«Յուրա Մովսիսյանն ընդամենը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է: Նրա հետ ինչ համագործակցություն պետք է ունենա Ֆուտբոլի ֆեդերացիան. նա պետք է խաղա, թող գա, խաղա: Չեմ հասկանում, թե ինչ համագործակցություն կարող է լինել Ֆուտբոլի ֆեդերացիայի և ֆուտբոլիստի միջև»,- այս մասին այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Վերջինիս խոսքով` ինքը չի հետաքրքրվում, թե ովքեր են հրավիրվում հավաքական.
«Թե ովքեր և ինչի են հրավիրվել, դիմեք հավքականի մարզիչին, նա կպատասխանի: Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում, թե ովքեր են հրավիրվում հավաքական: Չգիտես ինչի մարդիկ չեն ուզում հավատալ դրան: Եթե իմ անձնական կարծիքը լիներ, այնտեղ մի քանի ֆուտբոլիստ կա, որոնք չպետք է հրավիրվեին հավաքական: Դա իմ անձնական կարծիքն է»:
Լրագրողի այն հարցին` արդյո՞ք խոսքը Յուրա Մովսիսյանի մասին է, Ռուբեն Հայրապետյանը նշեց.
«Յուրան տենց հատուկ ֆուտբոլիստ չի, անընդհատ Յուրա, Յուրա, Յուրա: Ինձ համար բոլոր ֆուտբոլիստները հավասար են, բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր օգտակար կլինեն մեր հավաքականի համար, մենք պարտավոր ենք նրանց գնահատել: Կան մարդիկ, ովքեր մարզիչի հրավիրած այդ կազմի հետ համաձայն չեն: Ես չեմ ցանկանում անուններ տալ, իմ կարծիքով` Ռուբեն Հովսեփյանը պետք է լիներ հավաքականում»:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին և հունիսի 4-ին անցկացնելու է ընկերական հանդիպումներ Մալթայի և Մոլդովայի ընտրանու հետ: Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր, որոնց թվում է նաև շվեդական «Յուրգորդեն» թիմում հանդես եկող Յուրա Մովսիսյանը, որին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը երկար ժամանակ և անհասկանալի պատճառներով չէր հրավիրում հավաքական:
Կարդացեք նաև` Չկա մեկը, ով ինձ կարա պարտադրի, որ հեռանամ. Ռուբեն Հայրապետյան