▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերադարձ առաջին մրցանակով

Հոգի սպանող, գեշ ժամանակներ են: Աշխարհն, իրոք, շուռ է եկել: Եվ շուռ է եկել արժանավորների ու իսկական արժեքների գլխին: Ամեն դեպքում, փառք այն հոգիներին, ովքեր կարողանում են, առանց ապականելու իրենց եսը, պարզել սեփական առագաստը և ընթանալ դեպի բաղձալի հանգրվան: Այդ քչերից մեկին՝երգիչ Հայկ Մխոյանին,անձամբ ճանաչում եմ: Նա նվիրյալն է կոմիտասյան զուլալ ակունքների, հայոց ազգային, աշուղական, ժողովրդական երգ ու տաղի... Օտար քանի՜-քանի՜ քաղաքների լեփ-լեցուն դահլիճներում է ելույթներ ունեցել Հայկ Մխոյանը, անշինծու համեստությամբ իր անձը զարդարող երիտասարդ այս երգիչը: Իսկ բարեգործական համերգնե՞րը, տարբեր միջոցառումների ժամանակ նրա անհատույց ելույթնե՞րը... Ինչևէ. օրեր առաջ Հայկը հրավեր էր ստացել մասնակցելու Բուլղարիայի Վառնա քաղաքում կայանալիք «Sea And Memories» («Ծով և հիշողություն») երգի միջազգային մրցույթ- փառատոնին: Խստապահանջ ժյուրին մեր երիտասարդ երգչին գնահատեց ըստ արժանվույն և նրան հանձնեց առաջին կարգի դափնին՝ երևելի փառատոնի գլխավոր մրցանակը: Հուրախություն մեզ, փառատոնի ավարտից հետո, Հայկ Մխոյանը հրավերք ստացավ մասնակցելու 15.06.2014թ. Իսպանիայում կայանալիք երգի միջազգային մրցույթ- փառատոնին, որը տաղանդաշատ երգչին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ օտարազգի արվեստասերին ներկայացնել հայկական մաքրամաքուր երգն ու մեղեդին: Ի դեպ ուրախությամբ նշենք նաև այն, որ որոշակի ակնկալիքներ կան, որ Հայկ Մխոյանը հերթական մրցույթ-փառատոնից հետո հրավերք կստանա նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Չինաստանից: Ասել է, թե սիրելի երգչին նոր փորձություններ և նոր հաղթանակներ են սպասվում... Այսքանից հետո գուցե ավելորդ է նշել, որ Հայկ Մխոյանը իրապես կայացած արվեստագետ է, կայացած երգիչ, ով ի վերուստ կոչված է ծառայելու հայ երգարվեստին և չլինելով մամոնայի գերին և ոչ էլ դրանով հարուստ (իր ազնիվ հոգեկերտվածքը նրան թույլ չի տալիս մղվել «երանելի ասպարեզ, ուր ձգտում են շատ ու շատ «աստղեր ու աստղիկներ»): Եվ չլինելով այդ դաշտում, իր արվեստը չծառայեցնելով սեփական շահին, ուստի՝տխուր, բայց օրինաչափ է, որ սոսկ ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում արձագանքել շատերի համար երազելի,արտասահմանյան բազմաթիվ հրավերների: Հայ ժողովրդական երգը,իսկապես, կարիք ունի անմնացորդ նվիրյալների,որպիսիք, ցավոք, սակավաթիվ են: Հայկ Մխոյանը, ի պատիվ իրեն, վերջինների թվում է և որքան օրհնյալ պիտի լինեն ֆինանսապես օժտված, հայ երգարվեստի, առհասարակ, հայ մշակույթի հարկն ու պատիվն իմացող պատվարժան այն անձինք, ովքեր մանթաշովյան հոգեբանությամբ, իրենց անշահախնդիր օգնությունն են ցուցաբերելու միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Հայկ Մխոյանին, այսինքն՝ նրան, ով իր երգով երկիր ու հայրենիք է ներկայացնում: Ներկայացնում է պատվով, արժանապատվությամբ ու պարտքի խորը զգացումով սեփական եսի ու իր հայրենիքի հանդեպ:

 

 

Ակնկալիքներով՝

Հակոբ Սրապյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին