▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ձիթողցյանի «Հայելի»-ն. արվեստ` ձեռքերի և աչքերի միջոցով

Երիտասարդ ու տաղանդավոր  նկարիչ Տիգրան Ձիթողցյանը գյումրեցի հայտնի Ձիթողցյանների գերդաստանի շառավիղներից է: Դեռ 5 տարեկանում Տիգրանը սկսել է նկարել յուղաներկով, տասը տարեկանում արդեն նրա անհատական ցուցահանդեսն էր Երևանում: 12 տարեկանում էլ հայ հրաշամանուկն անհատական ցուցահանդեսով հյուրընկալվել է Մոսկվայում ու Պետերբուրգում: Այսօր արդեն մեր հայրենակիցն  ապրում ու ստեղծագործում է Նյու-Յորքում:

Asekose.am-ի հետ զրույցում Տիգրանը նշում է, որ արվեստում միշտ փորձում է ժամանակին համընթաց քայլել:

«Հիմա ֆեյսբուքի դար է: Մարդիկ սոցիալական կայքերում շատ բաց ու թափանցիկ են դարձել: Հենց սա տեսնելով` ես ստեղծեցի «Հայելի» դիմանկարների շարքը, որում ակցենտը հենց այդ թափանցիկությունն է. այն  արտահայտվում է ձեռքերի և աչքերի միջոցով: Ցանկություն կար ներկայացնելու տարբեր ազգերի ներկայացուցիչների և հենց այդպես էլ ստացվեց»,-ընդգծում է Տիգրանը:

Այս շարքում կա տատիկի մի դիմանկար, որն այս տարի ապրիլի 24-ին`Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը,  նկարիչը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում.  Տիգրանը նշում է, որ ցանկություն կա հենց Ցեղասպանությանը նվիրված նկարներով հանդես գալ:

«Ուզում ենք այլ հայ անվանի արվեստագետների հետ մեկտեղ հետաքրքիր նախաձեռնություններ անել հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Հնարավոր է Տիգրան Համասյանի երաժշտությունը համադրվի իմ նկարներով, այլ բազմաթիվ պլաններ էլ կան, որոնց մասին` ավելի ուշ»,-ասում  է նկարիչը:

Տիգրան Ձիթողցյանի հետ զրույցի ամբողջական տեսատարբերակը կարող եք դիտել կիրակի օրը Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում:

Տաղանդավոր արվեստագետի մասին այլ մանրամասներ` Տիգրան Ձիթողցյանի ֆեյսբուքյան էջում  և պաշտոնական կայքում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին