Հրայր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է տասը տարի առաջ Վանո Սիրադեղյանի կողմից գրված «Հայկական թալիբանից» մի քանի հատված ու նշել է, որ դա անում է թալիբների «թեմայի»-ն մոտենալով...
«Ռուսները Թուրքիա ու Բալկաններ գազը անց են կացնում Սեւ ծովի տակով, Ռուսաստան-Թուրքիա ավտոուղին անցնում է Վրաստանով, ծովային ուղիները, բնականաբար, Սեւ ծովով եւ Կասպից ծովով, իսկ երկաթուղին էլ, ահա, Ադրբեջանով: Որից հետո Ռուսաստանի ու Վրաստանի համար գոնե անիմաստ է դառնում Ջուլֆայի երկաթուղային հանգույց ու Մեղրու երկաթուղին՝ այսինքն, հայկական երկաթուղու տրանզիտային նշանակության առնվազն կեսը: Եւ Հայաստանը դառնում է մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա նստած հազարամյա քոռ բու:
Եւ որպեսզի հայ ժողովրդի պատմական հիշողությունը շատ չվիրավորվի թուրքերի հետ ավելորդ շփումից, Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը Թուրքիայի հետ շփվի օդով, ապագայում, Մեծամորի հոսանքի լարերով: Ու դեռ Արամը (ճիշտ է՝ անվստահորեն) գրում է, թե՝ «հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական գործոններն են աշխատում, ոչ թե քաղաքական»: Իսկապես որ, Ռուսաստանը նոր լարեր հո չի քաշելու (շուկայական տնտեսության այս դարում) Կրասնոյարսկգէսից մինչեւ Էրզրում, եթե Մեծամորի ատոմակայանը հրես՝ Թուրքիայի սահմանի վրա, հայերի պատմական հիշողությունն էլ (ու բարգավաճելու շանսը՝ հետը) հուր-հավիտյան մեկուսացված ռուսական սահմանապահ զորքով: Միայն ապշել կարելի է, թե մի ժողովրդի ազգային զգացմունքները ինչ աստիճանի շուկայական արժեք ունեն մի այլ ազգի համար: Առավել ապշելունն այն է, որ հայերի գործնականության մասին առասպելը ամեն անգամ իրականության հետ շփվելիս հօդս է ցնդում: Հայությունը իրեն ավելի ապահով զգում է անցյալի մեջ, ուր ամեն ինչ տեղի ունեցել-վերջացել է, եւ որեւէ բան որոշելու անհրաժեշտություն չկա: Բայց ամբողջ ցավն այն է, որ ուրիշները ամեն պահ որոշում են ընդունում (այդպիսին է մարդուս բնույթը): Եւ որոշում ընդունողները ընդունում են նաեւ նրանց փոխարեն, ովքեր որոշում ընդունելու ընդունակություն կամ խիզախություն չունեն: Եւ իհարկե, այդ որոշումները մեր մասով լինում է անցնող-դարձողի որոշումը՝ ճանապարհին ընկած քարի մասին: Մեկը վերցնում դնում է ճամփեզրին, մեկը ոտքի թաթով շպրտում է հեռու՝ նայած իր ուժին ու քարի չափսին...
Եւ այսպես, տարածաշրջանի կոմունիկացիների անցուդարձին հեռվից նայող Հայաստանին մի բան, այնուամենայնիվ, նմում է, որ Հայաստանը քրիստոնեական սիրուց դրդված Ռուս-Բելոռուս Միության հետ կապվի... օդով: Վրաստանի օդով անցնող հայ քաղաքական բթամտության չժանգոտող պողպատե լարով: Այս էլ ձեզ՝ Հարավ-Հյուսիս առանցք: Ահա եւ ձեզ կոմպլեմենտարիզմը գործողության մեջ: Ահա եւ ձեզ Ցեղասպանության դատապարտում՝ կենդանի երկրի փոխարեն: Փաթեթային տարբերակն էլ՝ վերադիր: Այսպես ավելի շուտ կմոտենանք Հայաստանը փաթեթավորելուն: Կամ՝ Զմռսելուն: Բայց ուրիշ ի՞նչ աներ Ռուսաստանը, եթե Հայաստանը անմիտ քարի նման ընկած է Հարավի ու Հյուսիսի, Արեւմուտքի ու Արեւելքի ճանապարհին: Ի՞նչ է լինում պարտիզպանի շան կամ դեզի վրա նստած շան հետ, որը ոչ ինքն է ուտում, ոչ ուրիշին է մոտ թողնում: Պարտիզպանի շան հետ լինում է այն, որ կա´մ սովից սատկում է, կա´մ տալիս սատկացնում են»