստեղծել հնարավորինս երկար ժամանակ ներքին խաղաղություն ապահովելու ունակ մեխանիզմ: 
Ամենակարեւորն այս գործընթացում կլինի այն, որ կստեղծվի իշխանության ճյուղերի տարանջատությունն ու անկախությունն ապահելու նախադրյալ, ինչն անհրաժեշտ պայման է նորմալ պետություն ունենալու համար: 

Հորդոր 

Ավելի քան հազարամյա նահանջից հետո մեր ազգը արդեն քանի տասնամյակ փորձում է վերագտնել իրեն: Եվ այս օրերին իրականում ոչ թե իշխանության կամ ընդդիմության հարցն է որոշվում, այլ ազգի հետագա ճակատագիրը: Այնպես որ, իրավիճակը պարտադրում է գտնել ազգային միասնության տանող ուղին, որը հիմք կստեղծի հզոր Հայաստան կառուցելու համար: 
Հակառակ դեպքում մենք ընդամենը հեշտացնելու ենք մեր հարեւանների` մեր վրայով իրար միանալու երազանքի իրականացումը: 
Արծրուն Պեպանյան, ,, Վերելք,, հիմնադրամի նախագահ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more