Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմըԹուրքիայի կինոթատրոններոմ ցուցադրելու հարցը կրկին հայտնվել է օրակարգում: «Արարատը» Թուրքիայում ցուցադրելու իրավունքը 12 տարի առաջ գնել էր «Բելգե ֆիլմ»ընկերության սեփականատեր Սաբահաթթին Չեթինը, սակայն ֆիլմը չէր ցուցադրվել, քանի որ Չեթինը վախեցել էր, որ ֆիլմի ցուցադրումը կվտանգի կինոթատրոնների սեփականատերերի անվտանգությունը: Գրում է ermenihaber.am-ը:
«Արարատը» չցուցադրելու պատճառներից է եղել նաև Հրանտ Դինքի կարծիքը, թե ֆիլմը հայ-թուրքական հարաբերություններում ներդրում չի ունենա:
Սակայն Չեթինն այժմ կարծում է, որ Թուրքիան այլևս հինը չէ, և ցանկանում է «Արարատը» կինոթատրոններում ցուցադրել: Չեթինը տեղեկացրել է, որ բազմաթիվ կինոթատրոններից ֆիլմը ցուցադրելու առաջարկ է ստացել, սակայն չի պարզաբանել, թե երբ ֆիլմը կբարձրանա մեծ էկրան:
Իսկ ահա թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմը, որը ընդգրկվել էր Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում, պարզ չէ` կցուցադրվի Թուրքիայում, թե՞ ոչ: Աքընը Վենետիկի կինոփառատոնում ֆիլմի պրիմիերայից առաջ հայտնել էր, որ հոկտեմբերի վերջին ֆիլմը կներկայացնի թուրք հանդիսատեսին: Սակայն, ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքը, դեռևս ոչ մի ընկերություն ֆիլմը չի գնել: Կինոթատրոնների ղեկավարներն էլ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ չեն ցանկանում ցուցադրել: