▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը դիմել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազին և նահանգապետին

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը դիմել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազին և նահանգապետին՝  հորդորելով Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ-ում գտնվող առանձնատունը բռնագրավելուց  և վաճառելուց հետո՝ գումարը  ոչ մի դեպքում չփոխանցել Հայաստանին։

«Պարոնայք, ՀՀ կառավարությունը մինչև ականջները թաթախված է կոռուպցիայի, կաշառակերության, մարդու իրավունքների ոտնահարման  գերագույն աստիճանի մեջ, ՀՀ-ում ամեն օր տեղի են ունենում կազմակերպված  սպանություններ, ՀՀ մտնող՝ արտաքին օգնության կամ պարտքի տեսքով գումարները ու՞ր է գնում՝ որևէ մեկը չգիտի։ 

2018-ից հետո, վեց տարվա մեջ,  ՀՀ-ում  չի ազատազրկվել քրեական գործերով անցած գեթ մեկ նախկին պաշտոնյա, հակառակը՝ շատերն արդարացվել են, ապօրինի գույքով անցնող որևէ պետական այր նույնպես  չի դատապարտվել։ 

Պարոնայք, ես դիմում եմ Ձեզ․  Գագիկ Խաչատրյանի տան վաճառքից ՀՀ-ին որևէ կոպեկ չփոխանցեք․ Գագիկ Խաչատրյանը Հայաստանում ավելի շատ գույք ունի, քան ԱՄՆ-ում՝ որևէ մեկը բռնագրավված չէ։ 

Պարոնայք, ես առաջարկում եմ Կալիֆոռնիայում՝ Ձեր ներկայությամբ, օրինակ,  ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ կազմակերպել իմ բանավեճը և ես ներկայացնեմ իրականությունը․ Ես հանդես կգամ ՄՆ-ի շահերից և  վստահեցնում եմ, որ բանավեճի արդյունքից ելնելով հնարավոր է նույնիսկ կալանքի որոշում կայացնեք Աննա Վարդապետյանի նկատմամբ»։

Վարդան Ղուկասյանը նշել է, որ հաղորդումը թարգմանաբար ուղարկվելու է ինչպես վերը նշված անձանց, այնպես էլ ԱՄՆ-ի արդարադատության նախարարին  և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ դատախազությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի»:

Ըստ հաղորդագրության՝ առանձնատան վաճառքի արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանին վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում:

Ավելի վաղ էլ իրավաբան Արմեն Սաքապետոյանը համոզմունք էր հայտնել, որ  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Լոս Անջելեսի առանձնատունը եթե նույնիսկ բռնագանձվի ամերիկյան իշխանությունների կողմից, ապա դրա արժեքը կազմող գումարը Հայաստանին չի կարող փոխանցվել։

Պատճառն, ըստ մասնագետի, այն է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ չունի փողերի լվացման դեմ պայքարի համաձայնագիր, որով կնախատեսվեր ապօրինի որակված գումարի փոխանցումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին