Թուրքիայում անշարժ գույքի գործակալություններից մեկը համացանցում հայկական գյուղ վաճառելու հայտարարություններ է տարածել, նշելով, թե «Վաճառվում է հին հայկական գյուղ առանց միջնորդի» եւ «Վաճառվում է հին հայկական բնակատեղի»:
Հին հայկական գյուղի տարածքը կազմում է 8 416 քմ եւ վաճառքի է հանվել 90 հազար լիրա (45 հազար ԱՄՆ դոլար) արժեքով, իսկ հին հայկական բնակատեղին կազմում է 1 989 քմ, որն էլ արժե 105 հազար լիրա (50 հազար ԱՄՆ դոլար):
Գործակալության պատասխանատուն նշել է, թե նշնել են հին հայկական գյուղ եւ բնակավայր, որպեսզի գնորդ հեշտ գտնեն:
Նա պնդել է, թե այդ տարածքներով բավականին շատ են հետաքրքրվում եւ ավելի շատ զանգեր Եվրոպայից են ստանում:
Գործակալության աշխատակիցը հիշեցրել է, թե Բուսա նահանգում գտնվող հայկական գյուղն (Քարսաք) ունի 700 տարվա պատմություն:
Տեղեկացնենք, որ մինչեւ Հայոց ցեղասպանությունը Քարսաք գյուղը հանդիսացել է Բուրսա նահանգի Գեմլիքի շրջանի 3 հայկական խոշոր գյուղերից մեկը: Մինչ Ցեղասպանությունը Քարսաքում ապրել են 5 հազար հայեր:
Գործակալության աշխատակիցը նաև նշել է, որ գնորդը կարող է պետությունից թույլտվություն ստանալ եւ պեղումներ իրականացնել: Իսկ հայկական բնակավայրի հետ կապված, նա նշել է, թե այն գտնվում է գեղեցիկ լճի ափին, ունի բազմաթիվ պտղատու ծառերով այգիներ: