Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած անձը բուժկենտրոնի երկարամյա աշխատակիցն էր` Վահրամ Գասպարյանը, ով մինչև 2018 թ. հուլիսը համատեղությամբ եղել է նաև մանկական պոլիկլինիկայի վարորդ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ այդ աշխատակիցն այսօր աշխատանքի չպետք է լիներ, և թթվածնի բալոնը չի պատկանել ԲԿ-ին:
«Փաստն եմ ասում, որ այդ բալոնը չի պատկանել ԲԿ-ին, վարկածներ չեմ ուզում ասել, փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ ճանապարհով է այդ բալոնը հայտնվել հիվանդանոցի տարածքում և ինչու»,-ասաց նա:
Տնօրենը նշել է, որ թթվածնի արտադրման կայանի տնօրենը պետք է ազատման դիմում գրեր, և նոր աշխատակիցը պետք է ներքին համատեղությամբ համալրեր այդ պաշտոնը: Հովակիմյանն ասել է, որ կայանում ամենօրյա ստուգումներ են անցկացվում, ընդ որում միայն կայանի տնօրենը չի անցկացնում, այլև տնտեսական գծով փոխտնօրենի տեղակալը, ընդունող-հանձնող տեխնիկ-օպերատորները:
Հավելենք, որ պայթյունի հետևանքով նաև վիրավոր կա, նա շուրջօրյա հերթապահություն իրականացնողն է, այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նա, տնօրենի պնդմամբ, վտանգավոր վնասվածքներ չի ստացել, ձախ ուսի հատվածում մի փոքր վնասվածք է ստացել: