Մշակույթի նախարարությունը պետք է իր կարծր, սկզբունքային դիրքորոշումն ունենա ու թույլ չտա արտաքին տեսքը փոփոխության ենթարկել: Այսօր` ԱԺ-ում խոսելով Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին և դիմելով Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին` ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Այնտեղ ոչ մի ծրագիր չի իրականացվում, որ արտաքին տեսքում փոփոխություն է լինելու»,-պատասխանեց փոխնախարարը` հավելելով.
«Մեր գործառույթների մեջ մտնում է միայն պահպանումը, սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունի, իսկ անելու դեպքում էլ պարտավոր է ստանալ մեր համաձայնությունը»:
«Ձեր ասածն ուժի մեջ է, եթե պայմանագրի մեջ նշվում է, որ վաճառվում է որպես մշակութային օբյեկտ, հենց այդ բառն է հանած»,-հակադարձեց պատգամավորը:
Արթուր Պողոսյանն էլ պատասխանեց, որ իրենք Կառավարության հաստատած փաստաթղթերով են առաջնորդվում, ու կա մշակութային հուշարձանների ցանկ. «Հիմա ես տեղյակ չեմ՝ ինչ ձևակերպում է տրված այդ պայմանագրում, սակայն Համալիրը համարվում է հուշարձան»,-ասաց Մշակույթի փոխնախարարը: