▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքի նախարարության ֆեյսբուքյան էջը չի կարողանում լայքեր հավաքել

Armcomedy.com-ը գրում է. ՀՀ Սփյուռքի նախարարության նորաստեղծ էջը ոչ մի կերպ չի կարողանում լայքեր հավաքել Ֆեյսբուքում։ Այս մասին այսօր հայտարարել է նախարարության մամլո խոսնակ Վարդանուշ Պետրոսյանը. «Արդեն 1 շաբաթ է, ինչ մենք Ֆեյսբուքում նոր էջ ենք բացել, բայց ունենք ընդամենը 7 լայք. դե մեկը իմն ա, մի քանի հատը տնեցիքին եմ խնդրել և այլն…»։

Հակոբյան Հ. «Ինչպե՞ս կարող է չհետաքրքրել, օրինակ մեր վերջին նախաձեռնությունը` դե էն վերջինը էլի…»

Մասնագետների կարծիքով` էջը լայքեր չի հավաքում գլխավորապես այն պատճառով, որ ոչ մեկին չի հետաքրքրում նախարարության գործունեությունը, սակայն նախարարությունում համաձայն չեն այդ կարծիքին։ «Ինչպե՞ս կարող է չհետաքրքրել, օրինակ մեր վերջին նախաձեռնությունը` դե էն վերջինը էլի… էն որ… Մի խոսքով` դուք չեք ուզում լավը տեսնել»,- վրդովված նշել է նախարար Հակոբյան Հ.-ն։

Ֆեյսբուքյան էջի համար պետբյուջեից նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ: Գումարը ծախսվում է հիմնականում ադմինների աշխատավարձի և Ֆեյսբուքյան վճարովի գովազդի վրա, սակայն արդյունքները դեռևս հուսադրող չեն։

Մենք հետաքրքրվեցինք նաև այլ նախարարություններից, թե ինչու իրենք չեն լայքում էջը։ «Ի՞նչ էջ, ի՞նչ Սփյուռքի նախարարություն»,- սկզբում չկարողացավ տեղը բերել Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, բայց հետո հավելեց. «Հաաա, լավ… Դե էսօր մերոնց կասեմ կլայքեն, անձամբ ես Ֆեյսբուքում չկամ»։

 

Բեգլարյան Գ. «Ի՞նչ էջ, ի՞նչ Սփյուռքի նախարարություն»

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ բլոկ է արել էջի ադմինին. «Ես ակտիվ օգտատեր եմ, ինչպես գիտեք, բայց սահմանափակվում եմ օրը 4-5 պոստով… Իսկ իրենք օրական 14-15 հղում են տեղադրում ինչ-որ անհասկանալի հանդիպումների ու գրքերի մասին։ Չդիմացա»։

Սփյուռքի նախարարությունը, սակայն, չի պատրաստվում հանձնվել։ Անձամբ նախարարը արդեն դիմել է վարչապետին, որպեսզի վերջինս կառավարության նիստի ժամանակ հորդորի բոլորին լայքել էջը։ «Եթե դա էլ չօգնի, ստիպված դիմելու ենք ծայրահեղ միջոցների, օրինակ` Քիմ Քարդաշյանի մասին նյութ, հետո «սեղմի՛ր լայք և կիմաս» և այլն… դե գիտեք»,- աչքով տալով նշեց տիկին Վարդանուշը։

Նյութի տպագրման պահին մեզ հայտնեցին, որ էջն ունի արդեն 9 լայք. Գագիկ Բեգլարյանը գրանցվեց Ֆեյսբուքում, և ևս մեկ լայք` Քիմ Քարդաշյանի կողմից` որպես շնորհակալություն։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին