Կարսում անցկացվող «Մշակույթի և զբոսաշրջության միջազգային օրեր» միջոցառման շրջանակներում պատմական հայկական Անի մայրաքաղաքի ավերակներում նորաձևության ցուցադրություն է կազմակերպվել. գրում է ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Այդըն համալսարանի կողմից կազմակերպված ցուցադրության ընթացքում ներկայացվել են տարբեր մշակույթները ներկայացնող էթնիկ հագուստներ: Հագուստները պատրաստվել են համալսարանի դասախոսների և ուսանողների կողմից:
Միջոցառմանը մասնակցել են Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը, քաղաքապետ Մուրթազա Քարաչանթա, Մոդայի և հագուստի ֆեդերացիայի նախագահ Հուսեյն Օզթյուրքը և ուրիշներ:
Հիշեցնենք, որ 2011 թվականին «Elle Turkey» ամսագրի դեկտեմբերյան համարում լույս է տեսել թուրք լուսանկարիչ Սենոլ Ալթունի կողմից արված մոդելներ Անա Զալևսկայի և Կարոլին Մաչովայի լուսանկարները, որոնք արվել էին Անիի ավերակներում: Ձմեռային հավաքածուն ցուցադրող երկու մոդելները լուսանկարվել են հայկական քաղաքի ավերակների ֆոնին, ինչպես նաև Անիի եկեղեցիների ներսում և նրանց կողքին: