Միկոյանի արձանի տեղադրումը խայտառակություն է, թե՞ անհրաժեշտություն։ Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց կարծիքները հայտնեցին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և գրող, գրականագետ Արտեմ Հարությունյանը։
Եթե Արտեմ Հարությունյանը կարծում էր, որ խոսք է գնում վիթխարի մարդու մասին, ապա Ավետիք Իշխանյանի կարծիքով` խոսք է գնում ողորմելի մադու մասին:
«Միկոյանը խելոք անձնավորություն էր, լուրջ մտավորական, քաղաքագետ: Նրա մասին եվրոպական թերթերը գրում էին. Մահացավ մի մարդ, որ էսկիմոսներին կարող էր էսկիմո պաղպաղակ վաճառել: Սա, թերևս, փոխաբերական իմաստով: Նրան տնտեսագիտության հանճար էին համարում: Նա Սովետի զարգացումն ու առաջընթացը իր ուսերի վրա տարավ»,-ասաց Արտեմ Հարությունյանը:
Ավետիք Իշխանյանյանն էլ հակադարձեց` բերելով փաստարկներ Միկոյանի` ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում թողնելու դիրքորոշման, 1919 թվականին Լենինին գրված նամակում հայկական իմպերիալիզմի ջախջախման, Լեհաստանում 22.000 լեհ սպայի սպանության մասին:
«Սա նշանակում է, որ չենք հարգում մեր անկախությունը: Ոնց որ մղձավանջային երազ լինի: Ավելի լավ է ինքը գնդկահարվեր, քան մյուսները: Մուղդուսու արձանն էլ տեղադրեք: Քծնանքը չէ, որ պետք է բարելավի հայ-ռուսական հարաբերությունները»,-նկատեց Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով` եթե դրվի Միկոյանի արձանը, ապա պետք է պայթեցնել, կամ էլ առնվազն ամեն օր ձեռքերը ներկել կարմիր ներկով: