Նախօրեին մի խումբ լրագրողներ, այդ թվում՝ ASEKOSE.am-ի թղթակիցը, Ֆեյսբուք սոցիալական կայքում տեղեկություն տարածեցին այն մասին, որ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի 62-ամյա բնակիչ Հարություն Միրզոյանը շտապ վիրահատության կարիք ունի, սակայն սահմանապահ ընտանիքը չի կարողանում անհրաժեշտ գումարը հայթայթել:
Տեղեկությունն անմիջապես լայն տարածում գտավ համացանցում: Սահմանապահ ընտանիքի նկատմամբ սրտացավություն ու հոգատարություն ցուցաբերեց և առաջինը արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետարանից ASEKOSE.am-ի հետ կապ հաստատեցին և տեղեկացրին, որ Տարոն Մարգարյանն անձամբ է տեսել գրառումը և ցանկություն հայտնել իր անձնական միջոցներից փոխանցել վիրահատության համար անհրաժեշտ ամբողջ գումարը:
Սահմանամերձ Չինարիում՝ անմիջապես թշնամու թիրախում ապրող սահմանապահ ընտանիքը շատ դժվարությունների միջով է անցել: Ընտանիք, որ անմիջապես ու ողջ սաստկությամբ է զգացել չավարտված պատերազմի դառնությունն ու ցավը…
Հարություն Միրզոյանի դստեր՝ Սիրանույշի ամուսինը՝ 20-ամյա Լևոն Պետրոսյանը, զոհվել է 2008թ.-ի հունիսի 18-ին՝ գյուղում աշխատելիս՝ հակառակորդի դիպուկահար գնդակից: Լևոնի զոհվելուց 5 ամիս անց ծնվել է նրա աղջիկը՝ Ալվինան, ով հորը տեսել է միայն լուսանկարներով...
Հայրական ջերմությունն ու հոգատարությունն Ալվինային փոխանցել է պապիկը՝ Հարություն Միրզոյանը, ով հոգացել է նաև ընտանիքի ֆինանսական կարիքները:
Սակայն շուրջ երկու ամիս առաջ նոր դժբախտություն պատուհասեց ընտանիքին: Հարություն Միրզոյանի մոտ ախտորոշվեց գլխուղեղի քաղցկեղ:
Սահմանապահ այս ընտանիքը ամենադժվարին օրերին անգամ չի լքել հարազատ գյուղը: Այսօր էլ թշնամու կողմից ամենօրյա կրակոցների մթնոլորտում, կառչած է հարազատ հողին ու օջախին:
Մայիսի 27-ին նշանակված է Հարություն Միրզոյանի վիրահատությունը: Առողջություն՝ մեր հայրենակցին:
Խորին շնորհակալություն՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Լրագրողներ՝ Գոհար Աբրահամյանին, Աննա Սարգսյանին, Յանա Շախրամանյանին...
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան
Լուսանկարում՝ Հարություն Միրզոյանի թոռնուհին է՝ Ալվինան, զոհված հոր նկարի դիմաց