Թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփը հակահայկական հայտարարություններ անելու պատճառով կարող է զրկվել 2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:
FILA-ն (միջազգային ըմբշամարտի ֆեդերացիա) թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփի գործը քննության կառնի փետրվարի 28-29 Հռոմում կայանալիք գործադիր խորհրդի ժողովի ժամանակ: Գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական «Դեմկրատ հաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ՝ FILA-ի 2013 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ՝ Քայաալփը որակազրկվել էր 6 ամսով: Սակայն FILA-ում Թուրքիայի ներկայացուցիչներին հաջողվել էր պատիժը հետաձգել, որպեսզի ըմբիշը կարողանա մասնակցել Հունգարիայում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:
Աշխարհի առաջնությունից հետո FILA-ն կանցկացնի իր առաջին հանդիպումը, իսկ Քայաալփի գործը կքննի FILA-ի դատավոր Ալդո Ալբանեսեն:
Եթե FILA-ն հաստատի 6-ամսյա պատիժը, ապա Քայաալփը կզրկվի 2016 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ստամբուլի Գեզի զբոսայգու համար պայքարողներին Թուրք ըմբիշը «Twitter» միկրոբլոգում վիրավորանքներ և հայհոյանքներ էր հասցրել, ինչպես նաև վիրավորական երանգով օգտագործել «հայ» բառը:
Թվիթերյան գրառումներում Քայաալփը գրել էր. «Հայաստանի ժողովրդին եք ուրախացնում, Թաքսիմն եք գրավում, Թուրքիան վիրավորում…», «Դուք հայեր եք, հայրենիքի դավաճաններ, ստոր հրոսակներ» և այլն: