▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեբունու» տնօրենի հարցազրույցը հայտնվել է ադրբեջանական CBC-ի ռեպորտաժում. պարզաբանում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ուրարտական թագավորության մասին հարցազրույց է տվել ամերիկյան մի ընկերության, սակայն նրա խոսքը հայտնվել է ադրբեջանական CBC ալիքում` Երևանի մասին խեղաթյուրող ռեպորտաժում։ Բադալյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։

Նա նշել է, որ 2023 թվականի նոյեմբերի 27-ին իր հետ կապ է հաստատել վավերագրող–ռեժիսոր Սեդա Գրիգորյանը և տեղեկացրել, որ ամերիկյան ընկերություններից մեկը ցանկանում է գիտահանրամատչելի ֆիլմ նկարահանել ուրարտական թագավորության մասին։ Բադալյանն ու արգելոց–թանգարանի փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանը հարցազրույց են տվել Սեդա Գրիգորյանի թիմին ու պատմել, որ Հայաստանն է ուրարտական տերության ժառանգորդը, անդրադարձել են նաև Էրեբունի, Կարմիր բլուր, Օձաբերդ և այլ հնավայրերում վերջին տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների մասին:

«Փաստորեն, Սեդա Գրիգորյանին տրված իմ ծավալուն հարցազրույցից կտրված մի փոքրիկ հատված ինչ-որ ուղիներով տեղ է գտել այդ խեղաթյուրող նյութում: Այդ հատվածում ես խոսում եմ Էրեբունու բազմաշերտ լինելու մասին, և Էրեբունի հնավայրն ունի ոչ միայն ուրարտական կամ հետուրարտական, այլ նաև անտիկ և միջնադարյան շերտեր: Այսինքն մատնանշում եմ Էրեբունի-Երևանի ժառանգական շարունակությունը: Հենց այս հատվածն է կտրվել և դրվել ադրբեջանական կեղծարար նյութում»,– գրել է Բադալյանը:

Նա ընդգծել է, որ փորձ է արվել ներկայացնել, թե իբր Էրեբունին ոչ թե ուրարտական է, այլ միջնադարյան՝ կտրելով իր խոսքը։ Վստահեցրել է` ինքը չի մասնակցել այդ հաղորդման պատրաստմանը:

Թանգարանի տնօրենը շեշտել է, որ Սեդա Գրիգորյանը նույնպես նշել է` ինքը տեղյակ չէ այդ ամենից, համագործակցել է ամերիկյան ընկերության հետ և, հավանաբար, իրեն խաբել են:

Բադալյանն ադրբեջանական այդ նյութը որակել է որպես խեղաթյուրող, շինծու, նենգ, որտեղ ամեն-ինչ արվել է, որպեսզի Երևանը ներկայացվի որպես թյուրքական ցեղերի բնակատեղի, իսկ հայերը` որպես վանդալ: CBC ալիքի ռեպորտաժում նաև նշվում է, իբր հայերը հորինել են, թե Երևանը Հռոմից հին է, բայց հին քաղաքի որևէ վկայություն չունեն:

«Նրանք նաև հորինում են, որ Հանրապետության հրապարակի մոտ հայերը պեղել են կառույցներ և իմանալով, որ դրանք ադրբեջանական են, ծածկել են դրանք»,– նշում է Բադալյանը:

Նա վստահ է` այս ամենը կապված է իր գործունեության հետ և, հատկապես, Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ուղղված իր պայքարի, քանի որ այդ դասագրքում որևէ տող չկա, որ Էրեբունին և Երևանը իրար հետ կապ ունեն:

Թանգարանի տնօրենի կարծիքով` հենց իր հարցազրույցն է տեղադրվել ադրբեջանական ԶԼՄ–ի ռեպորտաժում, քանի որ ցանկանում են «փչացնել» իրեն։ Նա ընդգծել է` ոչ ոքի չի հաջողվի հայից խլել ու ջնջել իր ինքնությունը, պատմությունը, ժառանգությունը։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more