Ամառային տրանսֆերային պատուհանը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Ներկայացնում ենք ամենաուշագրավ ասեկոսեները տրանսֆերային շուկայից:
Դեյլի Սթար պարբերականը հայտնում է, որ Լոնդոնի Չելսիի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստ Ժոան Միրանդային, որի համար առաջարկում է 20 միլիոն ֆունտ:
Ալվարո Մորատային գնելուց հետո Յուվենտուսի մյուս տրանսֆերային նպատակներն են դարձել Լուկակուն և Յովետիչը:
Կատալոնական Բարսելոնան և Մյունխենի Բավարիան շարունակում են պայքարը Խուան Կուադրադոյի համար: Ֆիորենտինայի աստղը գնահատվում է 40 միլիոն եվրո, որն էլ կփորձեն վճարել Պեպ Գվարդիոլան և Լուիս Էնրիկեն:
Միլանը պատրաստվում է Լուիշ Նանիին ձեռք բերել օգոստոսի վերջին: Իտալացիները այս պահին պետք է Յունայթեդին վճարեն 14 միլիոն եվրո, սակայն վստահ են, որ մեկ ամիս անց այդ գինն ավելի քիչ կլինի:
Մանչեսթեր Յունայթեդն ու Բենֆիկան համաձայնության են հասել: Բեբեն տեղափոխվում է Լիսաբոն:
Սուոնսիի պաշտպան Բեն Դևիսը հայտնվել է Լիվերպուլի և Տոտենհեմի ուշադրության կենտրոնում: Կաչաղակները պատրաստ են վճարել 10 միլիոն ֆունտ:
Լիվերպուլը 14 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց կվաճառի Ֆաբիո Բորինիին Սանդերլենդին: Կողմերն արդեն համաձայնության են հասել:
Որպես Ալվարո Մորատային փոխարինող՝ Մադրիդի Ռեալը պատրաստվում է ձեռք բերել Մանչեսթեր Սիթիի հարձակվող Ալվարո Նեգրեդոյին: Վերջինս դեմ չէ Իսպանիա վերադառնալուն:
Ավստրալացի Թիմ Կեհիլը հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերի ուշադրության կենտրոնում: Ավստրալիայի հավաքականի առաջատարով հետաքրքրվում են Սանդերլենդն ու ՔՊՌ-ն:
Footballcity.am