▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդու անհավատարմությունը վկայող ակնհայտ նշանները

Դուք միասին ապրում եք բավականաչափ երկար և վստահում եք իրար, ինչպես սեփական անձին: Բայց հանկարծ նրա պահվածքում անսպասելի փոփոխություններ եք նկատում, և տագնապը պարուրում է ձեզ` «Նրա կյանքում այլ կին է հայտնվել»… 

Երբեմն պարզվում է, որ դա իսկապես այդպես է, երբեմն էլ իրականությունն ամենևին այլ է լինում: Ինտուիցիան /հայտնատեսությունը/ զորեղ գործիք է, և արժե վստահել դրան, բայց դուք, իմաստուն կին լինելով, պետք է իմանաք տղամարդու անհավատարմությունը վկայող «հավաստի» նշանները, որոնք ուսումնասիրելու դեպքում չեք սխալվի եզրահանգումների մեջ:

Նշաններ, որոնք չպետք է անտեսել

Նա սկսել է ավելի շատ հետևել իրեն

Ձեր տղամարդուն առանձնապես բնորոշ չի եղել իր արտաքինի, հագուստի նկատմամբ ուշադիր վերաբերմունքը: Հինգ տարվա վաղեմության սովորական մարզաշապիկը նրա մշտական «ուղեկիցներն» էին տանը: Եվ հանկարծ նա կտրուկ փոխում է իր վերաբերմունքը արտաքին տեսքին: Սկսում է մոտավորապես այսպիսի հարցեր տալ` «Տեսքս ոնց է», «Կոստյումս շատ հնաոճ չի, չէ», «Ինչ փողկապ ընտրեմ»:

Հանկարծ նա գալիս է եզրակացության, որ ժամանակն է զբաղվել մարզանքով, ձգել մկանները և վերադարձնել մարմնի երբեմնի մարզավիճակը: Սովորականից երկար է կանգնում հայելու առջև` ինչ-որ բան մտածելով: Կամ` սկսել է ավելի հաճախ այցելել վարսավիրանոց, վազում է առավոտները կամ սպորտդահլիճ է հաճախում: Իրեն թանկարժեք օծանելիք է գնել, նոր ներքնազգեստ… Եվ այդ կապակցությամբ արված ձեր զարմացական արտահայտություններին ի պատասխան կամ լռում է, կամ էլ ասում` «Բայց չէ որ ինչ-որ մի օր պետք էր սկսել ավելի շատ հետևել ինքս ինձ: Համ էլ` այս ամենը քեզ համար է»: 

Ի դեպ, կտրուկ փոփոխությունները կարող են կապված լինել ոչ միայն արտաքին տեսքի, այլև առողջության հետ: Տղամարդն անսպասելիորեն սկսում է հետևել` նորմալ է արդոք իր ճնշումը, արյան անալիզ է հանձնում /ապահովության համար/, վիտամիններ է ընդունում տոկունությունը մեծացնելու համար, օգտագործում է շամպուն /կրեմներ/ մազաթափության դեմ:

Գաղտնի հեռախոսազրույցներ է ունենում

Համենայն դեպս, նմանատիպ խոսակցությունները տղամարդկանց պարագայում միշտ ինչ-որ բան նշանակում են:

Նրան սովորականից ավելի քիչ եք տեսնում

Շաբաթվա մեջ ուրբաթ օրը նա սկսել է պարտադիր շախմատ խաղալ… Կամ արդեն երկրորդ շաբաթն է` սովորականից ավելի երկար է աշխատում: Հանկարծ սկսել է գործուղումների մեկնել, որոնք առաջ չկային: Ասում է, թե աշխատավայրում իրեն ուղղակի հեղեղել են գործերով` չնայած դա աշխատավարձի վրա ոչ մի կերպ չի անդրադառնում: Նույնիսկ հակառակը. նա սկսել է ավելի քիչ գումար տալ կամ էլ վերջին շրջանում ընդհանրապես չի տալիս: Առաջին անգամ այսքան տարվա մեջ խոսում է արձակուրդն առանձին անցկացնելու մասին…

Թաքուն sms /էլ.նամակ/ է ուղարկում

Նույնը վերաբերում է և էլեկտրոնային փոստին: Ընդհանրապես նա սկսել է երեկոյան ավելի երկար նստել համակարգչի առջև կամ փակվել զուգարանում` բջջային հեռախոսը ձեռքին: Մի հուսադրեք ձեզ նրանով, թե պարզապես խաղ է խաղում: Փորձեք աննկատ մոտենալ նրան, երբ հերթական անգամ տարված է իր «խաղով»: Կնկատեք նրա վայրկենական ռեակցիան /հակազդեցությունը/` ջղաձիգ պահվածք, անհանգիստ հայացքներ կամ` ընդհակառակը` անսպասելի զայրույթի պոռթկում: Տղամարդը չի սիրում «բռնվել դեպքի վայրում»:

Անընդհատ քննադատում է ձեզ

Նախկինում նա համբերատար էր ձեր թերությունների նկատմամբ: Բայց վերջին շրջանում նրա համբերատարությունը ինչ-որ տեղ կորել է: Նա կառչում է ցանկացած մանրուքից: Մեկ չափազանց երկար եք զբաղեցնում լոգասենյակը, մեկ ճաշն եք չափից դուրս աղի պատրաստել, մոռանում եք հիշեցնել կարևոր զանգերը… Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե նա պարզապես առիթ է փնտրում վեճ սկսելու համար…

Իսկ միգուցե հենց այդպես էլ կա… Չէ որ վիճաբանությունից հետո տղամարդը պարտավոր չի լինի բացատրել, թե ուր է անհետանում գիշերով: Բացատրութունն այն է, թե դուք եք հասցրել նրան այդ վիճակին:

Չափազանց հոգատար է դարձել

Դա անհավատարիմ տղամարդու մյուս ծայրահեղությունն է: Օրինակ` հանկարծ սկսել է առանց առիթի ծաղիկներ նվիրել, պատրաստել ձեր սիրած կերակրատեսակը /եթե սեր ունի խոհանոցի նկատմամբ/, լսում է ձեր խնդրանքները, փորձում ընդառաջ գնալ ցանկություններին… ընդհանրապես անում է գրեթե ամեն ինչ, ինչ խնդրում եք: Եթե ձեզ մոտ դեռ մեղրամիս չէ, ուրեմն` զգույշ եղեք…

Նման ձևով տղամարդիկ «ծածկում են» իրենց մեղքի զգացողությունը: Մի բան միայն կարող է մխիթարել ձեզ. այն, որ նա մեղքի զգացում ունի: Դա նշանակում է, որ նա ձեր հանդեպ անտարբեր չէ: Այդպես, համենայն դեպս, պնդում են հոգեբանները:

Նա ավելի կրքոտ ու «հնարամիտ» է դարձել, դուք չեք կարողանում հավատալ, որ առաջվա ձեր ամուսինն է: Ձեզ ավելի հաճախ է ցանկանում և` ամենաանկանխատեսելի տեղերում: Նրա աչքերը փայլում են` արտահայտելով կիրք ու հափշտակվածություն:

Կամ` այլ տարբերակ. նա ընդհանրապես դադարել է սիրով զբաղվել: Պատճառաբանում է հոգնածությունը, սթրեսը աշխատավայրում… ինչ ասես, միայն թե չքնի ձեզ հետ: Հաճախ մնում է մինչև ուշ գիշեր, մինչև դուք քնեք, և միայն այդ ժամանակ է զգուշորեն մտնում անկողին:

Առաջին տարբերակն, իհարկե, ավելի հաճելի կլինի ձեզ համար, բայց այն ոչ պակաս վտանգավոր է: Սեքսի հետ առնչվող ցանկացած կտրուկ փոփոխություն ձեզ պետք է զգոնության մղի: Դրանք պատահական չեն լինում:

Նա միշտ անտրամադիր է

Վերջին շրջանում նա տարօրինակ կերպով ճնշված է, ինքնամփոփ… Տպավորություն է ստեղծվում, թե նա ձեզ հետ է և «ձեզ հետ չէ», իսկ դուք պատճառն եք նրա լարվածության: Եթե փորձեք հարցնել` ինչ է պատահել, նա հստակ ոչինչ չի պատասխանի: Իհարկե, հնարավոր է, որ նման պահվածքը կապված է աշխատանքային խնդիրների հետ, բայց հաճախ էլ դա հետևանք է լուրջ արտամուսնական կապի` այլ կնոջ հետ: Դուք բառի բուն իմաստով խանգարում եք նրան, և դա նյարդայնություն է առաջացնում:

Այս դրսևորումը սովորաբար ամենալուրջն է և բազմանշանակը: Պետք չէ միանշանակ եզրահանգումներ անել` հիմնվելով միայն նման վարքի վրա, բայց անտեսել էլ այն չի կարելի:
Նշաններ, որոնք կասկածի տեղ չեն թողնում

• Կինոյի տոմսեր, ռեստորանային հաշիվների թղթեր, տարօրինակ չեկեր… Այս ամենը տղամարդու գրպանում հենց այնպես չի հայտնվում: Եթե դուք հայտնաբերել եք նման բաներ, ուրեմն ձեր տղամարդը պարզապես «բռնվել» է:

• Սիրային նամակ. Աշխատանքային ընդմիջման համար բուտերբրոդ դնելիս` նրա պայուսակում հայտնաբերում եք սրտահույզ նամակ: Զգացմունքային խոստովանություններ, այնպիսի բառեր, ինչպիսիք են` «սեր», «թանկագինս» : Եվ դա ձեր ձեռագիրը չէ… Ինչ է դա նշանակում…

• Քնքշանքի հետքեր. Ձեր սիրելիի պարանոցին կրքոտ համբույր ենթադրող կարմրություն եք հայտնաբերում: Նա, անկասկած, կբացատրի, թե մի «կատաղած» մեղու է երեկ կծել իրեն, կամ նման մի բան… Այո, հնարավոր է` այդ մեղուն հեռագնա ծրագրեր ունի ձեր ամուսնու հետ կապված…

• Այլ կնոջ լուսանկար. Նա պահում է այն իր մոտ կամ գրասեղանի դարակում: Թաքցնում է լուսանկարը և անզուսպ զայրույթի մեջ է ընկնում, երբ հարցնում եք, թե ով է նա: Այստեղ ամեն ինչ պարզ է:

• Անունների շփոթում. Ձեր տղամարդը հանկարծ ձեզ ուրիշի անունով է դիմում: Իսկ եթե դա մեկ անգամից ավելի է կրկնվում, նույնիսկ կասկածի նշույլ չկա:

• Միայնակ գիշերներ. Նա երեկոյան տնից դուրս է գալիս և վերադառնում առավոտյան: Ընդ որում բացարձակապես արհամարհում է ձեր հարցերը և ի պատասխան միայն հեգնախառն ժպտում: Սա տղամարդու անհավատարմության ստույգ նշաններից ամենաանվիճելին է:
Ինչ անել, եթե ձեր սիրելին դավաճանել է

• Նախևառաջ` մի մեղադրեք ձեզ:

• Թույլ տվեք ձեր զգացմունքներին դուրս ժայթքել: Առողջ չարացածությունն ավելի լավ է, քան ցավագին ափսոսալն ու վշտանալը:

• Քննարկեք ձեր իրավիճակը նրա հետ, ում վստահում եք: Ավելի է հեշտ է խնդրի լուծման համար ուժեր հավաքել այն ժամանակ, երբ մենակ չեք:

• Փոխվեք, այլ գույն ներկեք մազերը, գնեք նոր հագուստներ: Դուք ավելի ուժեղ և անկախ կզգաք: Նա չպետք է մտածի, թե ձեր աշխարհը ավերակների է վերածվել:

 

Աղբյուր` erkusov.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին