▲ Դեպի վեր

Շաբաթ, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Վախենամ՝ վերջին սպարապետը ոչ թե Վազգենն է, այլ Սուրենը...»

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Կարծում եմ այժմ գործի է դրված մի մեխանիզմ, որի վերջնական նպատակը Հայաստանի ապառազմականացումն է՝ բանակի գրեթե լուծարումը, ընդ որում, ոչ թե ուղիղ ուժի սպառնալիքի տակ, այլ «կամավոր»:

Բանն այն է, որ Հայաստանի ՀՆԱ-ն, պարտքը և բյուջեի եկամուտները 2018-ից աճել են նկարում պատկերված դինամիկայով: Այդ աղյուսակից կարելի է տեսնել, որ ռուս-ուկրաինական պատերազմի ու սանկցիաների բերումով մենք իսկույն ստացել ենք մոտ 7 միլիարդ դոլարի տարեկան լրացուցիչ ՀՆԱ, որի բերումով էլ աճել է բյուջեի եկամտային մասը:

Այդ պատահաբար մեր բաղչեն շուռ եկած պեչենու ֆուռի հետ կարելի էր վարվել երկու տարբերակով՝ ուտել-խմել գնա կամ մնայուն բան ստեղծել: Այլ կերպ ասած՝ կատարել ընթացիկ ծախսեր (թոշակ բարձրացնել, պրեմյա բաժանել, վոյաժների գնալ, վարկ փակել) կամ կապիտալ ծախսեր (ներդրումներ անել զարգացման վրա):

Տարեկան կապիտալ ծախսերը 2022-2024 կազմել են 1-1,8 մլրդ դոլար, որի մոտ կեսը միշտ ուղղվել է պաշտպանությանն ու անվտանգությանը, իսկ մյուս կեսը դպրոցաշինությանն ու ճանապարհաշինությանը:

Մինչդեռ այս ընթացքում արդյունաբերությունը դանդաղ է աճել, գյուղատնտեսությունը ունեցել է զրոյական աճ կամ նույնիսկ կրճատում: Իրենց լավ են դրսևորել շինարարությունը, անշարժ գույքի հետ կապված գործառնությունները, առևտուրը և բանկերը:

Պետք չի լինել համաշխարհային մասշտաբի ստրատեգ-տնտեսագետ հասկանալու համար, որ եթե ինչ-որ պահի հանկարծ Ռուսաստանի սանկցիոն խթանիչը անհետանա մեծ հավանականությամբ մենք վերադառնալու ենք գրեթե այն կետին որից սկսել ենք, որովհետև կապիտալ ծախսերը չենք ուղղել այն ոլորտներին, որոնք հետո կպահեին տնտեսության հետգլորումը, իսկ շինարարության ու բանկերի ոսկեդարը վստահաբար մոտենում է իր ավարտին: Մենք հիմա արտահանում ենք ապրանքներ, որոնք մենք չենք արտադրել, իսկ դրանից էկող փողը չենք ներդնում որպեսզի հետո արտահանենք ապրանքներ, որոնք մենք ենք արտադրել: Ինչ որ պահի մենք սեփական ապրանք չենք ունենա, իսկ սանկցիոն ապրանքներ չեն լինի՝ այդ ժամանակ կսկվի բուն ճգնաժամը:

Արդյունքում մենք 2 անգամ շատ պարտքով (որը հիմա ևս ինտենսիվորեն ավելացվում է), բայց մոտ 2 անգամ քիչ ՀՆԱ-ով (ըստ այդմ 2 անգամ քիչ բյուջեով) կանգնելու ենք ծայրահեղ դժվար որոշումների առաջ, երբ պետք է լինելու շեշտակի կրճատել ծախսերը: Մեր երեք ամենախոշոր ծախսերը սոցիալական ծախսերն են, պաշտպանական ծախսերը ու պարտքի սպասարկումը (որի կեսը արտաքին, կեսը ներքին պարտք է): Վստահաբար ոչ ոք չի պատրաստվում գցել արտաքին պարտքատերերին, որովհետև նրանք շատ վտանգավոր են ցանկացած կառավարության համար՝ հետևաբար մնում է երեք տարբերակ՝ կրճատել թոշակները, գցել ներքին պարտքատերերին ովքեր գնել են պետական պարտատոմսեր, կրճատել բանակը:

Ահա այստեղ էլ տեղի է ունենալու Հայաստանի դեմ դավադիր այդ կոնսենսուսը, երբ իշխանություն փոխելու համար ժողովրդական ալիք հանդիսացող անապահով խավը ասելու է «բա հո սովից չենք մեռնի», իշխանություն փոխելու համար ռեսուրս ու ազդեցություն ունեցող ապահով խավը ասելու է «բա հո ողջ խնայողությունները չենք կորցնի», իսկ միջին տարիքի մարդիկ ուրախանալու են իրենց երեխաների բանակ չգնալու համար: Վերջին հաշվով «ի՞նչ կարիք կա ունենալ բանակ խաղաղության շեմին կանգնած՝ հատկապես երբ այդ բանակը չի կարողանալու հաղթել մի քանի հարյուր միլիոն թուրքալեզու ազգերին, բայց նաղդ մի միլիարդ տարեկան փող է ծախսում»:

Աստված տա սխալվելիս լինեմ, բայց վերջին 5 տարվա փորձը հուշում է, որ եթե Ալիևը հնչեցրել է պահանջ՝ ապա Նիկոլը իրականությունն ու գործընթացները այնքան է պտտեցնելու մինչև գտնի մեխանիզմ այդ պահանջը կյանքի կոչելու: Եվ վախենամ թե վերջին սպարապետը ոչ թե Վազգենն է, ով ամեն ինչ արել է, վերջինը չլինելու համար, այլ Սուրենը...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին