«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես վերանում է, փոխարենը ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Մշակույթի նախարարությունից առանձնացվում է մշակութային արժեքների պահպանումը և կցվում կոմիտեին:
Վարչապետը նիստին նշեց, որ թեև մշակույթի նախարարը սա սխալ է համարում՝ գտնելով, որ մշակույթի նախարարությունն այն ավելի լավ կպահպանի, քան ճարտարապետները, բայց այդ մասնագիտացված ոլորտները պետք է միացնել:
Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ՝ պատմամշակութային հուշարձանների հետ քաղաքաշինության խնդիրները դնել նույն կառույցում, նշանակում է վտանգել պատմամշակութային ժառանգության պահպանությունը:
Մեր ունեցած տեղեկություններով՝ վարչապետի որոշումը մշակույթի նախարարության աշխատակիցների զայրույթն է շարժել, քանի որ զգալի եկամուտներ էին ստանում հուշարձանների «պահպանությունից»:
Ի դեպ, դեռևս անհայտ է «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի ճակատագիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում