Տրանսֆերային շուկայում սպասվում են հերթական գլխապտույտ գործարքները:
Արդեն քանի տարի է՝ Մադրիդի Ռեալի առաջատար ֆուտբոլիստ է համարվում Մանչեսթեր Յունայթեդի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Սակայն վերջին շրջանում ակումբը ձեռք է բերել նոր՝ տաղանդավոր ֆուտբոլիստների, այդ թվում և կոլումբացի հարձակվող Ջեյմս Ռոդրիգեսը:
Պորտուգալացին պատրաստ է մրցակցել և ուրախացնել երկրպագուներին նորանոր գնդակներով, եթե չլինի մի հանգամանք. Daily Express-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը տարաձայնություններ ունի իսպանական ակումբի հետ, որոնց մասին մանրամասներ դեռ չեն հրապարակվում: Նման շրջադարձը ստիպել է Ռոնալդուին մտածել ակումբը լքելու մասին: Պորտուգալացի հարձակվողը ցանկություն ունի կարիերան շարունակել հենց Մանչեսթեր Յունայթեդում, որտեղ հանդես գալու տարիներից էլ նրա անունը հայտտնի էր դարձել ողջ Եվրոպային:
Այդ ցանկությունն իրականություն դարձնելը շատ ավելի հեշտ կլինի Ռոնալդուի համար, քան մեկ ուրիշի, քանզի նրա գործակալը ոչ այլ ոք է, քան ֆուտբոլային աշխարհում ամենաազդեցիկներից մեկը՝ Ժորժե Մենդեսը: Հենց վերջինս էլ Ջեյմս Ռոդրիգեսին Մոնակոյից բերեց Ռեալ, իսկ այժմ կարող է ակումբին զրկել ավելի կարևոր ֆուտբոլիստից: Բրիտանական մամուլի փոխանցմամբ՝ Մենդեսը պատրաստվում է Ռոնալդուի տրանսֆերն իրականացնել 55 մլն եվրոյով:
Ավելին՝ Մադրիդ Ռեալում արդեն պատրաստվում են այդ ոչ ցանկալի իրադարձությանը: Այսպես, մադրիդցիները հող են նախապատրաստում Չելսիի կիսապաշտպան Էդեն Ազարին ձեռք բերելու համար: Բելգիացու տրանսֆերը բավական թանկ կարժենա, այնուամենայնիվ պորտուգալացու գործարքից հետո ակումբը կկարողանա դիմել նման քայլի, ինչի մասին վկայում է Daily Star-ի հրապարակումը:
Այսպիսով, առաջիկա ձմռանը անգլիական Մանչեսթեր Յունայթեդը կբացի դռները պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Յուվենտուսի կիսապաշտպան Արտուրո Վիդալի առջև: Իսկ Ռեալը Ռոնալդուի կորուստը կփոխհատուցի բելգիացի Էդեն Ազարով: