▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Մաթևոսյան. Քեզ կուլ են տվել, ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս

Լավը չես, խեղճ ես, լավը չես, զավակս,որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լավը չես, մեջդ վրեժ չկա:Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր,որ բանակ չէին տարել-ասում է չարությունից պայթում էր`որ մի ձի իրենից առաջ էր ընկնում:Հեւում էր, թոքերը չխչխկացնում էին, քթերից կրակ էր թռչում-իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից:Քո պապի պահած շունն էլ պիտի էդպիսին լիներ, նրա զավակն էլ, չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպիսին լիներ:Դու լավը չես:

 

 

 

 

 

 

 

 

Ինչ իմանացողի հարցնում եմ` գովում ու ծիծաղում է-իբր թե լավն ես, խղճով ես, եւ էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտքերի տակ վառվում էր… բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի` որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի`որ թքեն: Քեզ կուլ են տվել, ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս:Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ -երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է:Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր, գիտե?ս ինչի համար-բոլորին կարող էր վնաս տալ:Կարող էր:Նրա վտանգը ծովիանի, ծովիանի նման խաղում էր ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա եւ ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուծազդ խեղճուկրակի գլխին:Բոլորի համար նրա լավությունն էն էր` որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չէր արել:

…..Դուք ձեր սերը թաշկինակ եք անում կապում աչքերիդ, որովհետեւ վախենում եք բաց աչքերով նայել ու ատել-հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն:Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ` չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի-տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու պես մի անգամ կանգնեք` թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք` ձեզ թող զոռով կոտրեն-մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն: Պեծն աչքը կոխեիր, իմ հերը աչքը չէր ճպի:Իմ հերը կնայեր:Իմ հերը կնայեր, կտեսներ ու կպահեր աչքերի ետեւում: Իմ հերը չէր մոռանում, մեծ պաշարի տեր էր:Ոսկու պես, ոսկու պես, իր պահած ոսկու պես մեկ աչքառ էր ելնում իմ հոր հիշողությունը, մեկ թաքնվում, բայց երբեք չէր կորչում, երբեք, մի բուռ մարմնի մի ծալքում պահված էր,տեղն եկավ` սրբած թրի նման դուրս էր քաշում իմ հերը հին հաշիվները:Ահա իմ հերը, էն` քոնոնք, ահա իմ հերը,-ո՞րն ես:

 


Հրանտ Մաթևոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more