Սիրիական պատերազմի խճանկարը թվում է, որ ավելի բարդ մեկնաբանելի համապատկեր է պարզում: Հալեպի շրջանի նախ կառավարական ուժերի կողմից շրջափակումը, ապա զինյալ խմբավորումների կողմից այդ շրջափակման ճեղքումն ու շրջանի հակառակ ուղղությամբ իրական շրջափակումը եւ ավելի ուշ դարձյալ կառավարական ուժերի կողմից Հալեպի ապաշրջափակումը ենթադրել են տալիս, որ ուժերի որեւե հիմնական տեղաշարժ դեռեվս չի արձանագրվել. շրջափակում-ապաշրջափակում այս պարանաձգությունը, որը յուրովի գոյավիճակի (ստատուս քվո) համազոր գործընթաց էր, ներկայանում է տակավին ընդհանուր առումով:
Մինչ, հասկանալի եւ տրամաբանական ակնկալությունն այն էր, որ ռուս-թուրքական մերձեցումը գետնի վրա իր զինվորական արձագանքը պիտի գտներ առնվազն կայուն զինադադարի կամ «թայմ աութի» առաջնորդելով երկրում շարունակվող պատերազմը:
Կառավարական ուժեր-զինյալ խմբավորումներն ընդհանուր բախումներից բացի երկու ցուցանիշային իմաստ ունեցող կետեր կարող էին անմիջական հետեւանքի համոզում փոխանցել ընդհանուր ուղղությանը: Առաջինը, Անկարայի կողմից թեկուզ պատրվակային իմաստով օգտագործվող թուրքմենների գործոնն էր: Չմոռանանք, որ ռուսական զինվորական օդանավը թուրքական հակաօդային ուժերի կողմից խոցվել էր հիմնականում ի պատասխան թուրքմենական դիրքերի ռմբակոծման, թեեւ Անկարան շարունակում էր կրկնել, որ ռուսական օդանավը հատել էր Թուրքիայի օդային տարածքը:
Ռուս-թուրքական մերձեցման նախօրեին եւ որոշ ժամանակից ի վեր թուրքմենների դիրքերի վրա ռուսական օդուժի հարձակումները արդեն դադարել էին: Ռուսական օդանավի խոցումը թուրքական բանակի հակաօդային բաժնի կողմից նաեւ ազդարարություն էր, որ Մոսկվան դադարեցնի իր ազգակիցների վրա իրականացվող հարձակումները: Հակառակ ստեղծված միջպետական տագնապին՝ Անկարայի ուղերձը թվում է, որ տեղ էր հասել: Իսկ հիմա, որ մերձեցումը մեկնարկել է, ակնկալվում է, որ Մոսկվան մոռացության տա թուրքմենների գործոնը որոշ ժամանակի համար, ինչպես իր ջախջախված օդանավի հարցը: Ընդգծենք` որոշ ժամանակի համար:
Երկրորդ ցուցանիշային գործոնը քրդականն է, որ շատ ավելի բարդ կացություն է պարզում: Հասաքեում քուրդ-սիրիական բախումները չեն ծավալվում Սիրիայի տարածքում: Ճշտենք նաեւ, որ առաջին անգամ չէ, որ քրդական զինյալ կազմակերպությունները բախումներ էին ունենում սիրիական կառավարական ուժերի դեմ: Այդ բախումները պարագայական էին եւ ընդհանուր առմամբ շատ ավելի բուռն էին իսլամական խմբավորումների դեմ: Հյուսիսային Սիրիայում քրդերը իրենցից դուրս որեւէ ուժի սահմանը հատող ներկայություն դիտում էին որպես ոտնձգություն իրենց ինքնավարությանը: Այս տրամաբանության մեջ ավելի համոզիչ էր դիտարկվում քուրդ-արաբ վերջին բախումները: Մինչ Հալեպի շրջանի քրդերը շարունակում էին իրենց բախումները իսլամական խմբավորումների դեմ:
Քրդերի դիրքորոշումներն ու բախումները հեռակառավարված լինելու տպավորություն են թողնում: Գուցե պատահական չէր, որ Պենտագոնը Հասաքեում տեղի ունեցած միջադեպերից հետո զգուշացրել էր սիրիական բանակին ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից ուժերի մոտակայքում զինվորական գործողություններ կատարելուց: Թեեւ դաշնակից ուժեր ասելով Վաշինգտոնը ակնարկում էր Միջազգային դաշինքի ուժերին, այսուհանդերձ Հասաքեի դեպքերի առիթով կատարված այս զգուշացումը պարզաբանում էր, որ այդ ուժերում ներառվում է նաեւ քրդական ուժը: Վաշինգտոնը ավելի հեռու կգնար ասելու համար, որ եթե սիրիական ուժերը շարունակեն ռմբակոծել քրդական շրջանները, ապա ամերիկյան օդուժը պիտի պաշտպանի ցամաքային ուժերը: Ավելի՛ն. ամերիկյան օդուժը թույլ չի տվել, որ սիրիական օդուժը հատի Հասաքեի օդային տարածքը: Հասաքեն արդեն ամերիկացիների համար Սիրիայի տարածքային ամբողջականության մաս չկազմող հյուսիսային Սիրիայում կամ ինքնավար Քուրդիստանի շրջանն է, որի օդը եւս արտոնված չէ հատել ոչ քրդական կամ այս դեպքում ԱՄՆ-ի կողմից հովանավորված Միջազգային դաշինքի անդամ որեւե ուժի:
Ինչպես որ ռուսներին արտոնված չէր ռմբակոծել թուրքմենական տարածքները եւ չհատել Թուրքիայի օդային սահմանը, այնպես նաեւ արտոնված չէ սիրիական ուժերին հատել Քուրդիստանի օդային տարածքը:
Բայց խնդիրը ավելի սուր եւ նշանակալի իմաստ ունի այս դեպքում: Վաշինգտոնը, փաստորեն հանդես է գալիս Սիրիայի անդամահատմանը կամ մասնատմանը համազոր պաշտոնական հայտարարությամբ. հավանաբար այս ուղերձին է, որ հակազդում է Անկարայի ղեկավարը, երբ ցուցադրական զորակցություն է հայտնում Սիրիայի տարածքային ամբողջականությանը եւ պաշտոնական բանբերների ճանապարհով շրջադարձ է կատարում հայտարարելու համար, որ նախագահ Ասադը ահաբեկիչներ չի ուղարկել Թուրքիա:
Սիրիայի մասնատման քրդական երեսը կամ հյուսիսային Սիրիան Անկարայի մղձավանջն է: Դրանով Անկարան տեսնում է նաեւ Թուրքիայի մասնատման սպառնալիքը դարձյալ քրդական գործոնի աշխուժացմամբ եւ մանավանդ Վաշինգտոնի եւ ընդհանրապես Արեւմուտքի ցուցաբերած զորակցությամբ:
Իրար հակակշռող ուժերի կամ զինվորական գետնի վրա քայլ-հակաքայլ պարանաձգվող այս գործընթացները մտածել են տալիս, որ ռուս-թուրքական մերձեցումը գետնի վրա շատ տեղաշարժեր ապահովելու առաձգականություն չունի: Իսկ թուրքմենների գործոնը շատ հեռու է քրդականին ներկայացրած ազդեցիկության հետ համեմատվելուց:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր