ԲՀԿ խմբակցության անունից Տ. Ուրիխանյանի ելույթը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցի վերաբերյալ
Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն ըստ էության լուծված է: Եվ իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետև խոսքն ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարևոր երևույթ է: Այլ հարց է՝ Հայաստանը կարողանալո՞ւ է ինտեգրացիոն պրոցեսների ընթացքում ապահովել իր համար առավելագույն օգուտներ, խուսափել տնտեսական կորուստներից և ժողովրդի սոցիալական վիճակի՝ է՛լ ավելի վատացումից: Բայց սա այն հարցն է, որ մենք պետք է ուղղենք ոչ թե Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի, այլ՝ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին: Ահա հենց այստեղ է, որ մենք ունենք հիմնավոր կասկածներ:
Խնդիրն ունի իր նախապատմությունը, և այսօր ստեղծված իրականությունը երկար ցավոտ պատմության ընդամենը վերջին կետն է: Կարևոր է, որ քաղաքական ուժերը, մեր հասարակության մտահոգ շրջանակները, ԵՏՄ և Եվրամիության մեր գործընկերները պատկերացնեն այն երեք հիմնական փուլերը, որոնցով այս հարցն անցել է:ԲՀԿ –ն երբեք հակված չէ բացթողումների և սխալների համար մեղավորներ փնտրել դրսում՝ ՌԴ-ում, Ղազախստանում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում: Ոչ. որպես լուրջ և հայաստանակենտրոն քաղաքական ուժ, Բարգավաճ Հայաստանը միշտ գնացել և գնալու է լուծումների բանալին ներսում գտնելու ուղղությամբ:
- Հայաստանը 3-4 տարի բանակցում էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու համար: Բանակցությունները եղել են փակ, նախապատրաստվող համաձայնագիրը եղել է հասարակությունից և քաղաքական ուժերից գաղտնի: Այդ նույն տարիներին Հայաստանում եղել են մարդիկ, քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, ովքեր զգուշացնում էին, որ ռիսկերը և զարգացման սցենարները հաշվարկված չեն և չի կարելի այդքան խորացնել բանակցությունները՝ չունենալով վերջում դրանք ստորագրելու քաղաքական որոշում: Ինչպես պարզվեց հետագայում՝ Եվրամիության հետ բանակցությունների տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները չեն խորհրդակցել ռազմավարական դաշնակից ՌԴ ի հետ: Մի պահից սկսած՝ պաշտոնական Մոսկվան Հայաստանի քայլերը ընկալում էր որպես ուղղակիորեն իր դեմ ուղղված մարտահրավեր: Արդյոք հնարավոր չէ՞ր խուսափել այս սցենարից: Միանշանակ հնարավոր էր: Ասեմ ավելին՝ պարտադիր էր դա անել: Փոխարենը մենք հայտնվեցինք արտաքին քաղաքական վայրիվերումների մեջ: Դարձանք անվստահելի գործընկեր արևմուտքի համար, ինչը երբեմն կրում էր պետական արժանապատվության կորստի տարրեր, և դարձանք անվստահելի գործընկեր Ռուսաստանի համար:
Պետք չէ ինքներս մեզ խաբենք, թե՝ Եվրոպան մեզ հասկացավ, կամ Ռուսաստանը ոչինչ չէր նկատում: Ահա այդպիսի պայմաններում հասանք սեպտեմբերի 3-ին, երբ Մոսկվայում ձևակերպվեց Մաքսային Միություն մտնելու՝ Հայաստանի խնդրանքը: Այստեղ ևս ուզում եմ նշել, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, Եվրամիության ղեկավարները այդ մասին իմացել են լրատվամիջոցներից՝ փաստը կատարվելուց հետո: Արտաքին քաղաքականության մեջ սա ուղղակի աններելի քայլ է, իսկ ներքին կյանքում՝ քաղաքական մենաշնորհի հստակ ապացույց, երբ կարևորագույն որոշումները կայացվում են փակ, գաղտնի, անհասկանալի պայմաններում: Ահա թե ինչ ենք մենք ուզում փոխել, ինչն է ուզում երկրում մեկընդմիշտ փոխել Բարագավաճ Հայաստանը իր քաղաքական գործընկերների հետ միասին:
Որպեսզի մեզ չմեղադրեն պատմության էջերն ավելորդ փորփրելու մեջ, ուղղակի մի հիշեցում ևս անեմ: Սեպտեմբերի 3-ից մեկ օր առաջ, այսինքն՝ սեպտեմբերի 2-ին, երբ դեռ բնականաբար ոչինչ պարզ չէր Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպման արդյունքների մասին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց և ձևակերպեց իր մոտեցումը. «Ռուսաստանը մեր ամենակարեւոր տնտեսական գործընկերն է: Ռուսաստանն այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարեւորագույն ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանում այսօր ապրում է երկու միլիոնից ավելի հայ, որոնք աշխատում են, գումար վաստակում, ուղարկում Հայաստան՝ օգնելով ընտանիքին եւ հարազատներին: Այնպես որ, ես չեմ կարծում, որ որեւէ հայ մարդ կցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Ես չեմ կարող պատկերացնել, որ մեկը կարող է լինել այդպիսին»: Իսկ ավելի ուշ Ծառուկյանը մի քանի անգամ զգուշացնում էր, որ հայ-ռուսական հարաբերություններն այլ խնդիր են, իսկ Մաքսային միություն մտնել-չմտնելը՝ բոլորովին այլ: Կարիք չկար՝ իջեցնելու ռազմակավարական հարաբերությունների նշաձողը մինչև Մաքսային Միություն մտնելու գաղափարը: Ես նորից եմ կրկնում՝ ռազմավարական հարաբերություններն այլ բան են, տնտեսական ինտեգրացիոն համակարգին միանալը՝ այլ: Այստեղ պետք էր կետ առ կետ բանակցել, պաշտպանել Հայաստանի շահերը մինչև վերջին նիշը, պետք էր պաշտպանել Հայաստանի տնտեսական շահերը, հայ սպառողի շահերը: Դրա համար պետք էր ժամանակ, այլ ոչ՝ շտապողականություն: Իսկ ի՞նչ կատարվեց մեզ մոտ: Իշխանական քարոզչամեքենան և քաղաքական մեծամասնության, կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր մի քանի տարի շարունակ գովերգում էին Եվրոպական Միության հետ նախապաստրաստվող համաձայնագիրը, մեկ օրում՝ սեպտեմբերի 4-ից միանգամից դարձան Մաքսային Միության մոլի ջատագովներ: Հարգելի գործընկերներ, ընդունեք՝ սա լուրջ մոտեցում չէ: Սա չի ավելացնում մեր հանդեպ օտարների հարգանքը: Եվ ամենը կատարվում է մեր պետական արժանապատվության հաշվին:
Հասկանալով խնդրի բոլոր նրբությունները՝ ասվածի և չասցվածի բոլոր ենթատեքստերը, նորից կանգ առնեմ ապագա ռիսկերի և հնարավորությունների վրա: Պետք չէ ողբերգություն սարքել այն իրավիճակից, որում մենք հայտնվել ենք: Ընդամենը պետք է գրագետ աշխատել: Հայաստանը կարող է ունենալ տնտեսական օգուտներ ԵՏՄ-ին անդամակցելուց: Մասնավորապես, մենք տնտեսական քաղաքականություն իրականացնելու պարագայում կարող ենք և հնարավորություն ունենք ավելացնել մեր արտահանման ծավալները, հատկապես՝ գյուղմեթերքների վերամշակման մասով, մի շարք ծառայությունների, ֆինանսական միջնորդությունների մասով: Կգործեն միասնական տեխնիկական կանոնակարգեր, սերտիֆիկացում և այլն:
Իհարկե, որոշակի մտահոգություն է առաջացնում նաև 752 զգայուն ապրանքների մասով մաքսատուրքերի պահպանման մեխանիզմը, այն իմաստով, որ դրանից դուրս նույնպես ապրանքներ կան, կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ մեր կողմից պարտավորու-թյունների կատարումը մաքսատուրքերի տոկոսադրույքների ավելացման պարագայում ևս դիտարկման առարկա է և այլն:
Ինտեգրացիոն պրոցեսները փոքր և ռեսուրսներով աղքատ պետությունների համար նոր դռներ են բացում: Բայց դրա համար պետք է արժանապատվորեն բանակցել՝ չգնալ միակողմանի զիջումների: Մենք տեսնում ենք, թե Եվրասիական Միության բոլոր երկրներն ինչ համառությամբ են պաշտպանում իրենց սեփական շահերը, ցավոք սրտի՝ երբեմն էլ՝ մեզ հակառակորդ երկրների շահերը:
Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն, թե Լուկաշենկոյի, թե՛ Պուտինի, ինչու չէ՝ թե՛ Նազարբաևի հետ արժանապատիվ բանակցելու հնարավորությունները: Բայց դրա համար պետք է, որ երկրում վերացվի քաղաքական մենաշնորհը:
Բարգավաճ Հայաստանը դեմ է էմոցիոնալ ռուսամետության, եվրոպամետության կամ ամերիկամետության գաղափարին, որը, ցավոք, ժամանակ առ ժամանակ դառնում է պետական քաղաքականություն: Բարգավաճ Հայաստանը պնդում է, որ երկրում պետք է ձևավորվի հստակ հայամետ, հայաստանակենտրոն, բազմակուսակցական իշխանություն, որն ի զորու կլինի բոլոր մակարդակներում պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը: Ի դեպ, այդպես մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը և մեզ ավելի կհարգեն թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ Միացյալ Նահանգներում:
ԲՀԿ-ն այսօր կողմ է քվեարկելու այս համաձայնագրին, որովհետև այսօր դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին. ամենևին ոչ: Դրանք կարող էին և պետք է լինեին ավելի լավը, մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար, Հայաստանի ապագա հնավարությունների համար, որոնք կարղ են լինել, եթե Հայաստանում իշխանությունները համառորեն և մշտապես պաշտպանեն Հայաստանի Հանրապետության շահերը: Իսկ թե երբ դա կլինի՝ կարծում եմ հասկանում են բոլորը: