▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տերովին տերն ա տարել, անտերին` զոմբիները

2012 թվականի հունիսի 4-ին, մայաների գուշակությամբ, գալու է աշխարհի վերջը, ու գերեզմանները բացվելու են, իսկ այնտեղից մեռելները դուրս են գալու զոմբիացած, ու մեծ կռիվ է լինելու մեռածների ու ողջերի միջեւ` մինչեւ ով ում վերջնականապես ոչնչացնելը:

Այս կռվում առավելությունն ի սկզբանե զոմբիներինն է, քանզի, սպանելով մեկ ողջի, նրանք ոչ միայն պակասեցնում են ողջերի բանակը, այլ նաեւ համալրում իրենց շարքերը, իսկ ողջերի դեպքում այդպես չէ. սպանված մի զոմբիով ընդամենը մեկով չեզոքացնում են վտանգը: 

Սա էր մայաների կանխատեսումը մոտակա տարիների համար, ու եթե հանկարծ գուշակությունը կատարվեց, ես հաստատ քաշվեցի:Ինչո՞ւ հենց 2012-ին. երեւի որ համ մեր ժամանակներին շատ մոտ լինի, համ էլ, որ հնարավորություն ունենանք պատրաստվելու ու հանկարծ “արխային” չընկնենք ու մեր բեռը թողնենք սերունդներին: Իսկ ինչի՞ հենց հուլիսի չորսին. երեւի մայաներն էլ մեզ պես սրանից հինգ հազար տարի առաջ հոլիվուդյան ֆիլմերով են դաստիարակվել, որտեղ ամեն ինչ սկսվում ու միաժամանակ ավարտվում է հուլիսի չորսին:

Սակայն կարող են, չէ՞, մայաներն էլ սխալվել, ու գուշակությունը մի երկու-երեք տարի հետ ու առաջ ընկնի, իսկ էդ ժամանակ իսկականից քաշվեցի, քանի որ, բացի նրանից, որ նոր եմ իմացել էս բանի մասին, դա քիչ էր, հլը տունս էլ գտնվում է “Թոխմախ գյոլի” մոտակայքում, որն ամենամոտն է Թոխմախի գերեզմանոցին, որն էլ, ինչպես գիտեք, ամենամեծն է Հայաստանում: Էնպես որ, իմ փրկվելու շանսերը հավասար են զրոյի, այն էլ` ի սկզբանե:

Բայց՝ չէ, հենց զոմբիները դուրս գան գերեզմաններից, կարող եմ մեքենաս նստել ու տնեցիքի հետ բարձրանալ Մասիվով Սեւան, բայց ախր ընդեղ էլ ճամփեզրին Մասիվի գերեզմանոցն ա, ու հաստատ նրանց միջով չեմ անցնի: Իսկ եթե փորձեմ Զեյթունով, էնտեղ էլ Զեյթունի գերեզմանոցն ա, Արտաշատի կողմերը փախչել փորձելու դեպքում ներքեւում “Կարմիր բլուրի” մեռելները ճամփես կփակեն, իսկ Ապարանի կողմերի մասին ընդհանրապես կարելի ա մոռանալ, որովհետեւ ճանապարհին սպասելիս կլինեն Շահումյանի ու Դավիթաշենի գերեզմանոցներից ելածները…

Ես նոր հասկացա՝ էս բոլոր գերեզմանոցները նախապես սարքել են քաղաքի գլխավոր ճանապարհների վրա, որ Երեւանից փախչելու հնարավորություն չլինի, ու ով այս քաղաքում հայտնվի, դատապարտված լինի զոմբիների համար կերակուր դառնալուն:

Եթե ինչ-որ հրաշքով նույնիսկ ճեղքեմ Երեւանի շրջափակումը, միեւնույն է՝ Հայաստանից չեմ կարող հեռանալ, քանզի սահմաններից երկուսը փակ են, իսկ մյուս երկուսն էլ հսկվում են վրացի ու պարսիկ զոմբիների կողմից:

Կարող ա մինչ էդ թիվը Ռուսաստանին միանանք, ու, դառնալով ռուսական գուբերնիաներից մեկը, ռուսները գան ու մեզ փրկեն իրենց նոր հայտնագործած սարեր բարձրացող նավերով: Համ ազգովի կփրկվենք, համ էլ ռուսին մինչեւ Հայաստան հասնելը ոչ մի զոմբի չի սպառնա, եթե սպառնա էլ՝ ռսի զոմբին որս ա, ոնց որ ռսի պառավը: Բայց ախր նրանք էլ սարեր բարձրացող նավեր դեռ չեն ստեղծում, որ գիշերները մի փոքր հանգիստ քնենք:

Բա սենց դատապարտվածի պես նստենք ու սպասենք 2012-ի՞ն, թե՞ փորձենք այլ ճանապարհներ գտնել: Միգուցե հաճախ այցելեմ գերեզման ու փորձեմ ծանոթ մեռելների հետ լեզու գտնել, որ վերակենդանացման ժամին մեր տունը շրջանցեն, սակայն էս երկրում մեռելները հազարապատիկ անգամ շատ են ողջերից, ու ո՞ր մեկի հետ լեզու գտնեմ: Սա էլ չեղավ, մնում ա մենք մեզ զոմբիի տեղ դնենք ու ապրենք, մինչեւ գա հատուցման ժամը:

Դե տենց էլ անում ենք էլի, էլ ինչի՞ս էր պետք էս անկապ վերլուծությունը կամ էլ հինգ հազար տարի առաջ մայաների գրածը: Միեւնույն է՝ մենք վաղուց արդեն էն վիճակում ենք, որ երբ էլ զոմբիները դուրս գան գերեզմանից, մենք կազմ ու պատրաստ կլինենք, քանզի գերեզմանից դուրս եկած զոմբիները երբ տեսնեն մեզ` իրական զոմբիներիս, էդ ժամանակ թող իրենք մտածեն՝ ով որտեղ փախնի ու պախկվի…

Էնպես որ, մենք մտածելու բան չունենք, կարանք արխային շարունակենք զոմբիացած ապրել. երեւի հենց դա էլ մեր փրկության միակ գրավականն է…


Հեղինակ` Առաքել Սեմիրջյան

groghucav.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին