▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի

«Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգից այդ հարցը բացակայում է, և չկա արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, պահանջ, սակայն Նիկոլ Փաշինյանի հրապարակային քայլերն ու ներկուսակցական տիրույթում հրահանգներն արդեն շարքային իշխանականների մոտ կասկած չեն թողնում, որ Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Հենց սրանով է պայմանավորված ինֆորմացիոն դաշտը կնոջ հետ «փակելու», 24/7 ռեժիմով, անգամ անբովանդակ մտքերով համացանցը լցնելու Փաշինյանի վարքագիծը։ Բացի այդ, կուսակցականներին էլ հրահանգել է՝ շատ ակտիվ լինել մարզերում, շեշտել՝ ժամանակ չունենք, ժամանակը կարճ է, մարզից ընտրված պատգամավորներին նախատել է, թե՝ քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենայիք, կաբինետներում նստելու փոխարեն շրջեք համայնքներով ու փորձեք լուծել ժողովրդի խնդիրները, որ կարողանաք քվե խնդրել։ ՔՊ-ականները, մինչդեռ, տարակուսած են․ հերթական ընտրություններին մեկուկես տարի դեռ կա, մեր աղբյուրի դիտարկմամբ՝ որպես կանոն, քաղաքական ուժերն ակտիվանում են ընտրություններից կես տարի առաջ, «քանի որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի և արագ մոռանում է իրեն արված լավությունը»։
Կարծում են, որ Փաշինյանը թեև չի բարձրաձայնում, բայց գնալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ չսպասելով մինչև 2026 թվականի ամառ։ Անգամ փաստարկում են, որ արտահերթը պետք է նախևառաջ Փաշինյանին և իշխանություններին՝ առաջինը այն պատճառով, որ ներքին և արտաքին զարգացումները հուշում են, որ Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնելու է, ներկայիս 15-20 տոկոսն էլ ամիսներ անց չեն ունենալու, բացի այդ՝ կա մի կարևոր հանգամանք։ Բանն այն է, որ նախորդ՝ 2021 թվականի ընտրություններից հետո Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքների և կից փաթեթների փոփոխություններից հետո այլևս օրենքի պահանջ է, որ հերթական ընտրությունների ժամանակ նախընտրական համամասնական ցուցակի առաջին 30 թեկնածուները պետք է հաստատվեն կուսակցության համաժողովի կողմից, արտահերթի դեպքում վարչությունն է ձևավորելու, ասել է թե՝ եթե հերթական ընտրություններ լինեն, նկատի ունենալով ՔՊ-ում ներկուսակցական խժդժությունները, հնարավոր է այնպիսի ցուցակ ստանալ, որը դուրս կլինի Փաշինյանի ազդեցությունից։

Կուսակցական համաժողովի ժամանակ առաջադրված կամ ինքնառաջադրված թեկնածուներին պետք է ընտրեն համաժողովի պատվիրակները, առավելագույն ձայներ ստացած երեսուն թեկնածուն, ըստ ստացած ձայների, կզբաղեցնեն ցուցակի առաջին երեք տասնյակը։ Եթե հիշենք ՔՊ նախորդ համագումարը, որի ժամանակ ներթիմային խմբավորումները գործի անցան և կեղծեցին վարչության ընտրությունները, ապա մեծ է հավանականությունը, որ առաջիկա ընտրությունների ժամանակ էլ կարող են ուժեղ խմբավորումներ ձևավորվել և Փաշինյանին դնել «անգլիական թագուհու» կարգավիճակում, քանի որ 30 «ընտրյալներն» էլ իրենց հերթին լեգիտիմ իրավունք են ստանալու՝ ցուցակում որոշակի թվով յուրայինների ընդգրկել։ Մինչդեռ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը միայնակ վարուցանք կանի և իր ճաշակով ու մարդկանցով ընտրացուցակ կձևավորի՝ ցուցակում թիմակիցներից շատերի հայտնվելն էլ ներկայացնելով որպես իր բարեգթության նշան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more