▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքի նախարարության նախկին աշխատակիցը հետապնդում է Հրանուշ Հայոբյանին

Հրապարակ.am-ը գրել է. Արդեն տեւական ժամանակ է մի կին, կարելի է ասել, հետապնդում է սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին։ Նա նամակներ է ուղարկում լրատվամիջոցներին, ներկայանալով մեկ՝ որպես Հասմիկ, մեկ՝ Թերեզա, փորձելով «բացահայտումներ» անել նախկին պաշտոնյայի հետ կապված։  Մենք էլ ենք հաճախ ստանում այդ նամակները, իսկ օրերս կրկին մի նամակ ստացանք՝ Թերեզա Հացպանյան ստորագրությամբ։ 

Նա մեղադրում է նախկին  նախարարին գողական աշխարհի հեղինակությունների հետ կապերի՝ Դեդ Հասանի, ինչպես նաև Ալիկ և Արա Բանդուրյանների հետ կապերի համար։
 
«Հրանուշ Հակոբյանի ավագ քույրը` Սեդա Հակոբյանը, ամուսնացած է Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի եղբոր հետ, որի որդուն` Հայկ Հակոբյանին սպանեցին 2017թ. Հունվարին: Ալիկ Բանդուրյանը Անդրանիկ Հակոբյանի քրոջ որդին է և բազմիցս իր քեռու որդու համար փորձել է վրեժ լուծել:
 
Գիտենք, որ Հրանուշ Հակոբյանը կապեր է ունեցել 2013թ. մահացած քրեական հեղինակություն Դեդ Հասանի հետ, որն էլ 2011թ. Ալիկ Բանդուրյանին` Նորատուսցի Ալիկին թագադրել է որպես օրենքով գող», գրված է նամակում: Մյուս մեղադրանքն այն է, որ նախկին նախարարի եղբորորդին՝ Կորյուն Հակոբյանը 2022 թվականից աշխատում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունում, իսկ 2023 թվականին Ռուսաստանից Հայաստան, իսկ Հայաստանից` այլ երկրներ մեծ քանակությամբ ոսկի ու ադամանդներ է արտահանել։ Այսպես՝ «մեղքերի» լայն սպեկտր է վերագրվում սփյուռքի նախկին նախարարին՝ գողական կապերից մինչև ոսկու արտահանում, հանքերի կողոպուտ։ Մենք հետաքրքրվեցինք նախկին նախարարից, թե ով է այս կինը, ինչ առնչություն ունի իր հետ, իր մատնանշած փաստերից որն է իրական և ինքն ինչ կապեր ունի ինքը քրեական աշխարհի հետ։
Հրանուշ Հակոբյանն անմիջապես «տեղը բերեց» հիշյալ տիկնոջը, որի իսկական անունը Լիլիթ է, որը ժամանակին աշխատել է սփյուռքի նախարարությունում` որպես առաջատար մասնագետ, սակայն հետագայում իր ցանկությամբ ազատվել է աշխատանքից։ «Այդ կինը հոգեկան խնդիրներ ունի, և չի ցանկանում բուժվել։ Ես անգամ նրա ծնողների հետ եմ խոսել», - «Հրապարակի» հարցերին պատասխանելով, ասաց սփյուռքի նախկին նախարարը։ Նա պատմեց, որ մի անգամ Լիլիթը /ազգանունը նպատակահարմար չենք գտնում հայտնելու/, 2022 թվականին նույնիսկ գտել է իր տունը, 8 ժամ շարունակ սպասել է դռան մոտ և միայն ոստիկանություն կանչելու ահից դրդված` հեռացել։
«Հայրը եկավ, մայրը եկավ, ամուսինը եկավ, ինչ արեցին` չգնաց», - պատմում է նախկին նախարարը։  Ինչո՞ւմ է նա ձեզ մեղադրում։ «Ինձ ասում է, որ ես մեր տանն ունեմ սարքավորումներ, որոնցով կարողանում եմ հետևել նրա ամեն շարժմանը, հետո սկսում է իմ ընտանիքին կպչել։ Նա ինձ մեղադրում է այն բանի համար, որ ես եթե ուզեի, պատերազմ չէր լինի։ Իդեա ֆիքս ունի, ընդ որում, դա գարնանն է սրվում», - ասում է Հրանուշ Հակոբյանը։
 
Նորատուսցի հեղինակությունների և Դեդ Հասանի հետ իր կապերի մասին լսելով, Հրանուշ Հակոբյանը տխրեց․«Մեղա քեզ, մեղա քեզ, ի՞նչ անեմ, ասեք` ես անեմ․․․ Ինձ տարբեր թերթերից նրա նամակներն են ուղարկում։ Ես նրա մայրիկին ասել եմ՝ տարեք բուժեք ձեր աղջկան, ինձ ասում են, որ նա ոչ մի կերպ չի համաձայնվում բուժվել։
 
Ինչ վերաբերում է էդ տղաներին՝ իմ քույրը ամուսնացած է Հակոբյան Վանոյի որդու հետ, որը մահացել է 61 տարեկանում։ Անդրանիկ Հակոբյանը իմ փեսայի եղբոր տղան է, բայց ես ի՞նչ կապ ունեմ, որ նրա որդուն սպանել են։ Դեդ Հասանը ո՞վ է, ես Հասանի հետ ի՞նչ գործ ունեմ։ Իսկ Նորատուսցի Ալիկին ես մի անգամ եմ տեսել՝ 2008 թվականի սեպտեմբերի կեսն էր, կարծեմ, Տաղավարի օրը մահացավ փեսաս, անունն էլ Խաչիկ էր։ Դեռ նախարար էլ չէի, էդ օրն եմ ես էդ մարդուն տեսել։ Այդ գյուղում բոլորն իրար խնամի, բարեկամ են», - պատմեց Հրանուշ Հակոբյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին