▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը գոտեպնդել է Սերժ Սարգսյանին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ Երեւանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ասել է, որ պետք է կատարվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները, պետք է վստահության մեխանիզմ ձեւավորվի բանակցությունները շարունակելու համար: Ժնեւի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ է հիշատակում Վիեննայի օրակարգի մասին, թեեւ իշխանության տարբեր այլ ներկայացուցիչներ այդ մասին խոսել են մի քանի անգամ:

Սարգսյանի հիշատակումը, սակայն, ուշագրավ է ոչ թե Ժնեւից հետո առաջին անգամը լինելու առումով, երբ շատ էին գնահատականները, թե Ժնեւը ըստ էության օրակարգից հանեց Վիեննան, այլ առավել հետաքրքիր է հնչելու ժամանակահատվածի տեսանկյունից: Միաժամանակ նաեւ հարթակի ընտրության: Դոդոնը Մոլդովայի նախագահն է, որը հանդես է գալիս ԵՏՄ անդամակցության դիրքորոշմամբ: Մոլդովայում Դոդոնը չունի իշխանություն, քանի որ Մոլդովան խորհրդարանական կառավարմամբ պետություն է, որը Ասոցացման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ: Դոդոնը հայտարարել է, որ ակնկալում է Հայաստանի աջակցությունը ԵՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում: Եվ ահա այս ֆոնին հետաքրքիր է դառնում Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վիեննայի մասին հենց Դոդոնի հետ համատեղ ասուլիսում:

Բանն այն է, որ Սարգսյանի հայտարարությունը նախորդում է նաեւ Էրդողանի՝ Սոչի կատարելիք այցին, որտեղ նոյեմբերի 13-ին նա կհանդիպի Պուտինի հետ: Իսկ այցից առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինին փորձելու է կենտրոնացնել Ղարաբաղյան հարցի վրա, քանի որ այդ դեպքում հարցն արագ կլուծվի: Իսկ ինչպե՞ս կարող է Թուրքիան կենտրոնացնել Պուտինին այդ հարցի վրա: Թերեւս հնարավոր տարբերակներից կամ խայծերից մեկը կլինի Եվրասիական միության հանդեպ Թուրքիայի հետաքրքրության վերաբերյալ Պուտինի «ականջը շոյելը»: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ փորձում են խաղարկել եւ դեռ կփորձեն խաղարկել այդ խաղաքարտը: Իսկ դրա դիմաց նրանք բնականաբար ակնկալում են Ռուսաստանի, այսպես ասած, աջակցությունն իրենց ղարաբաղյան ծրագրերին: Իսկ ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, եթե ոչ՝ Հայաստանի եւ Արցախի շահերի ու անվտանգության հաշվին:

Եվ այստեղ, Էրդողան-Պուտին հանդիպման շեմին Վիեննայի մասին Սերժ Սարգսյանի հիշեցումը՝ ԵՏՄ ձգտող Դոդոնի հայաստանյան այցի առիթով եւ Հայաստանից նրա աջակցության ակնկալիքի ֆոնին, ստանում է բավականին ուշագրավ երանգ: Սերժ Սարգսյանի այդ, այսպես ասած, համապարփակ ակնարկը Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ հուշում է, որ Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եվրասիական խաղում ոչ միայն չի շահի ոչինչ, ոչ միայն չի ստանա Անկարային, Բաքվին եւ նույնիսկ Քիշնեւին, այլեւ ընդամենը կարող է կորցնել Հայաստանն էլ: Առավել եւս, որ Պուտինն Էրդողանի հետ հանդիպումից առաջ ստացավ նաեւ բավականին շոշափելի միջազգային հարված՝ ԱՄՆ նախագահ Թրամփը գործնականում հրաժարվեց Վիետնամում Պուտինի հետ հանդիպումից՝ ըստ երեւույթին անուղղակի, հեռակա, ակամա, բայց գոտեպնդելով նաեւ Սերժ Սարգսյանին, քանի որ Թրամփի այդ քայլը հուշում է, որ Նահանգները միջազգային հարաբերությունների ամբողջ ճակատով մտադիր չէ զիջումների գնալ Ռուսաստանին, այդ թվում եւ կովկասյան տարածաշրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին