Թարմացված․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը․ «Այն, որ լրագրողը դադարում է լրագրող լինելուց ու վերածվում է մատուցողի և սկսում մատուցել այն, ինչ իրեն պատվիրում են, մեր իրականության մեջ, ցավոք, շատ տարածված է: Ահա այստեղ էլ Թագուհին, ով իր աշխատակիցներին ինձ վրա «ՖԱՍ» հրաման է տվել, անգրագետ-անգրագետ աջ ու ձախ փորձում են ինձ հետ կապված որևէ բան գտնել՝ էլ պարբերաբար իմ աշխատակիցների մուտք ու ելքն են հարցնում, էլ կեղտոտ ներքնազգեստի մեջ քուջուջ անում, հիմա էլ ակնհայտ սուտ են գրել, թե իբր իմ եղբայրը հերիք չէ աշխատում է տնօրեն ասֆալտի կազմակերպությունում, այն էլ վերջերս 4 միլիարդի տենդեր է հաղթել այն պարագայում, որ 2023 թ. մայսիսից իմ եղբայրը տնօրեն չէ, իսկ 2023 թ. սեպտեմբերից ընդհանրապես դուրս է եկել նշված կազմակերպությունից: Հ.Գ. Շնորհակալ եմ Սիվիլնեթին, որ ինքնուրույն արձագանքեց և ֆիքսեց, որ Ժողովուրդը հերթական սուտն է գրել իմ մասին: Ինչ խոսք, անսպասելի էր: |
***
ԱրմԼուր.am-ը գրում է․ Գաղտնիք չէ, որ Հայաստանում պետական գնումների համակարգը նման է մութ անտառի, որտեղ մտնում են իշխանությանը մերձ անձինք, մասնակցելու հայտարարված գնումների մրցույթներին։
Բանն այն է, որ միայն այս տարվա առաջին կիսամյակին՝ մարտ, մայիս, հունիս ամիսներին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 6 պայմանագիր է կնքել «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության հետ։ 6 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 674 մլն 538 հազար դրամ։
Պայմանագրերի գնման առարկան և ծառայությունները Հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են կամ ավտոճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքները։
Իսկ ում է պատկանում «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն․
«ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է։
«ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն գրանցված է Երեւանի Արտաշիսյան փողոցում: Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, իսկ մինչ այդ՝ 4 ամիս, ղեկավարը եղել է մոսկվացի Տիգրան Խաչիկի Հարությունյանը:
Պայմանագրով սահմանվում է նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ կատարել Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Սևան-Իջևան, Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 ավտոճանապահների տարբեր հատվածները։