▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պիտի ունենա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները երկրում հաճախակի փոխվեն»: Դրանից հետո, նաև դրանից առաջ նա ժամանակ առ ժամանակ խոսում էր միայն սահմանադրական փոփոխությունների մասին, ընդ որում, շեշտելով, որ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չկա: Եվ ահա, վերջերս նա խոսեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Շատերը կարծում են, որ դրանով նա կատարում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը, մասնավորաբար կապված նրա հետ, որ կհանվի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգի մասին: Հավանական է համարվում, որ Սահմանադրությունից հանվի Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակի մասին դրույթը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենի հետ միասին, Փաշինյանը փորձելու է սահմանադրական հանրաքվե անցկացնելով՝ խուսափել արտահերթ ընտրություններից: Բանն այն է, որ, մեր դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Արևմուտքը ցանկանում է, որ Ալիևի նման Փաշինյանն էլ գնա ընտրությունների և ստանա լիարժեք լեգիտիմություն՝ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար: Ավելին, ցանկալի է համարվել արտահերթ ընտրություններն անցկացնել մայիսին, իսկ ֆորս մաժորի դեպքում՝ սեպտեմբերին: Սակայն Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ անհնար է նույնիսկ վարչական լծակներով ստանալ մեծամասնություն, ուստի ցանկանում է անցկացնել հանրաքվե՝ որպես վստահության յուրատեսակ քննություն: Հաշվի առնելով վերջին ընտրությունների փորձը՝ ընտրողների մասնակցության ցածր տոկոսի հետ կապված, ինչպես նաև լուրջ կասկածներ ունենալով հանրաքվեի արդյունքների առումով, մեր տեղեկություններով, Փաշինյանն իր թիմի «իրավաբանական համայնքին» հանձնարարել է գտնել «լազեյկաներ»՝ մինչ հանրաքվեն Սահմանադրության մեջ ԱԺ-ի միջոցով փոփոխություն անելու համար:

Մասնավորաբար, ցանկանում են փոխել 207-րդ հոդվածը, այսինքն, այն դրույթը, որ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Սակայն թե՛ այս ցանկությունը, թե՛ հանձարարությունը լուրջ մտահոգություն են առաջացրել իրավաբանների շրջանում. հարցн այն է, որ գործող Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին կետով այդ փոփոխությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more