▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղության օրակարգը ունի իր մեթոդաբանությունը և գործիքակազմը. այն ֆելիետոնյան հայտարարություն չէ

«Ապրելու երկիր» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խաղաղության օրակարգը ունի իր մեթոդաբանությունը և գործիքակազմը. այն ֆելիետոնյան հայտարարություն չէ

Զինված հակամարտությունների խաղաղ կարգավորման պատմության վերջին 44-45 տարիների լավագույն օրինակը թերևս 1979 թ. եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագիրն է, որի հիմքում դրված են 1978 թ. ստորագրված քեմփդևիդյան համաձայնագրերը: Այդ ժամանակ շատերի համար եգիպտա-իսրայելական հաշտությունը անհավանական էր: Սակայն, ինչպես ասում են՝ դիվանագիտությունը հնարավորի արվեստ է: Գործի դրվեց միջազգային երաշխավորի ինստիտուտի գործոնը, որը ստանձնեց ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերը:

ԱՄՆ-ը հրապարակայնորեն փաստացի երաշխավորեց Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի և Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինի միջև ստորագրվելիք հաշտության պայմանագիրը: Իրադարձության հնչեղության մասին վկայությունը՝ Սադաթի և Բեգինի Խաղաղության նոբելյան մրցանակների արժանանալն էր:

Ինչպե՞ս հաջողվեց միմյանց նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող և մի քանի կատաղի պատերազմների միջով անցած կողմերին հասնել խաղաղության.

1. Նշված խաղությունն ուներ փաստացի երաշխավորող:

2. 1973 թ. արաբ-իսրայելական պատերազմում պարտված Եգիպտոսը նախագահ Սադաթի շնորհիվ մնաց տարածաշրջանային գործոն:

3. ԱՄՆ-ի «դաշնակիցը» դառնալու համար և Իսրայելի հետ խաղաղության դիմաց Սադաթը պահանջեց և ետ վերադարձրեց իսրայելական զորքերի կողմից բռնազավթած եգիպտական բոլոր տարածքները:

4.Սադաթը հանուն խաղաղության չէր զիջում զիջելու համար:

5. Աշխարհաքաղաքական առումով Սադաթը «սառը պատերազմի» շրջանակներում սպասարկում էր բացառապես եգիպտական շահերը:

6. Բանակցային գործընթացի մեկնարկից ի վեր Իսրայելը չէր սպառնում պատերազմով Եգիպտոսին և չէր հավակնում եգիպտական նոր տարածքների. Իսրայելը իրապես ձգտում էր խաղաղության:

7. Սադաթը չսխալվեց խաղաղություն հաստատելու ճիշտ պահի ընտրության հարցում:

Իրականում դժվար է զուգահեռներ անցկացնել արաբ-իսրայելական հակամարտության և Արցախի ու Հայաստանի շուրջ ընթացող ներկայիս զարգացումների միջև, սակայն խաղաղություն հաստատելը ունի իր մեթոդաբանությունը և գործիքակազմը. այն ֆելիետոնյան հայտարարություն չէ:

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, և մասնավորապես 2021 թ. ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայկական քաղաքական խոսույթում ի տարբերություն 2018-2020 թթ. «Արցախը՝ Հայաստան է և վերջ» քաղաքական վերջնագրի ընկալում ունեցող ձևակերպման, գերակայող դարձավ «խաղաղության օրակարգը», որը տրամաբանորեն աղերս չունի իրական խաղաղության հետ:

44-օրյա պատերազմում կրած պարտությունը, Ադրբեջանի և Արցախի հարցում՝ առանց աշխարհաքաղաքական նոր իրողությունների վերլուծության՝ (նոր աշխարհակարգի շուրջ գլոբալ պայքարը, ուկրաինական ժգնաժամը և այլն) Հայաստանի իշխանությունների վարած կարճատես և պատրանքներով հագեցած արտաքին քաղաքականությունը Արցախը և արցախահայությանը կանգնեցրեց այսօրվա փաստի առջև: Ավելին, միակողմանի կերպով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց միջազգային հստակ երաշխավորության՝ առ այն, որ նույն քայլը կանի նաև Ադրբեջանը Հայաստանի հարցում, պաշտոնական Բաքվի գործնականում հայատյաց սպառնալիքներին դիմադրելու հարցում Հայաստանը փաստացի մնացել է մենակ՝ ակնկալելով միջազգային խաղացողների կողմից Ադրբեջանին չափի մեջ դատապարտող կոչերից ավելին, իսկ արցախահայությունը հայտնվել է էթնիկ զտման վտանգի առաջ:

Հ.գ. դիվանագիտությունը հնարավորի արվեստ դարձնելու համար Հայաստանին հարկավոր է քաղաքական նոր ուժ, որը պետք է կարողանա վերաիմաստավորել խաղաղության օրակարգի մեթոդաբանությունը և գործիքակազմը՝ հաշվի առնելով հայկական շահերի առաջնահերթությունը, զերծ մնալով հախուռնության և քաղաքական կարճատեսության արատներից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին