▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կկրկնի՞ արդյոք Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարդինալ Բերգոլիոյի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին

Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապ դառնալուց շատ չանցած, հայկական և թուրքական լրատվամիջոցները շտապեցին իրենց լսարաններին տեղեկացնել, որ արգենտինացի արքեպիսկոպոսը մի շարք առիթներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Երբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2004 թվականի ապրիլի 23-ին այցելեց Բուենոս Այրես, կարդինալ Բերգոլիոն միացավ նրան էկումենիկ պատարագում և խոսեց Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողության ժամանակ: Կարդինալն ասաց. «Մենք միասնական ենք ցեղասպանության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության վշտի մեջ.  ցեղասպանություն, որը հզոր կայսրությունները ձգտում են լռության մատնել և քողարկել բոլոր հնարավոր միջոցներով»:

Անցյալ շաբաթ Գարեգին Բ կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս պապին հղած իր շնորհավորական ուղերձում «քաղցրությամբ հիշեցրեց» Արգենտինայում իրենց ունեցած հանդիպումների և միասնական աղոթքների մասին, և Կաթոլիկ քահանայապետին գովաբանեց որպես «քաջ, իմաստուն և արդարամիտ հովվի»: Կաթողիկոսը անդրադարձավ կարդինալ Բերգոլիոյի՝ «հայ ժողավրդի հանդեպ ցուցաբերած անկեղծ սիրուն», հավելելով՝ «Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր Եկեղեցիների պատմական հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ: Մեծապես կարևորում ենք այն առաջընթացը, որ արձանագրել են մեր Եկեղեցիները մեր և մեր նախորդների շրջանում՝ փոխադարձ այցերով, կրթական և բարեսիրական բազում ծրագրերով»:

2006 թվականի ապրիլի 22-ին Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումների ժամանակ, կարդինալ Բերգոլիոն կոչ արեց Թուրքիային անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «հայ ժողովրդի և ամբողջ մարդկության դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ծանրագույն ոճրագործություն»: 

Վերջերս՝ 2011 թվականին, այն բանից հետո, երբ Արգենտինայի դաշնային դատարանը, ի պատասխան վերապրող Գրիգոր Հայրապետյանի հայցի, Թուրքիային մեղավոր ճանաչեց հայերի դեմ գործած Ցեղասպանություն համար, կարդինալ Բերգոլիոն հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով «ցեղասպանության նողկալի ոճիրը, որը թուրքական պետությունն իրականացրել է հայ ժողովրդի դեմ 1915-1923 թվականներին»: 

Այժմ հայերին ու թուրքերին հետաքրքրում է՝ կկրկնի՞ արդյոք Ֆրանցիսկոս պապն իր նոր պաշտոնում այն խոսքերը, որոնք նա արտասանել է որպես կարդինալ Բերգոլիո: Հայերը շատ էին ուրախացել, որ իրենց արգենտինահայ համայնքի մտերիմ բարեկամն ընտրվել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդ: Մինչդեռ թուրքական մամուլը մեծ մտահոգություն էր արտահայտնել, որ «նորընտիր Պապը կարող է [հայկական] լոբբիստական խմբերի ազդեցության տակ ընկնել»: 

 Այժմ նա բարձրացել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ամենաբարձր աստիճանին, և ոչ ոք չգիտի, թե Ֆրանցիսկոս պապն ինչ դիրք կգրավի Հայկական հարցի վերաբերյալ: Պետք է հիշել, որ Հռոմի պապը ունի երկու տարբեր առաքելություններ՝ որպես Կաթոլիկ եկեղեցու և Վատիկանի ինքնիշխան քաղաք-պետության առաջնորդ: Այլ կերպ ասած, նա թե հոգևոր առաջնորդ է, թե պետության ղեկավար: Հետևաբար, խնդրի բնույթից կախված, միշտ չէ, որ նա կարող է արտահայտել կարդինալ Բերգոլիոյի տեսակետները: Ժամանակ առ ժամանակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով, նա կարող է այնպիսի դիրք գրավել, որը կշեղվի նրա անձանական տեսակետներից և կհամընկնի Վատիկանի ավելի աշխարհիկ շահերի hետ: Հռոմի պապը որպես Վատիկանի պետության ղեկավար, հնարավոր է ստիպված լինի գործել որպես ցանկացած այլ քաղաքական գործիչ, ինչպես նախագահ Օբաման, որն ընտրություններից առաջ ասաց մի բան, իսկ հետո՝ փոխեց այն: Սակայն, որպես կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ և բարձր բարոյական արժեքներ կրող անձնավորություն, Հռոմի պապը չի կարող պարզապես անտեսել իր խորապես արմատավորված համոզմունքները կամ հակասել դրանց:

Գիտակցելով, որ Հռոմի բոլոր պապերն իրար նման չեն, հետաքրքիր է վերանայել վերջին պապերի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հովհաննես Պողոս 2-րդ պապը երկու առիթով օգտագործել է Հայոց ցեղասպանություն եզրը՝ 2000 թվականի նոյեմբերի 9-ին և 2001 թվականի սեպտեմբերի 27-ին: Սակայն, իր տարբերություն իր նախորդի, Բենեդիկտոս 16-րդը հրաժարվել է օգտագործել այդ եզրը՝ նախընտրելով Հայոց ցեղասպանությունը որակել որպես «նահատակություն» և «անասելի տառապանք»: 

Ֆրանցիսկոս պապի դեպքում հայերը կարիք չունեն պնդելու, որ նա օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրը, քանի որ Վատիկանը երկու անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ուստի, իմաստ չունի պահանջել յուրաքանչյուր նորընտիր Պապից նորից ու նորից վերահաստատել Հայոց ցեղասպանության իրողությունը: Կարևորն այն է, որ Ֆրանցիսկոս պապը չնահանջի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ավելի վաղ դիրքորոշումից. փոխարինող բառերն ու մեղմասությունները պատշաճ չեն լինի:

Հաշվի առնելով Վատիկանի դրական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ավելի լավ կլինի դուրս գալ այս հարցի շրջանակներից և փնտրել այլ ոլորտներ, որտեղ Հռոմի պապը կարող է նեցուկ լինել, ինչպես՝ անվտանգության երաշխիքներ պահանջել սիրիահայերի և այլ քրիստոնյաների համար: Նաև պետք է ջանքեր գործադրվեն ամրապնդելու համար Հայ Առաքելական և կաթոլիկ եկեղեցիների միջև առկա բարեկամական կապերը, և Վատիկանի պետության ու Հայաստանի Հանրապետության միջև ջերմ հարաբերությունները:

 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր` Հարութ Սասունյան

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more