▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկնիկներն ընդդեմ ցեղասպանությունների` Ռիտա Սարգսյանի հովանու ներքո

Հունիսի 1-7-ը Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության՝ ՅՈՒՆԻՄԱ-ի ազգային կենտրոնները ներկայացնող գործիչները, ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախաձեռնությամբ հավաքվելու են Հայաստանում՝ ազդարարելու համար «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի մեկնարկը՝ նվիրված Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի Կազմակերպության /ՅՈՒՆԵՍԿՕ/ հիմնադրման 70-ամյա հոբելյանին: Երթի նպատակն է առաջամղել և տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՄԱ-ի որդեգրած գաղափարներն ու արժեքները՝ ձայն բարձրացնելով հանուն կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման, հանուն խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, խտրականության և բռնության բոլոր ձևերի և միջոցների մերժման ու դատապարտման, ընդդեմ պատերազմների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների:

       Համաշխարհային երթի մեկնարկը տալով Հայաստանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, ՅՈՒՆԻՄԱ-ի 95 ազգային կենտրոններին կոչ է արվելու իրենց երկրներում միանալ համաշխարհային երթին՝ անցկացնելով թատերականացված երթեր, տիկնիկային թատրոնների փառատոներ, տոնախմբություններ և այլ միջոցառումներ՝ դրանցում շեշտադրելով խաղաղության, բարեկամության, հանդուրժողականության և մշակույթների երկխոսության վսեմ գաղափարները: Երթի մեկնարկը հանդիսավոր արարողությամբ տրվելու է Երևանում, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տեղի են ունենալու մեկշաբաթյա միջոցառումներ, տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն, իսկ հունիսի 3-ին հինգ մայրցամաքներից բերված հող ու ջրով Երևանի կենտրոնում տնկվելու է «Խաղաղության ծառը»:

       Երթն ավարտվելու է սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության միջազգային օրը և ՀՀ անկախության օրը, Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի առջև տեղի ունենալիք մեծ տոնախմբությամբ և հանդիսավոր միջոցառումներով, որոնց մասնակցելու է նաև խաղաղության երթի նախաձեռնող ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը:

       Համաշխարհային երթի մեկնարկի մասնակիցները ողջունելու են ՅՈՒՆԻՄԱ-ի մայր կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյա վաստակը խաղաղության համար պայքարում: Նրանք նաև հարգանքի տուրք են մատուցելու 100 տարի առաջ նահատակված, որբացած և հայրենազրկված հայ մանուկների, ինչպես նաև այն երեխաների հիշատակին, ովքեր մեր ժամանակներում Մերձավոր Արևելքում և այլուր զոհ են դառնում ծայրահեղականության, անհանդուրժողականության, կրոնական մոլեռանդության նորահայտ դրսևորումներին և ցեղասպանական ոճրարքներին:

       Համաշխարհային երթի հայաստանյան մեկնարկը, որն ընդգրկված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ցանկում, անցկացվելու է ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանի հովանու ներքո: Երևան են ժամանելու ՅՈՒՆԻՄԱ-ի գլխավոր քարտուղարը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, տիկնիկային թատերական արվեստի հանրահայայտ գործիչներ և տիկնիկային թատրոններ աշխարհի տարբեր երկրներից:      

   ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան

Լուսանկարները` Գերման Ավագյանի

72157653894115055

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին